ՍԵՎ ԼԵՌԱՆ ԺՈՂՈՎ 1113, գումարվել է Կիլիկյան Հայաստանի Սև լեռան Քեսունի Կարմիր վանքում, կաթողիկոսական աթոռի համար Գրիգոր Գ Պահլավունու և Աղթամարի եպիսկոպոս Դավիթ Արծրունու վեճի առիթով: Նորընտիր կաթողիկոս Գրիգոր Գ Պահլավունու դեռահասությունը պատրվակ դարձնելով՝ Դավիթ եպիսկոպոսը Վասպուրականի Ձորավանքում համախոհ հինգ եպիսկոպոսների կողմից ձեռնադրվել էր հակաթոռ կաթողիկոս: Վերջինս, ի հակադրություն Կիլիկյան Հայաստանի, ջանում էր ճանաչում գտնել բուն Հայաստանում: Սև լեռան ժողովը  (մասնակցել են 2500 եպիսկոպոսներ, վարդապետներ, իշխաններ, աշխարհականներ) օրինական կաթողիկոս է ճանաչել Գրիգոր Գ Պահլավունուն: Սակայն Դավիթ եպիսկոպոսը, մերժելով Սև լեռան ժողովի որոշումը, Աղթամարում հիմնադրել է կաթողիկոսություն (տես Աղթամարի կաթողիկոսություն): Սև լեռան ժողովում ընդունվել է եկեղեցական նոր կանոն, ըստ որի, Հայոց կաթողիկոսի ընտրությունը վավերական է համարվել միայն բուն Հայաստանի չորս եպիսկոպոսական մեծ աթոռների (Բջնու, Հաղպատի, Արտազի, Տաթևի) համաձայնության դեպքում:

 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 902:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am