«ՍԿԵՎՌԱՅԻ ԱՎԵՏԱՐԱՆ», «Լվովի Ավետարան», «Լեմբերգի Ավետարան», 1197-ի մագաղաթե ձեռագիր մատյան: Գրիչ և մանրանկարիչ՝ Գրիգոր Սկևռացի, պատվիրատու՝ Ներսես Լամբրոնացի: «Սկևռայի Ավետարան»-ը գրված է բոլորգիր, երկաթագիր, ունի 426 էջ, չափերը՝ 28,9x21,5 սմ: Ձեռագրում Սկևռայի վանքի անունը չի հիշատակվում, սակայն այն գտնվել է Օշինյան (Լամբրոնի) իշխանների տիրույթում, և վանքը ծաղկում է ապրել այդ տան ներկայացուցիչ Ներսես Լամբրոնացու գործունեության ժամանակ: Ենթադրվում է, որ «Սկևռայի Ավետարան»-ի վրա 1198-ի հունվարի 6-ին թագադրվելիս, երդվել է Կիլիկիայի Հայոց թագավոր Լևոն Բ Մեծագործը:
1592-ին լեհահայ մեծահարուստ Թորոս Բեռնարտովիչը (Պեռնաթենց) Ավետարանը տվել է նորոգման, և մինչև 1830-ը այն եղել է Լվովի հայ համայնքում: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ձեռագիրը Լվովի հայ արքեպիսկոպոսարանից անհետացել է: 1993-ի մարտին գերմանացի բյուզանդագետ Գ. Պրինցիգը «Սկևռայի Ավետարան» հայտնաբերել է Լեհաստանի Գնիեզնո քաղաքի արքեպիսկոպոսարանի արխիվում, որտեղից ձեռագիրն ուղարկվել է Գերմանիայի Մայնց քաղաքի Գուտենբերգի թանգարան՝ վերանորոգման: 1997-ի գարնանը
«Սկևռայի Ավետարան»-ը ցուցադրվել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում կազմակերպված «Բյուզանդիայի փառքը» ցուցահանդեսում:
«Սկևռայի Ավետարան»-ի պատկերազարդումը բաղկացած է Կարպիանոսին հղած Եվսեբիոս Կեսարացու թղթից՝ Եվսեբիոս Կեսարացու և Կարպիանոսի կիսանդրիների պատկերներով, 7 խորանից (պակասում է Բ կանոնի խորանը), յուրաքանչյուր Ավետարան սկսվում է նստած ավետարանչի պատկերով (միայն Հովհաննեսն է կանգնած՝ իր աշակերտ Պրոխորին ներշնչված թելադրելիս) և շքեղ անվանաթերթից: Վերջինս բաղկացած է ավետարանիչների խորհրդանիշներն ընդգրկող գլխատառից, կալեյդոսկոպային (բուս.) զարդատառերից, տ-աձև կրկնակի կամ լյունետով (կամարային) հատված մեծ ուղղանկյուն գլխազարդից (որի վրա երևակայական թռչունների, ծաղկած խաչի, Աստծո Գառի և այլ պատկերներ են), ինչպես նաև ծաղկող խաչով ավարտվող լուսանցազարդից (Մատթեոսի Ավետարանում խաչը ծաղկում է միմյանց վրա պատկերված Քրիստոսի նախահայրերի վերևում, որը Կիլիկիայում «Հեսսեի ծառի» առաջին օրինակներից է): Ձեռագրի լուսանցքներում պատկերված են զարդեր և ավետարանական գործող անձինք, որոնք կապված են Քրիստոսի հրաշքների (բժշկությունների), առակների, Պետրոսի ուրացման հետ: Բացակայում են էջով մեկ նկարված Տերունական տոները: Հիմնական գույները (կարմիր, կապույտ, կանաչ, ոսկե), զարդերը, թռչունների ու կենդանիների իրական և երևակայական պատկերները, խորանների կառույցի վերածումը դեկորատիվ-զարդային հարթության, լուսանցազարդերը հիմք են հանդիսացել XIII դ. կիլիկյան մանրանկարչության զարգացման համար: Կիլիկյան մանրանկարչության հիմնական տարրերը մշակվել են XII դ. 90-ական թթ. Ավետարաններում, որոնցից ամենակատարյալը «Սկևռայի Ավետարան» արքայական ձեռագիրն է:
Ղազարյան Վ.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 910-911:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am