«ՍԻՈՆ», կրոնական, գրական, բանասիրական ամսագիր: Երուսաղեմի հայոց պատրիարքության պաշտոնական պարբերական: Լույս է տեսնում 1866-ից, Երուսաղեմում (1878–1926-ին ընդհատվել է): 1866–77-ին (հին շրջան) խմբագիրներ են եղել՝ Տ. Սավալանյանը (հիմնադիր), Մ. Մարկոսյանը, Ս. Խապայանը, Մ. Մուրադյանը: Ամսագիրն ունեցել է կրոնական, բանասիրական., պատմական, ժամանակագրական, ուսուսոցական և այլ բաժիններ: Սկզբունք է ընդունվել գրել միայն աշխարհաբարով, որևէ հարցի առիթով երբեք նախահարձակ չլինել: Այդ շրջանում  «Սիոն»-ը  մեծ տեղ է հատկացրել Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի ուսումնական ծրագրերին, աշակերտների առօրյային, անդրադարձել նրանց ավարտաճառերին՝ լավագույնները հայերենին զուգահեռ հրատարակելով ֆրանսերեն, հայատառ թուրքերեն: «Նշխարք ազգային պատմությանն» բաժնում հրատարակել է հայոց պատմության հարցերին նվիրված բազմաթիվ ուսումնասիրություններ, տպագրել ճամփորդական նոթեր, տաղեր, Գրիգոր Դարանաղցու «Ժամանակագրությունից»  հատվածներ:

Կեսդարյա ընդմիջումից հետո պատրիարք Ե. Դուրյանի նախաձեռնությամբ, եպիսկոպոս Բ. Կյուլեսերյանի եռանդուն գործակցությամբ ամսագիրը 1927-ից վերստին սկսել է հրատարակվել: Նոր շրջանում   «Սիոն»-ի խմբագիրը պաշտոնապես համարվում է պատրիարքը, իսկ միաբանության անդամներից նշանակվում է փոխխմբագիր: Փոխխմբագիրներ՝ Բ. Կյուլեսերյան, Տ. Ներսոյան, Կ. Սրապյան, Ս. Մանուկյան, Թ. Գուշակյան, Հ. Վարդանյան, Շ. Գալուստյան, Ա. Գալայճյան (պաշտոնակատար), Ե. Տերտերյան, Թ. Մանուկյան:  «Սիոն»-ի կրոնական խմբագրականներն ունեն ուսուցողադաստիարակչական  նպատակ՝ հասկանալի լեզվով ընկալելի դարձնել կրոնական բարոյագիտությունը («Դասեր Աւետարանէն»«Խօսք մը ծննդեան առթիւ»«Պարզ քարոզներ»«Պօղոս առաքեալի հովուական թուղթերը»): «Սիոն»-ը միաժամանակ իր խմբագրականներով ընդդիմանում է մամուլում կրոնի և եկեղեցու դեմ ուղղված հարձակումներին, անդրադառնում Հայ եկեղեցու բարեկարգմանը վերաբերող խնդիրներին, լուսաբանում կենսականորեն անհրաժեշտ բազմապիսի հարցեր: «Սիոն»-ը հրատարակում է Ամենայն հայոց կաթողիկոսության, Կիլիկիայի կաթողիկոսության ու պատրիարքարանի կոնդակներ, շրջաբերականներ, ազգային-եկեղեցական ժողովների կանոնադրություններ, արձանագրություններ, միջեկեղեցական հարաբերություններն արտացոլող նյութեր: «Ս. Յակոբի ներսէն» բաժնում տպագրում է միաբանների կենսագրականներ, տեղեկություններ հաղորդում կրթական, հրատարակչական գործունեության մասին: Արժեքավոր են Հայ եկեղեցու ազգային դիմագիծն ու պատմականորեն անկախ գոյավիճակը հաստատող՝ Բ. Կյուլեսերյանի, Ե. Դուրյանի, Մ. Աղավնունու, Մ. Օրմանյանի, Տ. Ներսոյանի, Զ. Չինչինյանի և այլոց ուսումնասիրությունները («Տեղիք աստուածաբանութեան»«Հայ եկեղեցին իբրեւ ինքնութեան բեւեռ»«Եկեղեցւոյ անկախութիւնը» ևն): Հաճախադեպ քննարկվող հարց է «Ս. տեղեաց խնդիրը» կաթոլիկ և ուղղափառ համայնքների հետ: Ամսագիրը հրատարակում է աստվածաբանությանը, ծիսական արարողությունների պատմությանը, մատենագրությանը,փիլիսոփայությանը, մանրանկարչությանը, գիտության այլևայլ բնագավառներին վերաբերող հայ, օտարազգի հետազոտողների հոդվածներ, գրախոսականներ: Պարբերաբար նշում է հոբելյաններ, տարելիցներ (Աստվածաշնչի հայերեն թարգմանության 1500-ամյակը, Վարդանանց դյուցազնամարտի 1500-ամյակը ևն): «Դիւան սուրբ Յակոբայ» բաժնում տպագրում է միաբանության դիվանի հին վավերագրեր (նամակներ, կոնդակներ, զանազան թղթակցություններ), ներկայացնում Մ. Օրմանյանի երկերը, Ե. Դուրյանի ուսումնասիրությունները, թարգմանությունները, գրական դեմքերի՝ Վ. Թեքեյան, Հ. Օշական, Վ. Վահյան, Եղիվարդ, Վ. Մավյան, Պ. Սևակ, Հ. Շիրազ:

«Սիոն»-ին աշխատակցել են Գ. Հովսեփյանը, Ն. Ադոնցը, Ն. Պողարյանը, Ն. Ակինյանը, Հ. Աճառյանը, Հ. Պերպերյանը, Կ. Բասմաջյանը, Մ. Չերազը, Ն. Աղբալյանը, Հ. Անասյանը, Հ. Օշականը, Գ. Աբգարյանը և ուրիշներ:

                                                                                              Ավետյան Կ.

 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 908-909:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am