ՍԵՂԱՆ, կրոնական իմաստով՝ 1. սուրբ և սրբարար պատարագամատույց, քառանկյուն շինվածք՝ խորանի կենտրոնում, որի վրա կատարվում է Աստծո Գառի՝ Հիսուս Քրիստոսի հավիտենական Պատարագի խորհուրդը: Սեղան  կոչվում է նաև Աստծո աթոռ, որի վրա անտեսանելիորեն բազմում է Սուրբ Երրորդությունը:

Սեղանը մարմարե տափարակ է՝ կանգնեցված քարե սյան վրա, բոլոր կողմերից օծված է տասներկու տեղերով, իսկ Սեղանի կենտրոնը կոչվում է Սեղանի օծում և գլխավոր գագաթ: Ներկայիս սեղանը, ի տարբերություն հին՝ չորս կողմից բաց սեղանների,միայն առջևի ու երկու կողմերից է բաց, իսկ հետևից դրվում է խաչկալ: Ի տարբերություն բոլոր քրիստոնեական  եկեղեցիների, Էջմիածնի Մայր տաճարը, բացի հիմնական  պատարագամատույց սեղանից, օժտված է նաև Իջման Սուրբ Սեղանով, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի՝ Գրիգոր Ա Լուսավորչին տեսիլքով ցույց տրված իջման տեղը:

Սեղանի վրա մշտապես դրվում է Ատյանի Ավետարանը. դա մեզ հիշեցնում է քրիստոսյան պատվիրաններն ու Ահեղ դատաստանի օրը, երբ Ավետարանով՝ Աստծո Խոսքով, քննվելու են և դատվելու մեր բոլոր խորհուրդներն ու գործերը: Հավատացյալները համբուրում են այն եկեղեցի մտնելիս և արարողության ավարտին:

2. Սեղաններ են կոչվել նաև Հին ուխտի զոհասեղանները, որոնց վրա զոհեր մատուցելով՝ Աստծո ընտրյալ անձինք արտահայտել են իրենց անձերի ընծայումն Աստծուն, կատարել մաքրագործության ակտը՝ մեղքերի քավության և Աստծո հետ հաղորդակցություն հաստատելու համար: Մինչև Մովսեսը Սեղան են պատրաստել և նրանց վրա զոհեր (ընծաներ) մատուցել դեռևս մինչջրհեղեղյան շրջանում, ինչպես՝ արդար Աբելի (Ծննդ. 4.3–5) զոհը:

Ջրհեղեղից հետո Նոյը զոհասեղան է սարքել Մասիսի վրա և զոհ մատուցել:

Մովսիսական Վկայության խորանում և Երուսաղեմի տաճարում առանձնացվել են երեք սեղաններ. մեկը՝ առաջավորության 12 հացերի (Աստծուն նվիրված պատարագ կամ ընծա, որից արտոնված էր ուտել միայն քահանաներին, տես Ելք 25.23–30), երկրորդը՝ խունկ ծխելու (Ելք 30.1–10), իսկ երրորդը՝ զոհեր մատուցելու՝ ողջակեզների համար (Ելք 27.1–8): Ողջակեզի Սեղանը անփուտ սատիմի փայտից էր՝ պղնձապատ, ինչի համար կոչվել է նաև «պղնձե սեղան»: Չորս անկյուններում կային չորս եղջյուրներ, որոնցից բռնող հանցապարտներից ոմանք կարող էին պաշտպանություն գտնել: Խնկարկության Սեղանը նույնպես սատիմի փայտից էր՝ ոսկեպատ: Քահանաները նրա վրա խունկ են ծխել: Հացի Սեղանը նույնպես պատրաստվել է կարծր փայտից և պատվել ոսկով: Նրա վրա մատուցվել է գինի և դրվել առաջավորության հացերը:

                                                                              Սարգսյան Լ.


Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 901:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am