ՍԻՄԵՈՆ ՋՈՒՂԱՅԵՑԻ (1595–1600, Հին Ջուղա – 27.2.1657, Եվդոկիա), փիլիսոփա, տրամաբան, քերական, մանկավարժ: Սկզբնական կրթությունն ստացել է Նոր Ջուղայում, 1620-ից աշակերտել տեղի հոգևոր առաջնորդ Խաչատուր Կեսարացուն՝ Ս. Ամենափրկիչ վանքին կից նրա բացած դպրոցում:

1629-ի վերջին Խաչատուր Կեսարացին՝  որպես Էջմիածնի նվիրակ, իր երեք աշակերտների հետ, որոնց թվում նաև Սիմեոն  Ջուղայեցին, մեկնել է Լեհաստան: Ճանապարհին նրանք այցելել են Կեսարիա, Կ. Պոլիս, Ղրիմ և հայաշատ այլ վայրեր: Լվովում ականատես են եղել լեհահայերի բռնի կաթոլիկացման փորձերին: Լեհահայոց հոգևոր առաջնորդը և նրա աջակից կաթոլիկ միսիոներները զգալով, որ լեհահայերի կաթոլիկացմանն ընդդիմացող Էջմիածնի պատվիրակները մեծ համբավ ու հեղինակություն են ձեռք բերել ժողովրդի շրջանում և խոչընդոտել են իրենց հայակործան գործունեությանը, նրանց վարկաբեկելու դիտավորությամբ կազմակերպել են դավանաբանական և գիտական բանավեճ, որտեղ ի հայտ են եկել հայաստանցիների կրթական  ցածր մակարդակն ու գիտելիքների պակասը, և Էջմիածնի պատվիրակները պարտված վերադարձել են Հայաստան: 1631-ի սկզբին Խաչատուր Կեսարացին, Սիմեոն  Ջուղայեցին և Ոսկան Երևանցին սկսել են ուսանել ճանաչված փիլիսոփա ու մանկավարժ Մելքիսեթ Վժանեցու մոտ: 1631-ի աշնանը Խաչատուր Կեսարացին և Սիմեոն  Ջուղայեցի մեկնել են Նոր Ջուղա, որտեղ մանկավարժ. գործունեությանը զուգընթաց Սիմեոն  Ջուղայեցի զբաղվել է ինքնակրթությամբ, մասնակցել Խաչատուր Կեսարացու հայկական տպարանի հիմնման (1638) ու հետագա աշխատանքներին: Շուրջ երեք տարի խորամուխ լինելով «արտաքին գիտությունների» մեջ՝ Ս. Ամենափրկիչ վանքի դպրոցում դասավանդել է քերականություն և փիլիսոփայություն: Տպարանը փակվելուց հետո Սիմեոն  Ջուղայեցին, Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսի հրավերով եկել է Հայաստան: 1641-ին կարգվել է վարդապետ և դասավանդել Հովհաննավանքի դպրոցում, ապա դպրոցի հետ Հովհաննավանքից տեղափոխվել Էջմիածին: Հավանաբար 1641–43-ի ընթացքում եղել է Կ. Պոլսում և կրոնադավանաբան. հարցերի շուրջ վեճի բռնվել հայագետ, կաթոլիկ միսիոներ Գալանոս Կղեմեսի հետ: Վերջինս խոստովանել է, որ Սիմեոն  Ջուղայեցին ունեցել է «ամենիմաստ վարդապետի» համբավ և շատ հետևորդներ: Իր «յոյժ բարեբարոյ, հեզահոգի և անըննընչասէր» բարքի համար Երևանի բնակչության և հոգևորականության պահանջով 1640-ական թթ. կեսին Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսը Սիմեոն  Ջուղայեցուն նշանակել է նրանց հոգևոր առաջնորդ (հավանաբար, այդ առիթով էլ ձեռնադրել եպիսկոպոս), և նա տեղափոխվել է Հավուց թառ վանքը:

Կրոնադավանաբան. ըմբռնումներով Սիմեոն  Ջուղայեցին պաշտպանել է Հայ առաքելական եկեղեցու ինքնուրույնությունը: Մարտնչել է վերաբորբոքված միարարական շարժման (տես Ունիթորություն) դեմ, ղեկավարել հակամիարար. պայքարը, նպաստել հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության բարձրացմանը: Փիլիսոփայության հարցերում Սիմեոն  Ջուղայեցին եղել է Արիստոտելի, Նեմեսիոս Եմեսացու, Պրոկղ Դիադոխոսի, Դավիթ Անհաղթի, Գրիգոր Տաթևացու հետևորդը, վերականգնել ու շարունակել հայ իմաստասիրության դարավոր ավանդները: Նա ընդունել է Աստծո գոյությունն ու արարչագործությունը, բնության համեմատությամբ Աստծո առաջնային լինելը: Բնության ու Աստծո փոխհարաբերության հարցը քննելիս հայտարարել է, թե Աստված բնությունը և ամեն ինչ ստեղծել է ոչնչից: Թեև նա այն կարծիքին է, որ աշխարհում ամեն ինչ կատարվել է Աստծո գիտությամբ, սակայն չի ժխտել նաև բնության մեջ պատճառակցական կապերի գոյությունը: Նրա ըմբռնմամբ, Աստված ոչ միշտ ու ամենուր է արարիչ. նա այդպիսին է միայն ի սկզբանե, այսինքն՝ բնության ստեղծման գործում, իսկ դրանից հետո բնությունը սկսում է զարգանալ իր ներքին օրենքներով ու օրինաչափություններով: Սիմեոն  Ջուղայեցին անսկիզբ ու անվախճան է համարել միայն Աստծուն, իսկ մնացածը Աստծո ստեղծածն է, այսինքն՝ սկիզբ ունի: Եվ հետո, թեև Աստված է ստեղծել բնությունը, բայց դրանք իրարից բացարձակապես կտրված ու մեկուսացած չեն, այլ Աստված բնության մեջ է, ինչպես ընդհանուրը՝ առանձինների, իսկ անձը՝ մարմնի մեջ:

