ՍԵՎԵՐԻՈՍՅԱՆՆԵՐ, քրիստոսաբանական վարդապետության հետևորդներ, որի հիմնադիրը Սևերիոս Անտիոքացին է (465–538)՝ հակաքաղկեդոնական պայքարի ամենանշանավոր աստվածաբաններից մեկը: 512–518-ին եղել է Անտիոքի պատրիարքը: Բյուզանդական կայսր Հուստինոս I-ի (518–527) օրոք, երբ վերսկսվել են հալածանքները Քաղկեդոնի ժողովը մերժողների դեմ, Սևերիոս Անտիոքացին 518-ին մի շարք հայտնի եպիսկոպոսների հետ աքսորվել է Ալեքսանդրիա: Աքսորյալների մեջ էր նաև Հալիկառնասի Հուլիանոս եպիսկոպոսը, որի հետ Սևերիոս Անտիոքացին վեճի է բռնվում Տիրոջ մարմնի անապականության շուրջ:

Ըստ Սևերիոս Անտիոքացու՝ Տիրոջ մարմինն ապականացու է, կամ Հիսուս Քրիստոսը սովորական մարդկանց պես ակամա և հարկադրաբար է կրել մարդկային կրքերը: Ապականության և անապականության եզրերն այդ վիճաբանության (տես նաև Հուլիանոսականներ) մեջ կիրառվում էին ոչ թե Տիրոջ մարմնի քայքայման կամ ոչ քայքայման իմաստով (բոլորն էլ համաձայն էին, որ Տիրոջ մարմինը ենթակա չէ մեղքի և քայքայման), այլ՝ Փրկչի մարդկային կիրընդունակության ակամա և կամովի լինելու իմաստով: Հարցն այն մասին էր, թե որքանով են Քրիստոսին բնորոշ մարդկային, այսպես կոչված՝ անմեղ (անանգոսնելի, անպարսավելի) կրքերը՝ տխրություն, երկյուղ, սով, ծարավ ևն, որոնք դիտարկվում են որպես մեղքի հետևանքային վիճակներ: Հայ եկեղեցին կտրականապես մերժել է Սևերիոս Անտիոքացու «ապականության» ուսմունքը: VI–VIII դդ. «ապականության» հետևորդների դեմ սուր պայքար է ծավալվել, որը եզրափակվել է 726-ի Մանազկերտի եկեղեցական ժողովով: Ըստ եկեղեցու հայրերի՝ Քրիստոսը մարդկային կրքերը կրում է կամավորապես և ոչ «ի հարկէ», առանց բնության բռնադատվածության: Քրիստոսի երկրային կյանքը փրկական տնտեսություն է և զերծ պատահականություններից: Քրիստոսը մեր փրկության համար կրել է բոլոր մարդկային տկարությունները և ազատորեն անցել մարդկային կրքերի միջով՝ դատապարտելով մեղքը մարմնի մեջ և ազատելով մարդկանց մեղքի իշխանությունից:

Սևերիոս Անտիոքացու գործերը մեծ մասամբ պահպանվել են (125 ճառ, 400 նամակ), հիմնկանում՝ ասորերեն թարգմանություններով, սակայն ամբողջությամբ հրատարակված չեն:

                                                                           քհն. Արամյան  Մ.  

 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 903-904:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am