ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱ, սուրբ Ստեփանոս Նախավկա (Ստեփանոս անունը հունարեն  է, նշանակում է պսակ), I դարի քրիստոնյա, հելլենական հրեա. անդրանիկ վկան, որն իր արյունը թափեց՝  Հիսուս Քրիստոսին Աստծո Որդի վկայելով: Մեկը Հիսուսի յոթանասուն (կամ յոթանասուներկու) աշակերտներից, որին, ուրիշ վեց հոգիների հետ, նախնական եկեղեցին Պետրոս առաքյալի առաջնորդությամբ կարգեց եկեղեցու սեղանի սպասավոր (սարկավագ):

Սուրբ Գիրքը Ստեփանոս Նախավկայի մասին վկայում է, որ նա լցված էր աստվածային «շնորհներով և զորությամբ»,  «... ժողովրդի մեջ զարմանալի գործեր և մեծամեծ նշաններ էր անում» (Գործք 6.8): Սուրբ Հոգու զորությամբ քարոզել է Հիսուս Քրիստոսին, ինչի պատճառով արտասահմանից եկած հրեաները Ստեփանոս Նախավկայի դեմ են գրգռել Երուսաղեմի հրեա ժողովրդին, քահանաներին ու օրենսգետներին և նրան հանձնել բարձրագույն ատյանին: «Եվ բերեցին կանգնեցրին սուտ վկաներ, որոնք ասում էին. «Այս մարդը չի դադարում հայհոյական խոսքեր ասել այս սուրբ տեղի և օրենքի դեմ...» ... Եվ բոլոր նրանք, որ նստած էին ատյանում, նրան նայելով՝  տեսան, որ նրա երեսը հրեշտակի երեսի նման էր» (Գործք 6.13–15):

Ի պատասխան այդ բանսարկության՝  Ստեփանոս Նախավկան ատյանում սկսել է Սուրբ Հոգով մեկնել Հին կտակարանը, թե՝  բոլոր մարգարեները նախապես վկայել են Արդարի՝  Մեսիայի՝ Հիսուս Քրիստոսի գալուստը: Եվ եզրափակելով՝  ասել է. «Ձեր հայրերը մարգարեներից որի՞ն չհալածեցին: Եվ սպանեցին նրանց, որոնք նախօրոք պատմեցին Արդարի գալստյան մասին, որի մատնիչներն ու սպանողները եղաք դուք այժմ, դուք, որ հրեշտակների հրամանների միջոցով օրենքն ստացաք, բայց այն չպահեցիք»  (Գործք 7.52–53):

Ստեփանոս Նախավկակին քարկոծելով սպանել են Երուսաղեմի շրջակայքում, երբ նա բացականչել է. «Ահա տեսնում եմ երկինքը բացված և մարդու Որդուն, որ կանգնած է Աստծո աջ կողմը» (Գործք 7.55): Ստեփանոս Նախավկան., Աստծուց թողություն խնդրելով իրեն քարկոծողների համար, մեռել է (Գործք 7.59): Նրա սպանությանն ականատես և կամակից Սողոսը (ապագա Պողոս առաքյալը) հետագայում, դարձի գալուց հետո, գրել է. «Եվ երբ թափվում էր քո վկայի` Ստեփանոսի արյունը, ես ինքս էի, որ նրա մոտ էի կանգնել և համաձայն էի լինում նրա սպանմանը. և նրան սպանողների զգեստներն էի պահում» (Գործք 22.20):

Ըստ վկայագիրների` Ստեփանոս Նախավկային թաղել են Գամաղիելը (Պողոս առաքյալի ուսուցիչը) և Նիկոդեմոսը (Հիսուսի ծածուկ աշակերտներից)՝  իրենց ագարակում, որտեղ հետագայում թաղել են նաև նրանց: Այնուհետև Ստեփանոս Նախավկայի տապանակը Հուլիանե իշխանուհին (նահ. IV դ. սկզբին) ամփոփել է Կ. Պոլսում: Հետագայում նրա մասունքները տեղափոխվել են Վենետիկ և դրվել Ս. Գևորգ կղզու Մայր եկեղեցու մեջ, որտեղ ամեն տարի տոնվում է սուրբի հիշատակը: Հայ եկեղեցին ս. Ստեփանոս Նախավկայի հիշատակը նշում է Ավագ տոների հետ՝  դեկտեմբերի 25-ին կամ հաջորդ օրը (եթե դեկտ. 25-ը կիրակի կամ պահոց է լինում), հունադավան եկեղեցիները՝ դեկտեմբերի  27-ին և օգոստոսի 2-ին, Կաթոլիկ եկեղեցին՝ դեկտեմբերի  26-ին, մայիսի 7-ին և օգոստոսի 3-ին:

Ստեփանոս Նախավկան անդրանիկ վկան է, որն իր նահատակությամբ նմանվում է Հիսուսին՝ ճանապարհ բացելով հետագա վկաների ու մարտիրոսների համար: Եկեղեցու հայրերն ու վարդապետները ներբողյաններ են հյուսել ս. Ստեփանոս Նախավկայի մասին, որոնցից նշանավոր են Եփրեմ Ասորու, Պրոկղի, Գրիգոր Նյուսացու, Օգոստինոսի ներբողյան-ճառերը:

Ստեփանոս Նախավկայի անունով Հայաստանում վանքեր ու մատուռներ են կառուցվել, որոնցից նշանավոր են Ջուղայի Ս. Ստեփանոս Նախավկա, Դարաշամբի Ս. Ստեփանոս Նախավկա, Աստապատի Ս. Ստեփանոս Նախավկա վանքերը:

 

                                                                                     Սարգսյան  Լ.

 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 926-927:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am