Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Սեպուհ լեռան Ս. Գրիգոր Լուսավորիչ վանք

 ՍԵՊՈՒՀ ԼԵՌԱՆ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ՎԱՆՔ, Հանգիստ Լուսավորչի վանք, Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի Դարանաղյաց և Եկեղյաց գավառների սահմանում՝ Սեպուհ լեռան վրա: Հիմնադրվել է Գրիգոր Ա Լուսավորչի գերեզմանի տեղում: 921-ին կաթողիկոս Հովհաննես Ե Դրասխանակերտցին ուխտագնացություն է կատարել Սեպուհ լեռան Ս.Գրիգոր Լուսավորիչ վանք  և կառուցել եկեղեցի: Վանքը ծաղկել է XIII–XVI դդ., եղել կրթական և գրչության կենտրոն, որտեղ ընդօրինակվել են բազում ձեռագրեր: 1590–97-ին վանքի կրոնավոր է եղել Գրիգոր Դարանաղցին: 1439-ին ակկոյունլու ցեղախումբը կողոպտել է վանքը, և միաբանութունը որոշ ժամանակ ցրվել է: XVII դ. Սեպուհ լեռան Ս.Գրիգոր Լուսավորիչ վանքը  տուժել է ջալալիների ասպատակություններից և անկում ապրել: XIX դ. ունեցել է ընդարձակ կալվածքներ (գյուղեր, անտառներ, վարելահողեր), եղել նշանավոր ուխտատեղի (ուխտագնացության օրը Գրիգոր Ա Լուսավորչի տոնի օրն էր): 1895-ին վանքը կողոպտվել է և լքվել: 1939-ին զգալիորեն ավերվել է երկրաշարժից:

Աղյուսաշեն բարձր պարսպով շրջապատված վանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ դամբարան-եկեղեցին («Հանգիստ Լուսավորչի») համալիր կառույց է՝ բաղկացած արլ. կողմում դրսից և ներսից կիսաշրջանաձև խորանով ու գմբեթով պսակված բուն դամբարանից (գմբեթը քանդված է), որին հվ-ից և հս-ից կից են ավանդատները: Դամբարանին ու ավանդատներին արմ-ից կից է քառասյուն, եռանավբազիլիկ՝ արլ-ում խորանով, որը, փաստորեն, գավթի դեր է կատարում: Դամբարանից հս-արլ. գտնվում է գմբեթավոր դահլիճի հորինվածքով Ս. Ամենափրկիչ եկեղեցին (գմբեթը չի պահպանվել): Նրա հվ. կողմում «Բարեհամ» կոչվող աղբյուրն է, որը, ըստ Ներսես Շնորհալու հիշատակած ավանդության, բխեցրել է Գրիգոր Ա Լուսավորիչը: Ս. Ամենափրկիչ եկեղեցու հվ-արլ. կողմում է գտնվում ս. Հռիփսիմյանց կույսերից Մանեի քարանձավը (Մանյա այրքը), որտեղ հետագայում ճգնել է Գրիգոր Ա Լուսավորիչը:

 

                                                                                            Հասրաթյան  Մ.  

 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 901-902:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am