ՍՊԱՍՔ  եկեղեցական, եկեղեցիներում ս. Պատարագի և այլ խորհրդակատարությունների ժամանակ օգտագործվող սրբազան անոթներ և զանազան առարկաներ:

1. Սկիհ, երբեմն կոչվում է հաղորդության բաժակ: Հիմնականում պատրաստված է լինում ազնիվ մետաղից, վրան՝ ավետարանական պատկերներ: Բոլորաձև պատվանդանի (միջնամաս) վրա՝ բաժակաձև հարմարանք, որի մեջ ս. Պատարագի ժամանակ լցվում է գինին: Բաժակն ունի իր ծածկոցը, որը կոչվում է մաղզմա. նման է սկավառակի, մի քիչ փոս ընկած: Մաղզմայի վրա դրվում է սրբագործելի հացը կամ նշխարը: Եթե հաղորդության բաժակը կամ սկիհը Հիսուսի արյան սրբագործման անոթն է, ապա նրա ծածկոցը՝ մաղզման, խորհրդանիշն է զոհի սեղանի, որի վրա զոհաբերվեց աստվածային գառը՝ Հիսուս Քրիստոսը:

2. Մասնատուփ, արծաթե տուփ, որի մեջ քահանաները պահում են սրբագործված նշխարը՝ հոգևոր այցելությունների ժամանակ հիվանդներին հաղորդություն տալու համար:

3. Բուրվառ, անոթ-խնկանոց՝ գմբեթաձև, խաչագլուխ կափարիչով: Օգտագործվում է ս. Պատարագի և ծիսակատարությունների ժամանակ՝ իբրև խնկարկելու և բույր սփռելու միջոց:

Ըստ Հովհան Մայրավանեցու բուրվառը (=խնկանոցը) Աստվածածնի խորհրդանշանն է. ինչպես Աստվածածինն է լի «Սուրբ Հոգով և Բարձրյալի զորությամբ», այնպես էլ բուրվառը՝ «սրբության հոտով»:

4. Խաչ, քրիստոնեական կրոնի խորհրդանիշն ու պաշտամունքի առարկան: Ունի ուղիղԱշտանակ անկյունով միմյանց ագուցված՝ երկու տարբեր չափի ձողերի տեսք: Խաչերի տեսակներն ու կիրառության կերպերն են. ձեռքի կամ ձեռաց խաչ, որն օգտագործում են բոլոր եկեղեցականները՝ ծիսակատարությունների ժամանակ և հանդիսավոր առիթներով: Խաչեր, որոնք դրվում են սրբազան խորանների վրա: Կան նաև եկեղեցական թափորների առջևից տարվող խաչեր, որոնք կոչվում են խաչվառ: Կաթողիկոսները որպես գնահատանք քահանաներին, վարդապետներին հատուկ կոնդակով պարգևատրում են լանջախաչով, որը եկեղեցականներին շնորհվող պատվո նշան է: Լանջախաչերի օգտագործումը Հայ եկեղեցի է մտել XIX դ.:

5. Աշտանակ, երբեմն օգտագործվում է նաև ճրագակալ անունով: Մեկտեղանոց կամ բազմատեղանոց մետաղե պատվանդաններ են, որոնց վրա դրվում են հատուկ մոմեր՝ եկեղեցական հանդեսներին վառելու համար:

6. Կանթեղ, արծաթից կամ գունավոր մետաղներից պատրաստված կիսակլոր աման, որի մեջ դրվում է ձեթով լցված ապակե հարմարանք, ներսում՝ բամբակից կամ թելից պատրաստված պատրույգ: Կանթեղը հիմնականում վառվում է եկեղեցու սուրբ խորանից կախված վիճակում:

7. Կերոն, կոկված փայտի վրա հարմարեցված, մոտավորապես մեկ մետր երկարություն և որոշակի հաստություն ունեցող մոմեր (ջահեր) են: Օգտագործվում են եկեղեցում Ավետարանի ընթերցման, ինչպես նաև՝ եկեղեցական թափորների և հանդիսությունների ժամանակ:

8. Քշոց: Նախնական շրջանում, երբ քրիստոնեությունը հալածվել է, քրիստոնյաները թաքնվել են գետնադամբարաններում և Հաղորդության խորհուրդը կատարել են այնտեղ:

Քշոցներն այդ ընթացքում ծառայել են որպես ճանճ քշելու հարմարանք: Դրանք սկավառակաձև են, եզերքը՝ բոժոժներով, մետաղե գլխիկով՝ հորիզոնական դիրքով հագցված մարդահասակ ձողի վրա. ս. Պատարագի ժամանակ սարկավագների ձեռքում որոշակի պահերի շարժվում են՝ բոժոժների ձայնը խառնելով ս. Պատարագի երգեցողությանը:

Քշոցների ձայնը խորհրդանշում է հրեշտակների օրհներգը:

9. Մյուռոնաթափ աղավնի: Աղավնին Սուրբ Հոգու խորհրդանիշն է:Մյուռոնաթափ աղավնի Սուրբ Մյուռոնի աղավնին պատրաստվում է արծաթից կամ ոսկուց: Մյուռոնը նախապես լցվում է սնամեջ աղավնու մեջ և օգտագործման ժամանակ հարկավոր չափով կաթեցվում կտուցից:

10. Բաժակաման, արծաթե անոթ, որի մեջ նախապես լցվում է ս. Պատարագի նյութերից մեկը՝ գինին: Այնուհետև պատարագիչ քահանան այդ բաժակամանի գինին խաչաձև շարժմամբ հեղում է սկիհի մեջ:

11. Տապանակ կամ խնկաման: Արծաթե արկղիկ՝ վերնամասում չորս փոքրիկ խաչերով և մի մոմակալով զարդարված, որի մեջ պահվում են խունկ և կնդրուկ: Տապանակի գործածությունը վերցված է Հին ուխտի եկեղեցուց: Տես Ուխտի տապանակ:

12. Խաչվառ, IV դարից կիրառվող խաչագլուխ և ձողամբարձ դրոշակ, որի վրա պատկերված է լինում խաչելության դրվագը կամ Տնօրինական մեկ այլ դեպք: Երբեմն նկարված է լինում նաև Աստվածածնի պատկերը: Խաչվառը գործածվում է ս. Պատարագի, Անդաստանի, Նախատոնակի, թափորի և հուղարկավորության ժամանակ:

                                                                                     ավ. քհն. Սարգսյան Ե.

 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 918-919:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am