ՍԻՈՆ Ա ԲԱՎՈՆԵՑԻ [ծ.թ. անհտ, գ. Բավոնք (Արագածոտնի գավառ) – 775], Ամենայն հայոց կաթողիկոս 767-ից: Հաջորդել է Տրդատ Բ Դասնավորեցուն: Ուսանել է Դվինի կաթողիկոսարանում: Եղել է Աղձնիքի եպիսկոպոսը:

Ըստ X դ. պատմիչ, կաթողիկոս Հովհաննես Ե Դրասխանակերտցու, Աղձնիքի եպիսկոպոս եղած ժամանակ Սիոն Ա Բավոնեցին դիմել է Աստծուն, և Աստծու զորությամբ Սասունի գավառի Սիմ լեռան ստորոտի ցամաքած աղբյուրը հորդել է: Դա նպաստել է արաբ ոստիկան Սուլեյմանի համաձայնությամբ Սիոն Ա Բավոնեցու կաթողիկոս ընտրվելուն: Նախաձեռնել է Պարտավի եկեղեցական ժողովը (768): Սիոն Ա Բավոնեցու օրոք 774–775-ին արաբական բռնատիրության դեմ հայերն ապստամբել են: Ապստամբությունը նախաձեռնել է Արտավազդ Մամիկոնյանը: Նա իր ջոկատով Շիրակի Կումայրի ավանում կոտորել է արաբ հարկահաններին, և այդ առիթով երկրում ծավալվել են ազատագրական կռիվներ: Պայքարը շարունակել է իշխան Մուշեղ Մամիկոնյանը: Արաբական  խալիֆայությունից դժգոհ մի խումբ նախարարների հետ նա Արտագես ամրոցից արշավանքներ է ձեռնարկել Բագրեվանդում, Կարինի շրջակայքում գտնվող արաբական  զորաջոկատների վրա, ջախջախել նրանց: Այդ հաղթանակներից ոգևորված Մուշեղ Մամիկոնյանին են միացել շատ նախարարներ, այդ թվում՝  սպարապետ Սմբատ Բագրատունին: 775-ի ապրիլի 14-ին տեղի է ունեցել Արճեշի, նույն թվականի ապրիլի 24-ին Արձնիի ճակատամարտերը: Արձնիի ճակատամարտում զոհվել են սպարապետ Սմբատ Բագրատունին, Մուշեղ Մամիկոնյանը և ուրիշ իշխաններ:

Կաթողիկոսական  գահին Սիոն Ա Բավոնեցուն հաջորդել է Եսայի Ա Եղիպատրուշեցին:

 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 909:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am