ՍԿԵՎՌԱ, վանք, ուսումնագիտական և մշակութային կենտրոն Կիլիկյան Հայաստանում. գործել է Լամբրոն բերդին կից: Ունեցել է բարձր տիպի դպրոց, մատենադարան, գրչատուն, կուսանոց: Պատկանել է Լամբրոնի Օշինյան հայ իշխաններին: Մինչ Օշինյանների տիրապետությունը (1071) եղել է հունական վանք:

Կիլիկյան Հայաստանի իշխանական և թագավորական տոհմերի՝ Օշինյանների և Հեթումյանների համար եղել է տոհմային դամբարան: Սկեվռայի վանքն առաջին անգամ հիշատակվում է 1173-ին: XII–XIII դդ. վանքում ծաղկում են ապրել գրչությունը, մանրանկարչությունը, փորագրությունը:

Առավել բեղմնավոր է եղել Սկևռայի վանքի մատենադարանի, բարձրագույն դպրոցի, ուսումնամշակութային  կենտրոնի հիմնադիր և ղեկավար Ներսես Լամբրոնացու և րաբունապետ Գրիգոր Սկևռացու գործունեության շրջանը: Վանքի դպրոցում դասավանդվել են քերականություն, գրչության արվեստ, մանրանկարչություն, խազագրություն և երաժշտություն, հռետորական արվեստ: Կատարվել են սուրբգրային մեկնություններ, թարգմանվել աշխատություններ, ընդօրինակվել և նկարազարդվել ձեռագիր մատյաններ: 1197-ին այստեղ Գրիգորն ընդօրինակել, նկարազարդել է նշանավոր «Սկևռայի Ավետարանը» (պահվել է վանքի մատենադարանում), որը Կիլիկյան Հայաստանի մանրանկարչության դպրոցի լավագույն ստեղծագործություններից է: Գրչության արվեստին զուգահեռ զարգացել են որմնանկարչությունը, փորագրությունը, արծաթագործությունը:

Կիլիկյան Հայաստանի կիրառական արվեստի ամենաուշագրավ նմուշներից է 1283-ին Սկևռայում պատրաստված եռափեղկ պահարան մասնատուփը, որը վանքի վանահայր Կոստանդինը պատվիրել էր Հռոմկլայի հերոս պաշտպանների հիշատակին: Մասնատուփն այժմ պահվում է Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ): Սկևռայի վանքը եղել է նաև Կիլիկիայի մանրուսման նշանավոր կենտրոններից, մեզ են հասել այստեղ գրված բազմաթիվ խազգրքեր:

XII դ. 2-րդ կեսից Ս. դարձել է կիլիկյան մանրանկարչության երկրորդ խոշորագույն կենտրոնը Դրազարկի վանքի դպրոցից հետո:

Սկևռայի մանրանկարիչների ընդօրինակած, ծաղկած և նկարազարդած ձեռագիր մատյանները պատմական և գեղարվեստական  մեծ արժեքից զատ նշանավորել են նոր փուլ հայկական մանրանկարչության մեջ (տես Կիլիկիայի մանրանկարչության դպրոց ):

Սկևռայի վանքը հռչակված է եղել անվանի վարդապետներով, մատենագիրներով, բանաստեղծներով, գեղագիր գրիչներով ու ծաղկողներով, որոնք կատարել են նաև Կիլիկիայի արքաների պատվերները: XII–XIII դդ. այստեղ բեղմնավոր աշխատանք են կատարել Գրիգոր Ծաղկողը (Գրիգոր Մլիճեցի), Կոստանդին, Արիստակես, Սամվել, Հովսեփ, Հուսիկ, Ներսես գրիչներն ու մանրանկարիչները, մատենագիր, լեզվաբան, երաժիշտ Գևորգ Սկևռացին, գրիչ և մանրանկարիչ Գրիգոր Պիծակը, նրա որդին՝ նշանավոր մանրանկարիչ Սարգիս Պիծակը, Սիմոն երաժիշտը, Մխիթար Սկևռացի վարդապետը, Սիոն ծաղկողը, գրիչներ Ավետիսը, Ստեփանոս Սկևռացին, րաբունապետներ Խաչատուրը, Հովհաննեսը, Մովսես Երզնկացին և ուր.: XIII դ. վերջին Սկևռայի վանքը ենթարկվել է թուրքերի հարձակումներին և հրկիզվել: XX դ. սկզբին պահպանվել էին վանքի ավերակները:

 

                                                                                         Բադալյան  Հ.

Գրականության ցանկ

 «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 910:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am