ՍԻՄԵՈՆ Ա ԵՐԵՎԱՆՑԻ (1710, Երևան –26.7.1780, Վաղարշապատ, ամփոփվել է Ս. Գայանե վանքի գավթի հվ. կողմում), Ամենայն հայոց կաթողիկոս 1763-ից: Հաջորդել է Հակոբ Ե Շամախեցուն: Ուսանել, ապա դասավանդել է Էջմիածնի Մայր աթոռի դպրոցում: Եղել է Էջմիածնի նվիրակ Կ. Պոլսում և Մադրասում: Կաթողիկոս ընտրվելուց հետո ամրապնդել է Էջմիածնի կաթողիկոսության քաղաքական դերը, հեղինակությունն ու նյութական բարեկեցությունը, հետևողական պայքար մղել Հայ եկեղեցու միասնության համար, դադարեցրել կաթոլիկության քարոզները Ախալցխայում, Ալաշկերտում, Բայազետում: Մեծ ջանքեր է գործադրել Գանձասարի կաթողիկոսության նկատմամբ Էջմիածնի իրավունքները պահպանելու, մահմեդական իշխողների ոտնձգություններից Հայ եկեղեցին պաշտպանելու ուղղությամբ: Սիմեոն Ա Երևանցու գործուն միջամտությամբ դադարեցվել է Արցախում ինչպես հակաթոռ կաթողիկոսների միջև եղած պայքարը, այնպես էլ նրանց անհնազանդությունը Մայր աթոռի հանդեպ: Իրանական և թուրքական տիրապետության պայմաններում, քաղաքական նկատառումներով ստիպված է եղել դատապարտել Հայաստանի ազատագրման Հովսեփ Էմինի ծրագիրը, ապա նաև Մադրասի խմբակի գործունեությունը: Սակայն դեմ չի եղել Հայաստանի ազատագրմանը որևէ հզոր քրիստոնյա պետության օգնությամբ և այդ նպատակով կապ է հաստատել ռուսական արքունիքի հետ: Էջմիածնի կաթողիկոսության իրավունքը Ռուսա-հայոց թեմի նկատմամբ վերականգնելու համար 1766-ի օգոստոսի 1-ին, Դավիթ վարդապետի գլխավորությամբ, պատվիրակություն է ուղարկել Սանկտ Պետերբուրգ՝ Եկատերինա II կայսրուհուն ուղղված կոնդակով: Կայսրուհին 1768-ի հրովարտակով հաստատել է Էջմիածնի Մայր աթոռի իրավասությունը Ռուսահայոց թեմի նկատմամբ: Այդ վիճակն ամրապնդելու համար Սիմեոն Ա Երևանցին 1773-ին Ռուսահայոց առաջնորդ է կարգել Հովսեփ արք. Արղությանին:
Սիմեոն Ա Երևանցին հեղինակ է կրոնական, փիլիսոփայական, պատմական բնույթի մի շարք երկերի: Հայ պատմագրության աչքի ընկնող երկերից է 25 գլխից բաղկացած նրա «Ջամբռ» (1873) աշխատությունը, որտեղ համառոտակի շարադրել է Հայ եկեղեցու պատմությունը, նախորդ կաթողիկոսների գահակալման տարիները, հակաթոռ կաթողիկոսությունների և պատրիարքությունների անջատողական գործունեության հասցրած վնասը ևն: Մի շարք գլուխներում ներկայացրել է Հայոց տերունի (Մայր աթոռին անմիջաբար հարկատու) և առաջնորդական վիճակները, դրանց սահմանները, բնակավայրերը, հասույթների գանձման կարգը, կաթողիկոսի իրավունքներն ու արտոնությունները, Աղվանից (Գանձասարի), Աղթամարի և Կիլիկիայի կաթողիկոսությունների սահմանափակ իրավասությունները: Երկի 20–24-րդ գլուխներում բերված են Հայ եկեղեցուն իրանական և թուրքական իշխանությունների շնորհած հրովարտակների, հրամանագրերի, պաշտոնագրերի բովանդակությունը:
Վերջին գլուխը նվիրված է Երևանի խանության 21 վանքերին: Սիմեոն Ա Երևանցին գրել է նաև դավանաբանական [«Գիրք որ կոչի Պարտավճար» (1779)], փիլիսոփայական («Համառօտ լուծմունք Պորփիւրի», Մատենադարան, ձեռ դ 1818, թ. 4ա–36ա, «Մեկնութիւն Պրոկղի», ձեռ. դ 2573,թ. 1ա–164ա, «Լուծմունք արտաքին գրեանցն», ձեռ. դ 1817, թ. 43բ–49ա, 51բ–113բ, 114ա–150բ), քարոզխոսական (Մատենադարան, ձեռ. դ 2212, 2314) երկեր, եկեղեցական, հայրենասիրական, հայ ժողովրդի ծանր ներկան ողբացող տաղեր և աղոթքներ («Գիրք աղօթից, որ կոչի Զբօսարան հոգեւոր», 1772): Լրացրել, կարգավորել և հրատարակել է Հայ եկեղեցու «Տօնացոյցը» (հ. 1, 2, 1774)՝ ծեսերի ու արարողությունների մեջ միաձևություն մտցնելու նպատակով: Այն գործադրվել է 1777-ի սկզբից:
Կաթողիկոսական գահին Սիմեոն Ա Երևանցուն հաջորդել է Ղուկաս Ա Կարնեցին:
Չոբանյան Պ.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 904-905:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am