ՍՏԵՓԱՆՈՍ Դ ՀՌՈՄԿԼԱՅԵՑԻ [ծ.թ.անհտ,գ. Խախ (Բարձր Հայքի Եկեղյաց գավառ) –1293, Կահիրե], Ամենայն հայոց կաթողիկոս 1290-ից: Հաջորդել է Կոստանդին Բ Կատուկեցուն: Ուսանել է Հռոմկլայի կաթողիկոսարանում, դարձել անապատական: 1290-ին Կիլիկիայի Հեթում Բ թագավորի կամքով և արևելյան վարդապետների հավանությամբ գահընկեց արված Կոստանդին Բ Կատուկեցու փոխարեն ընտրվել է կաթողիկոս: Ստեփանոս Դ Հռոմկլայեցին աթոռակալել և գործել է Հեթում Բ-ի և լատինադավան ուղղությանը հետևող Գրիգոր եպս. Անավարզեցու (ապագա կաթողիկոս) թելադրանքով, թեպետ երբեմն ընդդիմացել է լատինամետ քաղաքականությանը: 1291-ին Հեթում Բ թագավորը և Գրիգոր եպս. Անավարզեցին, առանց կաթողիկոսի մասնակցության և հավանության, ժողով են գումարել, որոշել Զատկի տոնը նշել լատինների հետ՝ ապրիլի 6-ին: Սակայն այդ որոշումը չի ընդունվել ո՛չ Հայաստանում, ո՛չ Երուսաղեմի հայոց պատրիարքարանում:
1292-ին Հռոմկլան գրաված եգիպտական զորքերը Ստեփանոս Դ Հռոմկլայեցուն, 12 եպիսկոպոսների գերել և տարել են Կահիրե: 1293-ին, մեկ տարի բանտում մնալուց հետո, կաթողիկոսը վախճանվել է և հայ համայնքի ջանքերով ամփոփվել Կահիրեում:
Կաթողիկոսական գահին Ստեփանոս Դ Հռոմկլայեցուն հաջորդել է Գրիգոր Է Անավարզեցին:
Կարապետյան Ա.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 924:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am