ՍՏԵՓԱՆՈՍ ԼԵՀԱՑԻ, Լվովցի, Իլովացի (ծ. թ. անհտ, Լվով – 1689, Էջմիածին), աստվածաբան, թարգմանիչ, փիլիսոփա:
1651-ին լեհերենից թարգմանել է XV դ. կազմված և կաթոլիկ երկրներում տարածված «Հայելի վարուց» բարոյախրատական զրույցների ժողովածուն (հրտ. «Գիրք հայելի վարուցոր ասի հարանց վարք», 1702), 1660-ին՝ I դ. հրեա պատմիչ Հովսեպոս Փլավիոսի «Հրեական պատերազմի մասին» գիրքը (հրտ. «Գիրք պատմութեանց Յովսեպոս Եբրայեցւոյ արարեալ յաղագս պատերազմի Հրէից ընդ Հռովմայեցիս, և աւերման Երուսաղէմի», 1787):
Ստեփանոս Լեհացին լատիներենից թարգմանել է Պրոկլ Դիադոխոսի «Գիրք պատճառաց»-ը (մոտ 1660, հրտ. «Գրգուկ որ կոչի պատճառաց», 1750), որը հայկական դպրոցներում օգտագործվել է որպես փիլիսոփայության դասագիրք: Ստեփանոս Լեհացուն է պատկանում Դիոնիսիոս Արիոպագացու «Յաղագս երկնայնոցն քահանայապետութեանց», «Յաղագս եկեղեցական քահանայապետութեանց», «Յաղագս աստուածային անուանց», «Յաղագս խորհրդական աստուածաբանութեան» աշխատությունների, 11 «Թղթերի», «Պատմութեան» և նշված աշխատությունների՝ Մաքսիմիոս Խոստովանողի կատարած մեկնությունների թարգմանությունները (թրգմ. լատ., մինչև 1662, Մատենադարան, ձեռ. դ 110): Նշված գործերը դեռ VIII դ. հունարենից թարգմանել էր Ստեփանոս Սյունեցին, սակայն թարգմանությունը թերի էր և դժվարամատչելի: Դիոնիսիոս Արիոպագացու երկերը Ստեփանոս Լեհացին բաժանել է գլուխների, յուրաքանչյուր գլխի բուն շարադրանքից առաջ համառոտակի ներկայացրել դրա բովանդակությունը, լրացրել Մաքսիմիոս Խոստովանողի մեկնությունները: Ենթադրվում է, որ Ստեփանոս Լեհացին է լատիներենից թարգմանել Արիստոտելի «Հոգու մասին» աշխատությունը: Լատիներենից վերաթարգմանել է նաև Հովհան Անգլիացու «Համառօտ հաւաքումն յաղագս հոգւոյ» երկը (մինչև 1668, Մատենադարան, ձեռ. դ 606), որը 1337-ին թարգմանել էր Հակոբ Քռնեցին: Ստեփանոս Լեհացու թարգմանչական բեղուն գործունեության ամենալուրջ արգասիքը Արիստոտելի «Մետաֆիզիկա»-ի թարգմանությունն է (թրգմ. լատ., մինչև 1675, Մատենադարան, ձեռ. դ 10032), որը մինչ այդ թարգմանվել էր միայն արաբերեն և լատիներեն: Ստեփանոս Լեհացին XVII դ. հայ տպագրիչ Ոսկան Երևանցու պատվերով լատիներենից թարգմանել է նաև «Իմաստութիւն Սիրաքայ» (մինչև 1666, Մատենադարան, ձեռ. դ 705, սակայն ուշացման պատճառով չի մտել Աստվածաշնչի ոսկանյան հրատարակության մեջ, ուստի Ոսկան Երևանցին այնտեղ զետեղել է նույնի իր թարգմանությունը), «Ղուրան» (մինչև 1680, Մատենադարան, ձեռ. դ 3109), «Բուրաստան աղօթից» (Մատենադարան, ձեռ. դ 553, հրտ. 1685) և այլ գործեր: Նրա բանաստեղծական փայլուն ձիրքի վկայությունն են դ 553 ձեռագրում սփռված թարգմանական չափածո ստեղծագործությունները, որոնցից հատկանշական է «Երգ ոտանաւոր առ Յիսուս Քրիստոս արարեալ սրբոյն Բեռնարտոսի» ծավալուն ստեղծագործությունը (49 քառատող):
Ստեփանոս Լեհացին թողել է նաև ինքնուրույն աշխատություններ, որոնցից ամենաարժեքավորը «Բանք իմաստասիրականք և աստուածաբանականք...» ծավալուն բառարանն է (մինչև 1662, Մատենադարան, ձեռ. դ 110): Բառարանում տրված են ժամանակի աստվածաբանական, փիլիսոփայական, գեղագիտական, բարոյագիտական առավել կարևոր հասկացությունները՝ տարբեր աղբյուրներից քաղված բացատրություններով: Կրոնադավանաբանական և եկեղեցիների փոխհարաբերության հարցերում, ի տարբերություն միարարականների (տես Ունիթորություն) ու հակամիարարականների, ունեցել է փոխզիջողական դիրքորոշում:
Միրզոյան Հ.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 925-926:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am