ՍԻՄԵՈՆ ԼԵՀԱՑԻ, Սիմեոն Զամոսցացի, Սիմոն Միկլայովիչ [1584, ք. Զամոսց (Լեհաստան) – 1637, Լվով], գրիչ, ուղեգրող, բանաստեղծ, մանկավարժ: Սովորել է ծննդավայրի հայկական վարժարանում, եղել տաղերգու և գրիչ Հակոբ Թոխաթցու սանը: Ուսումը շարունակել է Կ. Պոլսում, աշակերտել Գրիգոր Կեսարացուն, կաթողիկոս Մովսես Գ Տաթևացուն, Ազարիա Սասնեցուն (1608–11), ստացել դպրի աստիճան: 1608–19-ին ճանապարհորդել է Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Հս. Աֆրիկայի երկրներում, այցելել Հայաստան: 1624–36-ին հաստատվել է

Լվովում, տեղի հայկ. դպրոցում եղել ուսուցիչ, զբաղվել է գրչությամբ, գրական աշխատանքով: Սիմեոն Լեհացու երկասիրություններից արժեքավոր է հատկապես «Ուղեգրությունը», որն իր ձևով ու բովանդակությամբ եզակի երևույթ էր միջնադարյան գրականության մեջ: Հեղինակը հետաքրքրական տեղեկություններ է հաղորդել հայկական գաղթավայրերի, Հայաստանի քաղաքական և սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքի վերաբերյալ, անդրադարձել Հայ եկեղեցու պատմությանը, նկարագրել այցելած եկեղեցիներն ու վանքերը, ներկայացրել եպիսկոպոսներին, վարդապետներին, քահանաներին, ծանոթացրել եկեղեցու վիճակին, դպրոցական գործի դրվածքին:

«Տարեգրություն»-ում, որն առաջինի շարունակությունն է, շարադրել է Լեհաստանի պատմության 1623–35-ի կարևորագույն իրադարձությունները, մեծ տեղ հատկացրել լեհահայ համայնքին, այնտեղ ծագած դավան. խնդիրներին: Հայ եկեղեցու պատմության ուսումնասիրման

համար ուշագրավ է «Վիպասանություն» երգիծական պոեմը (զետեղվել է Ղ. Ալիշանի հրատարակած «Կամենից. Տարեգիրք...» երկում, 1896): Ուղղված է կաթոլիկական գաղափարախոսության և Լեհաստանի հայկական համայնքի հոգևոր առաջնորդ Նիկոլ Թորոսովիչի շահատակությունների դեմ: Պատմական  մեծ արժեք ունեն Սիմեոն Լեհացու հիշատակարանները: Վարդան Արևելցու «Մեկնութիւն Հնգամատենին» (ընդօրինակել է Սիմեոն Լեհացուն) երկում թողած հիշատակարանում (1636) նա նկարագրել է Մելքիսեդեկ աթոռակից կաթողիկոսի Լվով ժամանելու, Նիկոլ Թորոսովիչին առաջնորդ կարգելու և այդ ամենի հետ կապված իրադարձությունները: Ըստ Սիմեոն Լեհացու՝ սեփական պետականության բացակայության պայմաններում հայերի գլխ. խնդիրը գոյատևումն է՝  մայրենի լեզվի, դպրոցի, Հայ առաքելական եկեղեցու ավանդույթների և ինքնուրույնության պահպանմամբ: Այս և հակակաթոլիկական հայացքների համար հալածվել է, բանտարկվել: Սիմեոն Լեհացին ընդօրինակել է բազում ձեռագրեր (պահպանվել են 12-ը):

                                                                               

                                                                                            Հովհաննիսյան  Պ.  

 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 905:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am