«ՍՈՓԵՐՔ ՀԱՅԿԱԿԱՆՔ», մատենաշար, որտեղ ընդգրկված են մատենագրական ոչ մեծ ծավալի և մինչ այդ անտիպ մնացած մի շարք ստեղծագործությունների բնագրեր: Գրաբարում «փոքր» մատյանի իմաստ ունեցող «սոփերք» բառի հետևողությամբ Ղ. Ալիշանը «Սոփերք հայկականք» է անվանել 1853–61-ին (հ. 1–22) փոքրիկ գրքույկներով հրատարակած շարքը:
«Սոփերք հայկականք»-ի հատորները հաջորդել են «Մատենագրութիւն նախնեաց» շարքով հայ դասական պատմագրության և ընդհանրապես մատենագրության մի նշանակալից մասի մխիթարյան հրատարակություններին: Ի տարբերություն վերջինիս, «Սոփերք հայկականք»-ում զետեղված բնագրերն ունեն անհամեմատ պարզ շարադրանք և փոքր ծավալ՝ միտված լինելով հայ մատենագրության այս երկերի և դրանց միջոցով հայոց պատմության, ազգային-հոգևոր նվիրական տարբեր դրվագների տարածմանը: Թե՛ «Սոփերք հայկականք»-ի պարագայում և թե՛ ընդհանրապես, Ղ. Ալիշանին բնորոշ է դասական մատենագրության որևէ գործի հրատարակությունը չսահմանափակել միայն տվյալ երկի բնագրագիտական քննությամբ, այլ այն բնորոշել ու արժեքավորել առաջաբանների էջերում, ծանոթագրությունների սեղմ տողերում:
Որևէ բնագիր գիտական առումով գնահատելուց բացի, Ղ. Ալիշանն այն դիտել է իր ապրած ժամանակի հայացքով և ներառել գրական-հասարակական գործընթացում «ի պետս ազգայնոց»: Հայ հին մատենագրության նման ստեղծագործությունները Ղ. Ալիշանի համար եղել են ոչ միայն հետազոտության ենթակա գրական կարևոր հուշարձաններ, այլև՝ ազգային կյանքի կենդանի հիշատակարան: «Սոփերք հայկականք»- ում զետեղված բնագրերը ոչ թե մեխանիկորեն իրար կցված ստեղծագործությունների շարք են, այլ՝ թեմատիկ ներքի տրամաբանությամբ միմյանց հաջորդող երկերի ամբողջություն:
«Սոփերք հայկականք» -ը սկսվում է «Բան խրատուց նախնի իմաստասիրաց» բարոյախրատական գործով, որը, ըստ Ղ. Ալիշանի, թարգմանվել է V դ.՝ Թարգմանչաց շարժման ընդհանուր շրջագծում: Այն ժամանակագրորեն կանխում է շարքի մյուս ստեղծագործությունները, «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ...» խոսքերի ոգուն և էությանը համահունչ՝ դառնալով համանման յուրօրինակ մի սկիզբ և բնաբան մնացյալ հատորների համար:
Սրբախոսական գրականության տարբեր ժանրեր՝ վարք, վկայաբանություն, ողբ, տեսիլ, ներբողյան ներկայացնող այս գործերը թեմատիկ առումով էլ բաժանվում են մի քանի խմբի՝ ունենալով, սակայն, նույն նպատակաուղղվածությունը և դառնալով XIX դ. 50-ական թթ. հայ ազգային-հասարակական կյանքն ալեկոծող մի շարք հրատապ հարցերի նրբին արձագանքը:
Առաջին թեմատիկ նման խումբը Թադեոս ու Բարդուղիմեոս առաքյալներին և ընդհանրապես առաքելական շրջանում հայոց քարոզությանը վերաբերող վկայաբանություններն են (Թադեոս առաքյալի և Սանդուխտ կույսի վկայաբանությունն ու նշխարների գյուտը՝ հ. 8, Բարդուղիմեոս առաքյալի, Ոսկյանց և Սուքիասյանց ու Ատոմյանց վկայաբանությունները՝ հ. 19): Երկրորդը Գրիգոր Ա Լուսավորչին ու նրա տոհմին նվիրված վարքերն ու ներբողյաններն են (Գրիգոր Ա Լուսավորչին նվիրված Հովհան Ոսկեբերանի ներբողը՝ հ. 4, Հովհաննես Սարկավագի, Վարդան Բարձրբերդցու և Հովհաննես Երզնկացու՝ հ. 5, Լուսավորչի տոհմի՝ հ. 10, Ներսես Ա Մեծի՝ հ. 6,7): Այն ժամանակ, երբ փորձեր են արվել Հայ եկեղեցին ներկայացնել որպես մի հերձված, Ղ. Ալիշանը հրատարակել է այս գործերը՝ ցույց տալու համար Հայ եկեղեցու առաքելականությունը, ուղղափառությունը և Գրիգոր Ա Լուսավորչի տոհմի նման երանաշնորհ հայրապետներ ունենալը: Երբ հայ ժողովուրդը ջլատվում և իր մտավոր-կենսական ուժերն էր սպառում դավանական ներքին վիճաբանություններով, Ղ. Ալիշանը հրատարակել է Ներսես Շնորհալու և Ներսես Լամբրոնացու անվան հետ կապված բնագրերը (հ. 14, 15), քանի որ այս «Ներսիսյանց» Մխիթարյանները ընդունել և ներկայացրել են որպես միության և եղբայրության ջատագովներ: Հաջորդ խումբը կապվում է Մեսրոպ Մաշտոցի (հ. 11) և Սահակ Ա Պարթևի (հ. 2), Մծբնա Հակոբ հայրապետի (հ. 22), Եղիշեի (հ.18), Սարկավագ Իմաստասերի (հ. 14) և ընդհանրապես հայ դպրության ու հոգևոր մշակույթի մեծերի և քրիստ. բարոյախոսության վրա խարսխված նրանց պատվիրանների ու խրատների հետ (հ. 3, 21):
Վերջին ծավալուն խումբը վկայաբանություններն են այն սրբերի, ովքեր, լինելով քրիստոնյա նահատակներ, նաև հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսներ էին:
Օսմանյան կայսրությունում հայության դեմ ուժեղացող հալածանքների պայմաններում «Սոփերք հայկականք»-ում զետեղված գործերի ընդհանուր քրիստոնեական և հայ նահատակների ու սրբերի՝ Քառասուն մանկանց (հ. 12), ս. Սարգսի (հ. 16), Արևելյան վկաների (հ. 20), Շուշանիկ Վարդենու (հ. 9) և Վահան Գողթնացու (հ. 13) օրինակով Ղ. Ալիշանը հորդորում է հավատարիմ մնալ հայրենատուր ավանդներին և նահատակների արյամբ ոռոգված հողին:
Վենետիկի Մխիթարյանների կողմից «Սոփերք հայկականք»-ը շարունակելու մի փորձ էր 1933 և 1934-ին այս շարքով Մխիթար Գոշի «Խրատք ոգեշահք» և Եփրեմ Ասորու «Կցուրդք» գործերի բնագրերի հրատարակությունը, որոնցով էլ եզրափակվել է մատենաշարը:
Դևրիկյան Վ.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 916-917:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am