ՍԵԲԵՈՍ [միջնադարյան աղբյուրներում նաև՝ Սեբիոս, Եվսեբիոս (ծ. և մ. թթ. անհտ, սերել է Բագրատունիների տոհմից)], VII դարի պատմիչ: Եպիսկոպոս: Սեբեոսի մասին կենսագրական տեղեկություններ գրեթե չեն պահպանվել: Հայտնի է, որ նա մասնակցել է 645-ի Դվինի ժողովին: Պարսից Խոսրով II Ափարվեզ արքայի օրոք կարճ ժամանակ ապրել է պարսից արքունիքում: 617-ին (ըստ Ն. Ակինյանի) Տիզբոնից Սմբատ Բագրատունի Վրկանից մարզպանի նշխարները տեղափոխել է Դարույնք ամրոցը (Կոգովիտ գավառում), որտեղ Բագրատունիների տոհմական դամբարանն էր:
Սեբեոսը գրել է «Պատմութիւն» («Պատմութիւն Սեբէոսի եպիսկոպոսի ի Հերակլն») մեծարժեք պատմական երկը, որն ընդգրկում է VI–VII դդ. պատմությունը՝ հասնելով մինչև 661-ը (հնագույն ձեռագրերում հեղինակի անունը և գրքի վերնագիրը պահպանված չեն, Մատենադարան, ձեռ. դ 2639): Հայ պատմիչի երկը արժեքավոր սկզբնաղբյուր է իր ժամանակի Հայաստանի և նրա հարևան երկրների պատմ. անցքերի ուսումնասիրման համար (պարսիկների՝ 614-ի Երուսաղեմի գրավումը, քաղաքի կործանումը, հրեաների վտարումը, կենարար խաչի փոխադրումը Պարսկաստան, Պարսկաստանից՝ Կ. Պոլիս, ապա՝ Երուսաղեմ ու կրկին Կ. Պոլիս, Խոսրով II Ափարվեզի և Հերակլիոսի պարսկա-բյուզադական պատերազմները, արաբների քաղաքական ասպարեզ իջնելը, Սասանյանների անկումը ևն):
Սեբեոսը կարևոր տեղեկություններ է հաղորդել նաև VI–VII դդ. Հայ առաքելական եկեղեցու պատմության վերաբերյալ. նկարագրել է Բյուզանդիայի Մավրիկիոս (Մորիկ) կայսրի բռնարարքները՝ քաղկեդոնական դավանանքի պարտադրում, հայ կաթողիկոսական աթոռի պառակտում, Ավանում հայ. քաղկեդոնական հակաթոռ կաթողիկոսության հիմնում («Պատմութիւն», գլ. ԺԹ), գրել Կոստաս II կայսրի և Կ. Պոլսի պատրիարքի՝ Հայոց կաթողիկոսին և Թեոդորոս Ռշտունի իշխանին հղած նամակի մասին, որտեղ նրանք հորդորել են վերջիններին ընդունել քաղկեդոնական դավանանք: Նամակին պատասխանելու համար Դվինում 648-ին հրավիրվել է ժողով, որին, ինչպես Սեբեոսն է հավաստում, մասնակցել են Հայոց բոլոր նախարարներն ու 70 եպիսկոպոսներ: Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը, ըստ Սեբեոսի, մերժել է դավանական միության բյուզանդական առաջարկը:
Սեբեոսը անդրադարձել է նաև Սասանյան Պարսկաստանի և այլ երկրների քրիստոնեական եկեղեցիներին: Ներկայացրել է Պարսից ժողովը, որտեղ մերժվել են Քաղկեդոնի ժողովի որոշումները և նեստորականությունը: Խոսրով II-ի հրամանով Պարսից տերության մեջ պաշտոնական է ճանաչվել Հայ առաքելական եկեղեցու դավանանքը: Այդ առիթով Սեբեոսը գրել է, որ ժողովի ընթացքի վրա մեծ ազդեցություն են ունեցել պարսից թագուհին՝ ուղղափառ ասորուհի Շիրինը, և Վրկանի մարզպան Սմբատ Բագրատունին:
Սեբեոսի «Պատմության» մեջ հաղորդվում է, որ Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսը հիմնովին նորոգել է Վաղարշապատի Ս. Էջմիածին կաթողիկեն (608), նախկին վկայարանի տեղում (618) կառուցել Ս. Հռիփսիմե վանքը, Ներսես Գ Տայեցին կառուցել է Զվարթնոցի Ս. Գրիգոր կաթողիկեն (Սեբեոսն անվանել է Զվարթնոց):
Սեբեոսի երկից օգտվել են պատմագիրներ Թովմա Արծրունին, Ստեփանոս Տարոնեցին (Ասողիկ), Մխիթար Անեցին, Վարդան Արևելցին, Սիմեոն Ապարանցին և ուրիշներ:
Երկն առաջին անգամ հրատարակել է Թ. Միհրդատյանը՝ «Պատմութիւն ի Հերակլն» վերնագրով, 1851-ին: Երկու անգամ հրատարակվել է ռուսերեն (Ք. Պատկանյանի թրգմ., 1862-ին, Ս. Մալխասյանցի՝1939-ին), ֆրանսերեն (Ֆ.Մակլերի թրգմ., 1904-ին), հատվածաբար՝ գերմաներեն (Հ. Հյուբշմանի թրգմ., 1875-ին):
Մաթևոսյան Ռ.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 900-901:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am