Հոգու և մարմնի փոխհարաբերության հարցը քննելիս Սիմեոն  Ջուղայեցին գտնում է, որ չի կարելի հոգին ու մարմինը շփոթել կամ նույնացնել միմյանց հետ: Աստված դրանք ստեղծել է միաժամանակ, որովհետև մեկն առանց մյուսի գոյություն ունենալ չի կարող: Մարմինը չի կարող լինել առանց հոգու ներգործության, իսկ հոգին, օժտված լինելով ներգործելու զորությամբ, կդադարի գոյություն ունենալ, եթե չունենա ներգործելու համապատասխան օբյեկտ, որը հենց մարմինն է: Հոգու միջոցով է մարդն սկսում գոյություն ունենալ և որևէ գործ կատարել, այլ կերպ ասած, հոգին է ակտիվության աղբյուրն ու կրողը: Ըստ նրա, հոգին կատարյալ է ու անփոփոխ, իսկ մարմինը՝ անկատար ու փոփոխական, ուստիև՝ վախճանական: Սիմեոն  Ջուղայեցին ընդունել է մարդկային հոգու անվախճան լինելը: «Հոգիք մարդկան սերելով լինին, սակայն յետ եղելութեան են անշարժ, մշտնջենաւոր և անվախճան» (Սիմեոն Ջուղայեցի, Մեկնութիւն Պրոկղի, Մատենադարան, ձեռ. դ 2297):

1637-ին Սիմեոն  Ջուղայեցիին գրել է իր մեծարժեք աշխատությունը՝  «Գիրք, որ կոչի քերականութիւն» (հրտ. 1725): Փոքրածավալ այս դասագիրքը, փաստորեն, հայոց լեզվի առաջին հայերեն ամբողջական քերականությունն է, որտեղ հեղինակը ինքնուրույն քննարկել է հայերենի հնչյունաբանությունը, բառագիտությունը, ձևաբանությունն ու շարահյուսությունը: 1649-ին (ըստ Ն. Ակինյանի) գրել է մյուս կարևորագույն աշխատությունը՝  «Գիրք տրամաբանութեան» (հրտ. 1728), որը դարձել է XVII–XVIII դդ., անգամ XIX դ. սկզբների հայկական դպրոցների հիմնական դասագիրքը, իսկ XVIII դ. թարգմանվել է վրացերեն: Այն պարունակում է գոյաբանական, իմացաբանական, լեզվաբանական և այլ հարցեր:

Սիմեոն  Ջուղայեցին  առաջինն է հայ իրականության մեջ փորձել տրամաբանությունը զատել քերականությունից և դարձնել ինքնուրույն գիտություն:

Հիմնականում դա նրան հաջողվել է, թեև քերականությանը տվել է ռացիոնալիստ-տրամաբանական  թեքում, իսկ տրամաբանության մեջ հաճախ նույնությամբ պահպանել քերական. ձևակերպումները: Սիմեոն  Ջուղայեցի խմբագրել է V դ. հույն փիլիսոփա, նորպլատոնական Պրոկղ Դիադոխոսի «Շաղկապք աստուածաբանականք» երկի և նրան կից ոմն Օմելախոսի մեկնությունների՝ Սիմեոն Պղնձահանեցու վրացերենից հայերեն կատարած թարգմանությունը, ինչպես նաև գրել Պրոկղ Դիադոխոսի աշխատության մեկնություն (Մատենադարան, ձեռ. դ 2304 ևն), որը XVIII դ. թարգմանվել է վրացերեն: Սիմեոն  Ջուղայեցու գրչին են պատկանում նաև «Արտադրութիւն վասն անձին մարդոյանավարտ» փիլիսոփայական երկը (մասնակի հրտ. 1728, լրիվ՝ 1794, որպես «Գիրք տրամաբանութեան» աշխատության հավելված), հիշատակարաններ (Մատենադարան, ձեռ. դ 4064), տաղեր (Մատենադարան,ձեռ. դդ 1721, 2389):

                                                                                            Միրզոյան Հ.

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 906-907:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am