ՍԻՐԱՆԵՍ (ծ. և մ. թթ. անհտ), XIII դարի ճարտարապետ: Ապրել ու ստեղծագործել է Վայոց ձորում: 1265-ին կառուցել է Արատեսի վանքի խաչվող կամարներով գավիթը և 1275-ին Նորավանքում, Տարսայիճ Օրբելյանի պատվերով՝ Իշխանաց իշխան Սմբատ Օրբելյանի գերեզմանի վրա՝ միանավ թաղածածկ Ս. Գրիգոր եկեղեցի-դամբարանը: Իշխան Տարսայիճ Օրբելյանը նրա հս. պատին գեղագիր արձանագրությամբ հաղորդում է կատարած աշխատանքի համար «Սիրանես վարդպետին», իբրև ժառանգական սեփականություն, Հալիձոր գ. մոտ (այժմ՝ Սյունիքի մարզում) կալվածք նվիրելու և 500 արծաթ վճարելու մասին: Արձանագրությունը, որի հեղինակը Սիրանեսն է, կատարմ ան բարձր արվեստով XIII դ. լավագույն նմուշներից է: Նվիրաբերած կալվածքում Տարսայիճ Օրբելյանը կանգնեցրել է մեծ խաչքար, որի արմ. երեսի արձանագրությամբ վերստին հաստատել է «Սիրանես քարգործի» իրավունքը հողաբաժնի վրա և ճշտել նրա սահմանները: Ճարտարապետը կալվածքում կառուցել է մատուռ և բնակելի շենքեր: Պահպանվել է Սիրանեսի և նրա եղբայր Հզարմելի՝ իրենց ծնողներ Գորքի (Գևորգ) ու Թենիկայի հիշատակին կանգնեցրած (նրանց գերեզմանների վրա) բարձր պատվանդանով գեղաքանդակ խաչքարը:
Սիրանեսը միջնադարյան միակ հայ ճարտարապետն է, որի տոհմագրությունը և վարձատրման չափը հասել են մեզ, իսկ ինքը կենդանության օրոք արժանացել է նյութական ու բարոյական բարձր գնահատանքի: Սիրանեսը հեղինակ է նաև Օրբելյանների իշխանական տան տիրույթներում կառուցված այլ շինությունների և հավանաբար եղել է նրանց գլխավոր ճարտարապետը:
Հասրաթյան Մ.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 909-910:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am