ՍՊԱՀԱՆԻ ԹԵՄ Հայաստանյայց առաքելական եկեղեցու: Մինչև 1960-ը կոչվել է Իրանա-Հնդկաստանի թեմ: Առաջնորդանիստը՝ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանք: 1958-ին անջատվել է Մայր աթոռ Ս. Էջմիածնից և անցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության գերակայության ներքո՝ պահելով թեմի անվանումը մինչև 1960-ը, ապա կոչվել է Սպահանի և Հարավային Իրանի թեմ, 1995-ից՝ Սպահանի թեմ: Թեմի ներկա վարչական սահմանների մեջ մտնում են Սպահանը (որի մեկ շրջանն է Նոր Ջուղան), Շահինշահը նորակառույց քաղաքը, Փերիայի գավառը, Շիրազը և Խուզիստանը: Սպահանի թեմում գործում են թեմական և կրոնական խորհուրդներ, որոնք թեմակալ առաջնորդի նախագահությամբ վարում են թեմի կրոնական, ազգային, մշակութային, կրթական ու շինարարական աշխատանքները: Թեմական խորհրդին անմիջականորեն ենթակա են թեմի կրթական խորհուրդը (Նոր Ջուղայի նախկին Հայոց դպրոցների հոգաբարձությունը), մշակութային հանձնախումբը, Բարեսիրաց մարմինը, Գերեզմանատան բարեզարդման հանձնախումբը, Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը ևն: Կրոնական խորհրդի ենթակա մարմիններն են Կտակային տեսչությունն ու Նոր Ջուղայի հայոց եկեղեցյաց վարչությունը: Թեմի տարածքում եղել է ավելի քան 100 եկեղեցի, այսօր կանգուն են 30-ը:
Նոր Ջուղայում են գտնվում Ս. Կատարինե մենաստանը (1623), Ս. Հակոբ (1607), Ս. Գևորգ (1611), Ս. Աստվածածին (1613), Ս. Ստեփանոս (1614), Ս. Հովհաննես Մկրտիչ (1621), Ս. Գրիգոր Լուսավորիչ (1633), Ս. Սարգիս (1659), Ս. Մինաս (1659) և այլ եկեղեցիներ: Վերջինս ունի թանգարան: Ս. Ամենափրկիչ վանքի տարածքում են՝ որմնանկարներով հռչակված Ս. Աստվածածին եկեղեցին, Խաչատուր վրդ. Կեսարացու հիմնած և ցայսօր գործող Արևելքի առաջին տպարանը (1636), հայկ. մամուլի հավաքածուով հարուստ «Ս. Ներսես Շնորհալի» գրադարանը (շուրջ 25 հզ. գիրք): Ս. Ամենափրկիչ վանքի տնօրինության ներքո է գտնվում մոտ 750 գրչագիր ունեցող ձեռագրատունը: Նոր Ջուղայում առաջնորդարանի ենթակայությամբ գործում են մանկապարտեզ, նախակրթարան, տղաների և աղջիկների տարրական 2 առանձին դպրոցներ «Արմեն» անունով, ինչպես նաև տղաների Ս. Կատարինյան (հիմն. 1858-ին) և աղջիկների Գևորգ Քանանյան (հիմն. 1899-ին) ուղեցույց ու միջնակարգ դպրոցները:
1976-ից ցայսօր (երկու ամիսը մեկ անգամ) թեմի առաջնորդի խմբագրությամբ լույս է տեսնում առաջնորդարանի «Նոր Ջուղա» տեղեկատուն (նախ՝ որպես երկշաբաթաթերթ, հետո՝ ամսաթերթ):
Շահինշահը փոքր քաղաքում (Նոր Ջուղայից 30 կմ հս.) առաջնորդարանի օժանդակությամբ գործում են Սրբոց Վարդանանց (տարրական) և Մասիս (ուղեցույց) դպրոցները: Համայնքը եկեղեցի դեռևս չունի, կրոնական արարողությունները կատարում է Նոր Ջուղայից հրավիրված քահանան Սրբոց Վարդանանց դպրոցի սրահում: Գործում է Հայ կանանց եկեղեցասիրաց միությունը:
Փերիա գավառում շուրջ 30 հայկական գյուղերից ներկայումս յոթն է մնացել հայաբնակ:
Կա 8 եկեղեցի՝ Ս. Ղուկաս (XVII դ.), Ս. Նշան (XVII դ.), Ս. Հովհաննես (1610), Ս. Գևորգ (1860-ական թթ.), Ս. Ստեփանոս (1887), Ս. Եղիշե (1890), Ս. Աստվածածին (1892), Ս. Ներսես (1917): Փերիայում այսօր հայկական դպրոց չկա. երեխաները հաճախում են Նոր Ջուղայի կամ Շահինշահրի հայկական դպրոցները:
Շիրազ քաղաքի հնագույն թաղամասերից մեկում, որը հայտնի է Բազարչե Արամանե (Հայկական շուկա) անվամբ, գտնվում է Ս. Աստվածածին եկեղեցին (1662), որտեղ որպես քահանա պաշտոնավարել է հայ առաջին պարբերականի՝ «Ազդարար»-ի հիմնադիր և խմբագիր շիրազցի Հարություն Շմավոնյանը: Համայնքի գործերը կառավարում են Շիրազի Հայոց եկեղեցական վարչությունը և Թեհրանի Հայ մարզ. «Արարատ» կազմակերպության մասնաճյուղը: Շիրազում ամենօրյա հայկական դպրոց չի եղել, տեղի Հայ կանանց եկեղեցասիրաց միության ջանքերով, տասնամյակներ շարունակ, ուրբաթօրյա հայերենագիտության դասընթացների միջոցով հայ երեխաները ստացել են հայեցի կրթություն: 1979-ին առաջնորդարանի ջանքերով կառուցվել է Հայ տունը, որտեղ կազմակերպվում են եկեղեց. վարչության և համայնքի կրթական, մշակութային աշխատանքները:
Բուշեր քաղաքում հայերն ունեցել են եկեղեցի (հիմն. 1819), որն իր շրջակա տապանաքարերով քաղաքի հնագիտական կարևոր վայրերից է: Մինչև 1979-ը քաղաքում եղել է հայկական համայնք և եկեղեցական վարչություն: Այսօր Բուշերում հայեր չեն բնակվում:
Խուզիստանի նահանգի Ահվազ քաղաքում գործում են Ս. Մեսրոպ եկեղեցին (1968), Հայոց եկեղեցադպրոցական հոգաբարձությունը, մանկապարտեզ-նախակրթարան, տարրական «Գարուն» և ուղեցույց «Րաֆֆի» հայկական դպրոցները: Ներկայումս (2001): Ահվազում ապրում է շուրջ 60 հայ ընտանիք: Սպահանի թեմի առաջնորդն է Կորյուն արք. Պապյանը (1978-ից):
արք. Պապյան Կ., Մինասյան Լ.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 917-918:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am