Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Ստեփանոս Գ Սևանցի

 ՍՏԵՓԱՆՈՍ Գ ՍԵՎԱՆՑԻ (ծ. թ. անհտ –972), Ամենայն հայոց կաթողիկոս 969-ից: Հաջորդել է Վահան Ա Սյունեցուն: Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 969-ին Անիում ժողով է հրավիրել, որտեղ քննարկվել են Վահան Ա Սյունեցուն հասցեագրված մեղադրանքները: Վերջինս ժողովին չի մասնակցել, ապաստանել է Վասպուրականի Համազասպ-Աբուսահլ թագավորի մոտ: Ժողովը գահընկեց է հայտարարել Վահան Ա Սյունեցուն և կաթողիկոս ընտրել Սևանի վանահայր Ստեփանոսին: Գահազրկված կաթողիկոսը բանադրել է Անիի ժողովն ու նրա մասնակիցներին:

971-ին Ստեփանոս Գ Սևանցին  Անիում մի նոր ժողով է գումարել, որի որոշմամբ երկու վարդապետների ուղեկցությամբ գնացել է Վասպուրական՝  բանակցելու Վահան Ա Սյունեցու և Աբուսահլի հետ: Սակայն վերջիններս Աղթամարում բանտարկել են Ստեփանոս Գ Սևանցուն և վարդապետներին: Որոշ ժամանակ անց երկու վարդապետներն ազատ են արձակվել, իսկ Ստեփանոս Գ Սևանցին փոխադրվել է Կոտորոց բերդ, որտեղ և վախճանվել է:

Կաթողիկոսական գահին Ստեփանոս Գ Սևանցուն հաջորդել է Խաչիկ Ա Արշարունին:

                                                                                       Կարապետյան  Ա.

 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 924:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am