ՍԻՆՈԴ (հուն. συvνοδος – հավաքույթ, ժողով), բարձրաստիճան հոգևորականների ժողով մի շարք ուղղափառ և բողոքական եկեղեցիներում: Ռուսաստանում ստեղծվել է 1721-ին՝ որպես Ռուս ուղղափառ եկեղեցու կառավարման բարձրագույն մարմին (Սրբազան Սինոդ), որը փոխարինել է վերացված պատրիարքությանը: Սինոդի իրավասության ներքո գտնվել են զուտ եկեղեցական հարցեր (եկեղեցական դոգմաների մեկնաբանություն, ծիսակատարությունների, աղոթքների կարգադրում ևն), եկեղեցական պատժիչ բնույթի գործեր (պայքար հերձվածողների և աղանդավորների դեմ, եկեղեցական բանտերի և գրաքննության վարույթ), եկեղեցավարչական և տնտեսական կառավարումը (եկեղեցական պաշտոնյաների նշանակում և ազատում, եկեղեցական գույքի տնօրինում), հոգևորականների դատական գործը: Սինոդի անդամներին բարձրագույն հոգևորականներից նշանակել է ռուսական կայսրը:
Խորհրդային կառավարության առաջին դեկրետներից մեկով Սինոդը, որպես պետական մարմին, վերացվել է, ապա՝ Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարքության վերականգնումից (1917) հետո, վերստեղծվել է որպես պատրիարքին կից զուտ եկեղեցական, խորհրդակցական մարմին՝ կազմված բարձրաստիճան հոգևորականներից:
Արլ. Հայաստանը Ռուսաստանի տիրապետության տակ անցնելուց (1828) հետո, ըստ «Պոլոժենիե»-ի (Գլ. Գ. Յաղագս Լուսավորչական Հայոց Սիւնհոդոսին Էջմիածնի, հոդվ. 33–54), 1837-ի փետրվարի 22-ին ստեղծվել է նաև Ամենայն հայոց կաթողիկոսին կից Սինոդ: Այն բաղկացած էր ութ հոգուց՝ Ս. Էջմիածնի միաբանության անդամ չորս եպիսկոպոսներից և չորս վարդապետներից: Կաթողիկոսը Կովկասի կառավարչի միջոցով կայսրին է ներկայացրել Սինոդի անդամի յուրաքանչյուր տեղի համար երկու թեկնածու, և կայսրը հաստատել է նրանցից մեկին: «Պոլոժենիե»-ն կազմողները նկատի են ունեցել ցարական իշխանության դիրքորոշումը Ռուս եկեղեցու նկատմամբ: Այստեղ կայսրը եղել է եկեղեցու գլուխ և կառավարել այն իր հրամաններով ու պաշտոնաբաշխություններով, որոնք կատարվել են Սրբազան Սինոդի միջնորդություններով: Նույն կարգը մտել է նաև Հայ եկեղեցու վարչության մեջ: Կաթողիկոսը միայն միջնորդողի և խնդրողի դեր է կատարել:
Ի սկզբանե կաթողիկոսի իրավասությանը պատկանող կրոնական և հոգևորական գործերի մեջ (դավանանք, եկեղեցական պաշտամունք և ծես, պսակադրություն, ձեռնադրություն ևն) Սինոդին տրվել է նախաքննության և վճռահատության իրավունք: Հոգևորականությանը վերաբերող այն գործերը, որոնք ենթակա չէին քաղաքացիական դատարանի վճռահատությանը, անցել են Սինոդի իրավասությանը, և վերջինս ստացել է դատական ատյանի իրավունք: Առանձին հոդվածով Էջմիածնի Սինոդում կառավարիչ Սենատը նշանակել է պրոկուրոր: Նրա պարտականությունն էր հսկել, որպեսզի սինոդական որոշումներն օրենքին չհակասեին: Սինոդի մեջ այս պաշտոնը ստեղծվել է կաթողիկոս Հովհաննես Ը Կարբեցու առաջարկով, որպեսզի Սինոդի պետական ատյաններին համահավասար իրավունքներ ունենար: Որպես այդպիսին Սինոդի որոշումները վճռական ուժ էին ստանում, և պետական գործադիր պաշտոնյաները պարտավոր էին կատարել դրանք: Սինոդի պրոկուրորը և պաշտոնյաները, ստանձնելով իրենց պարտականությունները, հավատարմության երդում են տվել ոչ թե կաթողիկոսին կամ Սինոդին, այլ՝ ռուսական կայսրին: Էջմիածնի Սինոդ օժտված էր այնպիսի ընդարձակ իրավունքներով, որոնք ի սկզբանե Ամենայն հայոց կաթողիկոսի իրավասություններն էին:
Ի դեմս Սինոդի պրոկուրորի, գանձապետի և մյուս աստիճանավորների, ռուսական գործավարության օրինակով ստեղծվել էր մի բյուրոկրատական մարմին՝ լիովին ենթարկված ցարական վարչությանը և պատասխանատու նրան: Էջմիածնի Սինոդը անմիջական կախում է ունեցել ներքին գործերի նախարարությունից և միջնորդաբար՝ կայսերական կառավարիչ Սենատից: Տեղական գործերով դիմել է Կովկասի կառավարչին, իսկ ընդհանուր գործերով՝ նախարարին: Էջմիածնի Սինոդը գոյատևել է մինչև 1917-ը:
Ալեքսանյան Կ.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 907-908:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am