ՍԵՎԱՆԱՎԱՆՔ, Սևանի  անապատ, հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը՝ 305-ին, Սևանա լճի կղզում (այժմ՝ թերակղզի) և հեթանոսական մեհյանի տեղում կառուցել Ս. Հարություն եկեղեցին: IX դ. Սևանի վանական կյանքի վերածնունդը կապված է ՍևանավանքՄաշտոց Եղիվարդեցի վարդապետի (ապագա կաթողիկոս Մաշտոց Ա Եղիվարդեցի) գործունեության հետ: Նա հիմնել է Ս. Առաքելոց միաբանությունը և 874-ին Իշխանաց իշխան Աշոտ Բագրատունու դուստր, Սյունիքի Վասակ Գաբուռ իշխանի կին Մարիամի միջոցներով կառուցել Ս. Կարապետ և Ս. Առաքելոց եռախորան, խաչաձև գմբեթավոր եկեղեցիները (դրանք այն 30 եկեղեցիներից էին, որ իշխանուհին ուխտել էր կառուցել իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին): Հվ-արլ. անկյունում ավանդատնով Ս. Առաքելոց եկեղեցին ունի տրոմպային փոխանցումով կառուցված 8-նիստ թմբուկով գմբեթ, իսկ Ս. Աստվածածին եկեղեցին արլ.կողմում ունի երկու ավանդատներ, որոնցից հս-արլ. հավելվել է հետագայում: Արմ. կողմում կցվել է քառասյուն գավիթ, որը հնագույններից է (կանգուն է եղել մինչև 1930-ական թթ.): Գավթի սյուները պսակվել են հայկական կիրառական արվեստի արժեքավոր նմուշներ փայտե քանդակազարդ խոյակներով (այժմ՝ ՀՊՊԹ-ում և ՍՊԲ Էրմիտաժում): Սևանավանքը առաջնորդվել է Բարսեղ Կեսարացու համակեցության 9 կանոններով: Միաբանները զբաղվել են Սուրբ Գրքի ընթերցանությամբ և դրանց ընդօրինակությամբ: 874-ին Աշոտ Բագրատունին վանքին է նվիրաբերել 6 գյուղ, այգիներ Գառնիում և Երևանում: Մաշտոց Ա Եղիվարդեցին բացել է դպրոց ու հարստացրել վանքի մատենադարանը: XV դ. Սևանավանքում Դանիել վարդապետը բացել է Սևանի վարդապետարանը: XVII դ. համահայկականՍ. Առաքելոց եկեղեցի անապատական կյանքի վերածննդի տարիներին Սևանավանքը  գործել է որպես անապատ, որտեղ բացի Բարսեղ Կեսարացու համակեցության կանոններից կիրառվել են նաև Սարգիս Սաղմոսավանեցու կազմած 7 կանոնները: Միաբաններն ուսումնասիրել են նաև արտաքին գիտությունները (փիլիսոփայություն, քերականություն, տոմար):

XVII դ. կեսին թիֆլիսցի Չիթաղյան եղբայրների միջոցներով վերանորոգվել են միաբանության եկեղեցիները: XVII դ. կղզու արմ. ստորոտին կառուցվել է Ս. Աստվածածին բազիլիկ եկեղեցին: Սևանավանքում ապրել ու գործել են կաթողիկոս Սարգիս Ա Սևանցին, կաթողիկոս ու պատմիչ Հովհաննես Ե Դրասխանակերտցին, 1692-ից, երկու տարի միաբանությունում է մնացել Մխիթար Սեբաստացին: 1825-ին Սևանավանքում Զաքարիա Գուլասպյան Տփխիսեցին վանքի առաջնորդ Սարգիս վարդապետի պատվերով գրել է Սևանավանքին նվիրված առաջին մենագրությունը:

1828-ին Էջմիածնի Սինոդի անդամ Մանվել Կյումուշխանեցին ավարտել է Սևանավանքի միաբանության պատմության շարադրանքը: 1840-ական թթ. կղզի է այցելել Հովհաննես եպս. Շահխաթունյանցը, ուսումնասիրել և իր գրքում հատուկ գլուխ հատկացրել Սևանավանքի պատմությանը:

Սևանավանքի սարկավագների և դպիրների ուսումնառության կարիքները հոգալու նպատակով, կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու հրամանով, 1869-ին կղզում բացվել է հոգևոր դպրոց, որի ուսուցիչները Էջմիածնի Գևորգյան ճեմարանի դասախոսներն էին (դպրոցն իր գործունեությունը շարունակել է մինչև 1880-ը): 1895-ին Սևանավանքի վերջին վանահայրը Սարգիս Փիլոյան դպիրն էր, որը ևս գրել է վանքի պատմությունը և հրատարակել: 1898-ին Ավետիս Ղուկասյանի բարերարությամբ դպրոցական շենք է կառուցվել:

Սևանավանքը մինչև 1830-ը առանձին միավոր էր, որից հետո մտել է Երևանի կոնսիստորիայի իրավասության տակ: 1901-ին կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու (Խրիմյան Հայրիկ) կոնդակով Սևանավանքը վերածվել է աղոթատեղիի: Ս. Կարապետը, Ս. Առաքելոցը, Ս. Աստվածածինը որպես գործող եկեղեցիներ գոյատևել են մինչև 1930-ական թթ., այնուհետև փակվել են, իսկ Ս. Աստվածածին եկեղեցին քանդվել է: Այսօր Ս. Կարապետ և Ս. Առաքելոց եկեղեցիները գործող են:

Սևանավանքի վարդապետարանը հիմնել է Դանիել վարդապետը 1451-ին: Հաջորդել է Տաթևի համալսարանին՝ կոչվելով Արևելյան տան վարդապետարան, իսկ նրա ղեկավարը՝ «Րաբունապետ համայն ազգի»: Դանիել վարդապետը Տաթևի վարդապետարանի սանն էր, սովորել էր Շմավոն րաբունապետի մոտ, ապա՝ Էջմիածնի դպրատանը: Վարդապետարանը ղեկավարել է մինչև XVI դ. սկիզբը: Սևանավանքում Դանիել վարդապետի սաներն են եղել Ներսեսը (հետագայում՝ Սևանավանքի առաջնորդ), Հորդանան վարդապետը (Տաթևի վանքի ապագա առաջնորդ), Գալուստ վարդապետը (Հովհաննավանքի ապագա առաջնորդ) և ուր.: Սևանավանքի վարդապետարանում սովորել են Աբրահամ Սևանցի, Գրիգորիս արքեպիսկոպոս, Սահակ վարդապետ ծաղկողները: Վարդապետարանի ուսումնական ծրագիրը կրկնել է Տաթևի համալսարանի ծրագիրը: 1990-ին բացվել է Սևանավանքի դպրանոցը և Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի անունով կոչվել Վազգենյան հոգևոր դպրանոց:


                                                                                  Ղազարոսյան Ա.  

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 902-903:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am