Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Սսի եկեղեցական ժողովներ

 ՍՍԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐ, գումարվել են XIII–XIV դդ., Կիլիկյան Հայաստանի Սիս մայրաքաղաքում, կրոնաեկեղեցական և քաղաքական կարևոր խնդիրների լուծման համար: Կայացել է ութ ժողով: Առաջինը (1204) կաթողիկոս Հովհաննես Զ Սսեցու նախաձեռնությամբ քննարկել և ընդունել է հիմնականում ծիսական հարցերին վերաբերող ութ կանոն: Զաքարե Բ Մեծ Երկայնաբազուկի խնդրանքով թույլատրվել է, որ հայկական բանակում զինվորներն ունենան շրջիկ եկեղեցի և սեղան: Երկրորդ ժողովը (1243) կաթողիկոս Կոստանդին Ա Բարձրբերդցու գլխավորությամբ սահմանել է քսանհինգ կանոն՝ ընդդեմ աշխարհականների և հոգևորականության մեջ տարածված չարաշահումների, կենցաղային ու եկեղեցական ախտերի (մերձամուսնության, ամուսնաթողության, ապօրինի կենակցության արգելում, պահքերի, աշխարհականների և եկեղեցականների կենցաղի կանոնավորում): Երրորդ ժողովը (1251) Հռոմի պապի առաջարկով քննել է Սուրբ Հոգու բխման խնդիրը: Դեռ 1250-ին Հռոմի պապը դիմել էր հայերին՝ առաջարկելով ընդունել «Filioque»վարդապետությունըըստ որի՝ Ս. Հոգին բխում է ոչ միայն Հայր Աստծուց, այլև՝ Որդի Աստծուց: 1251-ի ժողովը, չկարողանալով վերջնական եզրակացության գալ, դիմել է արևելյան վարդապետներին, որոնք մերժել են ընդունել այն: Սսի չորրորդ ժողովում (1289) Հեթում Բ թագավորը և Գրիգոր եպս. Անավարզեցին (կաթողիկոս Գրիգոր Է Անավարզեցի) Կոստանդին Բ Կատուկեցի կաթողիկոսին գահընկեց են արել՝ Հռոմի պապ Նիկողայոս IV-ի լատինադավանություն ընդունելու առաջարկին ընդդիմանալու համար: Հինգերորդ ժողովը (1307 մարտի 19) քննել է Եվրոպայից ռազմական օգնության դիմաց լատինադավանություն ընդունելու՝ Կղեմես V պապի պահանջը: Թագավորահայր Հեթումի (Հեթում Բ), Լևոն Դ թագավորի և նորընտիր կաթողիկոս Կոստանդին Գ Կեսարացու ճնշմամբ ընդունվել է Կաթոլիկ եկեղեցու դավանանքը, ծեսը և Հռոմի պապի գերիշխանությունը: Ըստ նոր ընդունված կանոնների, Հայ եկեղեցին փաստորեն միանում էր Կաթոլիկ եկեղեցուն: Ժողովուրդը և արևելյան վարդապետներն ընդվզել են և չեն ենթարկվել նոր որոշումներին, ուստի Կիլիկիայի հոգևոր ու աշխարհիկ իշխանությունն երը նախապես նույնիսկ որոշումների իր ագործում չեն պահանջել: Ապա եղել են նաև արևելյան վարդապետների գրավոր բողոք-հերքումներ, եկեղեցականների և աշխարհականների բազմամարդ ժողովներ՝ առանց թագավորի ու կաթողիկոսի ներկայության: 1308-ի Ադանայի և Սսի վեցերորդ եկեղեցական ժողովները (1309) չեղյալ են հայտարարել 1307-ի (հինգերորդ) «իշխանաժողովի» որոշումները, ընդունվել են Հայ եկեղեցու ինքնուրույնությունն ապահովող կանոններ: Նոր թագավոր Օշինը, չկարողանալով վերահաստատել նախորդի որոշումները, ժողովականներին ենթարկել է հալածանքների՝ բանտարկության և աքսորի (միայն 500 հոգևորական աքսորվել է Կիպրոս, որտեղ մեծ մասը զոհվել է), վերահաստատել է տվել Սսի 1307-ի եկեղեցական ժողովի որոշումները (տես Ադանայի եկեղեցական ժողով 1316): Յոթերորդ ժողովը (1345) գումարվել է կաթողիկոս Մխիթար Ա Գռներցու օրոք: Ժողովը, Եվրոպայից ռազմ. օգնություն ստանալու հույսով, թեև ձևականորեն, ընդունել է Կաթոլիկ եկեղեցու հետ միանալու Հռոմի պապի առաջարկը:

Սակայն ակնկալած օգնությունը չստանալու պատճառով, ինչպես նաև բուն Հայաստանի հոգևորականության դիմադրության շնորհիվ, ժողովի որոշումները չեն իրագործվել: Արևմուտքի և Հռոմի պապերի սին ու անիրականանալի խոստումներից և միարարական քաղաքականությունից դժգոհ Կոստանդին Դ թագավորի և Մեսրոպ Ա Արտազեցի կաթողիկոսի նախաձեռնությամբ 1361-ի ութերորդ ժողովը չեղյալ է հայտարարել Սսի 1307-ի և Ադանայի 1316-ի ժողովների որոշումները, վերացրել նորամուծությունները, վերահաստատել Հայ եկեղեցու անկախությունն ապահովող դավանական և ծիսական ավանդական  կանոնները:

                                                                                                 

                                                                                   Տեր-Վարդանյան  Գ.

 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 920-921:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am