Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Սմբատ սպարապետի ավետարան

 «ՍՄԲԱՏ ՍՊԱՐԱՊԵՏԻ ԱՎԵՏԱՐԱՆ»,  ձեռագիր մատյան` ստեղծված XIII դարի 60–70- ական թթ., կիլիկյան մանրանկարչության զարգացման շրջանում (Մատենադարան, ձեռ. դ 7644): Ավետարանի գլխավոր  հիշատակարանը չի պահպանվել, կան միայն կարճ հիշատակագրություններ` գրված պատվիրատու Սմբատ Սպարապետի (Գունդստաբլի) ձեռքով, որը եղել է Կիլիկյան Հայաստանի Հեթում Ա թագավորի եղբայրը, զորավար և դիվանագետ, պատմաբան և օրենսգետ: Բարձրաստիճան պատվիրատուի պահանջներին համապատասխան ստեղծվել է այս շքեղ ձեռագիրը, ընտիր մշակված մագաղաթի վրա, մանր գեղեցիկ բոլորագրով և զարդարված մանրանկարներով` խոր աններով, անվանաթերթերով, ավետարանիչների պատկերներով, լուսանցազարդերով, որոնք արված են բարձրորակ ներկերով, ոսկու առատ օգտագործմամբ:

Կիլիկիայի Հայկական թագավորության անկումից (1375) հետո ձեռագիրը տարվել է Ղրիմ, որտեղ բազմիցս ընդօրինակվել է: Այնտեղ նորոգվել և լրացվել է տերունական մանրանկարներով` «Ծնունդ»«Մուտք Երուսաղեմ»«Ղազարոսի հարությունը»«Պայծառակերպություն»«Խաչելություն»«Դժոխքի ավերում»«Համբարձում»«Հոգեգալուստ»: Պահպանվել է երկրորդ նկարչի անունը` Ավետիք («Խաչելություն» պատկերող մանրանկարի վրա՝ փոքր արձանագրության մեջ): Այդ մանրանկարները նույնպես կատարված են մեծ վարպետությամբ և պատշաճ ձևով ներդաշնակվում են «Սմբատ  Սպարապետի Ավետարան»-ի նախնական հարդարանքի հետ: Որոշ տվյալներ հուշում են երկրորդ նկարազարդման ժամանակը՝ 1420-ից հետո, քանի որ նույն թվին Կաֆայում Ավետարանն ընդօրինակվել է, բայց՝ առանց տերունական նկարների,որոնք ոճական առումով առնչվում են XV դ. Ղրիմի հայկական մանրանկարչության նմուշների հետ: Վերջինները բնորոշվում են կիլիկյան և, որոշ չափով, բյուզանդական արվեստի ազդեցությամբ, պատկերված մարդկային ֆիգուրների և առանձին առարկաների ծավալը բացահայտելու միտումներով, դեկորատիվ հարդարանքի և պատկերագրական տարբերակների այնպիսի առանձնահատկություններով, որոնք հատուկ են նաև «Սմբատ  Սպարապետի Ավետարան»-ի տերունական մանրանկարին:

                                                                                           

                                                                                             Կորխմազյան Է.

 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 910-911:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am