ՍՏԵՓԱՆԵ  Խորեն, Ստեփանոս Ստեփանե, Ստեփանոս Ստեփանյանց, Իշխան Բագրատունի (1840, Թիֆլիս –14.11.1900, Թիֆլիս), հոգևորական, մանկավարժ, խմբագիր, թարգմանիչ, բանաստեղծ: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և Մոսկվայի Լազարյան ճեմարանը (1858): Սովորել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում (1858–62): 1872-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1880-ին՝ ծայրագույն վարդապետ, 1894-ին՝ եպիսկոպոս: 1882-ին նշանակվել է Ախալցխայի և Ախալքալաքի առաջնորդական փոխանորդ, 1887-ին՝ Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի հայոց հոգևոր հովիվ, 1895-ին՝ Աստրախանի թեմի առաջնոր- դական փոխանորդ, 1896-ին՝ Ղրիմի Ս. Խաչ վանքի վանահայր: Զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, հիմնել է Մարիամյան օրիորդաց վարժարանը, դասավանդել Թիֆլիսի 1-ին դասական գիմնազիայում, Վաղարշապատի ժառանգավորաց դպրոցում, Գևորգյան ճեմարանում, Շուշիի, Բաքվի դպրոցներում, եղել Երևանի, Ախալքալաքի և Ախալցխայի թեմական ծխական դպրոցների տեսուչ, կարևոր դեր խաղացել հոգևոր կրթության կազմակերպման ու կատարելագործման ուղղությամբ: Հրատարակել և խմբագրել է «Հայկական աշխարհ» (1864–79), «Մանկավարժանոց» (1884–87) հանդեսները, եղել «Արարատ» ամսագրի խմբագիրը:

Ազգային բուռն գործունեության համար ցարական  կառավարությունը հետապնդել է նրան և աքսորել Ղրիմի Ս. Խաչ վանքը: Ստեփանեն աշխարհաբարի է վերածել Մովսես Խորենացու «Պատմություն Հայոցը», որն ընդարձակ առաջաբանով և հարուստ ծանոթագրություններով հրատարակել է 1889-ին Սանկտ Պետերբուրգում (վերահրտ.՝1897-ին): Ստեփանոս Ստեփանյանց և Իշխան Բագրատունի գրական կեղծանուններով բանաստեղծություններ է տպագրել ժամանակի հայկական մամուլում, կատարել փոխադրություններ և թարգմանություններ: «Հայկական այբուբեն» (1870) ուսումնասիրությունում անդրադարձել է հայոց գրերի ստեղծման շարժառիթներին, չափազանց բարձր գնահատել Հայ եկեղեցու և հատկապես կաթողիկոս Սահակ Ա Պարթևի դերն այդ գործում:

                                                                                              Հովհաննիսյան Պ. 

 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 923:  

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am