ՍՈՂՈՄՈՆ ՄԱՔԵՆԱՑԻ (ծ. և մ. թթ. անհտ), VIII դարի մատենագիր, մանկավարժ, Մաքենյաց վանքի առաջնորդ: Ստացել է իր ժամանակի փայլուն կրթություն: Աղբյուրներում Սողոմոն Մաքենացի հիշվում է «Հրաշալի այր»«Հայաստանեայցն պարծանք» անուններով: Սողոմոն Մաքենացու առաջնորդության տարիներին հռչակվել է ոչ միայն սրբակրոն կյանքով ապրող Մաքենյաց մենաստանը՝ դառնալով Գեղարքունի գավառի ամենանշանավոր կրոնամշակութային  կենտրոնը, այլև՝ նրա հիմնած, գրեթե մեկ դար գոյատևած դպրոցը, որտեղ ուսանելու են եկել և՛ Սյունյաց աշխարհից, և՛ Հայաստանի տարբեր վայրերից: Այդ դպրոցում են ուսանել Ստեփանոս Սյունեցին, Սողոմոն Գառնեցին (ապագա Հայոց կաթողիկոս Սողոմոն Ա Գառնեցի): Դասավանդվել է փիլիսոփայություն, աստվածաբանություն, սաղմոսերգություն, երաժշտություն:

Սողոմոն Մաքենացին մասնակցել է 726-ի Մանազկերտի եկեղեցական ժողովին, 740-ին՝ Աղվանից կաթողիկոսի հրավիրած Շամխորի ժողովին և գործուն մասնակցություն ունեցել Վրաց կաթողիկոսին ուղղված նախատինքի թղթի կազմմանը:

747-ին կազմել է «Տերունական տոների լուսաբանիչը և նահատակների հիշատակարանը» Տոնական ծիսական  ժողովածուն (տես Ճառընտիր), որի համար ստացել է «Հարանց հայր» պատվանունը: Սողոմոն Մաքենացին խմբագրել է Մեսրոպ Մաշտոցին նվիրված «Փոքր Կորյունը» պատմագիրքը, Վահան Գողթնացու վարքի երկրորդ տարբերակը: Նրան վերագրվող այլ գործեր մեզ չեն հասել: VIII դ. 40-ական թթ. միաբանության անդամների շրջանում առաջացած անհամաձայնությունն երի պատճառով Սողոմոն Մաքենացին իր համակիրների հետ տեղափոխվել և հաստատվել է Ջավախքի Զրեսկ կոչված վանքում, որտեղ հիմնել է նոր միաբանություն: Սողոմոն Մաքենացին մահացել է Զրեսկում, հետագայում միաբանության անդամներն աճյունը տեղափոխել են Մաքենիս:

                                                        Ղազարոսյան  Ա.

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 916:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am