ՍՊԻՏԱԿԱՎՈՐ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՎԱՆՔ, Սպիտակավոր վանք, ՀՀ Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից մոտ 7 կմ հյուսիս, լեռան լանջին: Համալիրի շենքերը կառուցված են սպիտակ սրբատաշ ֆելզիտից (դրանից էլ՝ վանքի անվանումը):
Վանքի միակ, Նորակնունք Ս. Աստվածածին կոչվող եկեղեցին գմբեթավոր դահլիճ տիպի պարզեցված հորինվածքով կառույց է:
Հիմնադրել է Էաչի Պռոշյան իշխանը, որի զոհվելուց (1318) հետո շինարարությունը 1321- ին ավարտել է նրա որդին՝ Ամիր-Հասան Բ՝ նվիրաբերելով վանքին ընդարձակ կալվածներ:
Սպիտակավոր Ս. Աստվածածին վանքին հետագայում նյութապես օժանդակել են նաև Սյունյաց Օրբելյան իշխանները: Եկեղեցին հարուստ է հոգևոր և աշխարհիկ պատկերաքանդակներով. գմբեթի ներսում Քրիստոսը և չորս ավետարանիչներն են, դրսում՝ հս. պատին, իշխան Էաչին և նրա որդի Ամիր-Հասանը (այժմ՝ Էրմիտաժում, Սանկտ Պետերբուրգ), հվ. որմին՝ Ամիր-Հասանը որսի ժամանակ (ՀՊՊԹ): Արմ. մուտքի ճակատակալ քարին պատկերված Աստվածածինը՝ մանուկ Հիսուսը գրկին, XIV դ. հայկական քանդակագործործության լավագույն ստեղծագործություններից է: Եկեղեցուն արմ-ից կից գրեթե քառակուսի հատակագծով թաղածածկ գավիթը (1321–30) այժմ կիսավեր է: Գավթի արմ. պատին կից եռահարկ զանգակատունը 1330-ին կառուցվել է Հովհաննես և Թաճի ամուսինների բարերարությամբ: Ունի ինքնատիպ հորինվածք. առաջին հարկը հատկանշվում է խուլ պատերով, երկրորդը՝ խորշով, երրորդը՝ միջանցիկ կամարակապ բացվածքով:
Սպիտակավոր Ս. Աստվածածին վանքի գրչության կենտրոնը ծաղկում է ապրել XV դ. 2-րդ կեսին՝ մատենագիր Ավագտերի վանահայրության տարիներին. մեզ են հասել նրա օրինակած ձեռագրերից մի քանիսը: Ավագտերը ստեղծել է հայ գրչության իր դպրոցը: 1482-ին ընդօրինակած Ավետարանի հիշատակարանում գրիչ Աբրահամը նշել է, որ ինքը գրչության արվեստը, կազմարարությունը, ձեռագրերը ոսկով զարդարելու մասնագիտությունը սովորել է Ավագտերից:
Իր հերթին Աբրահամը Սպիտակավոր Ս. Աստվածածին վանքում պատրաստել է նոր շնորհաշատ սաներ:
XVI դարից Սպիտակավոր Ս. Աստվածածին վանքի գրչության կենտրոնն աստիճանաբար դադարել է գործել: 1986-ին այս վանքում է թաղվել հայ ականավոր զորավար ու պետական գործիչ Գարեգին Նժդեհը:
Գրիգորյան Գ.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 919-920:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am