ՍՏԵՓԱՆՈՍ ՌՈՇՔԱ, Ստեփանյան (12.8. 1670, Կամենից Պոդոլսկ – 31.10.1739, Ստանիսլավով), աստվածաբան, քարոզիչ, բառարանագիր, ժամանակագիր: Նախնական կրթությունն ստացել է Կամենիցում, ապա ավարտել Լվովի հայոց հոգևոր բարձրագույն դպրանոցը, 1691-ից սովորել է Հռոմի Ուրբանյան դպրանոցում, ստացել աստվածաբանության ու փիլիսոփայության դոկտորի աստիճան, ձեռնադրվել քահանա: 1701-ին վերադարձել է Լեհաստան, պաշտոնավարել Կամենիցում, Ստանիսլավովում, եղել հայ կաթոլիկ համայնքների հոգևոր հովիվ, ավագերեց, եպիսկոպոս, 1713-ից՝  Լվովի թեմի առաջնորդական փոխանորդ: Ծավալել է մշակութային, մանկավարժական, ազգային-եկեղեցական բուռն գործունեություն: Բարենորոգել է հայկական եկեղեցիները, ստեղծել «կտրիճավորաց եղբայրություններ», նրանց համար գրել կանոններ: Ստեփանոս  Ռոշքան անձնական սերտ կապեր ու նամակագրություն է ունեցել Մխիթար Սեբաստացու, Իսրայել Օրու, Խաչատուր Կարնեցու, կոմս Ստ. Շեհրիմանյանի ու նրա որդիների, Թովմա Վանանդեցու և հայազգի այլ գործիչների հետ:

Ստեփանոս  Ռոշքան եղել է լեհահայ գաղութի հայալեզու վերջին մեծ գործիչը: Գրել է «Բարոյական աստվածաբանութիւն»«Տրամաբանութիւն և փիլիսոփայութիւն»«Յաղագս շրջանի և ծառազատկին պատճառի» երկերը, ձեռնամուխ եղել հայ կաթոլիկ եկեղեցու համար Վ. արք. Հունանյանի խմբագրած, լատինաբանություններով խիստ աղճատված Մաշտոց, Պատարագամատույց, Տոնացույց ժողովածուները հայացնելու, խմբագրելու և հրատարակության պատրաստելու գործին: Հայրենակիցների համար լատիներենից հայերեն է թարգմանել «Դուռն ողորմութեան Աստուծոյ...» (1702) աղոթամատույցը, իտալացի աստվածաբան, կարդինալ Ռոբերտոս Բելարմինոսի  «Մեկնութիւն քրիստոնէական վարդապետութեան» երկը: Ստեփանոս  Ռոշքայի գրչին է պատկանում նաև «Յաղագս հերետիկոսութեանց» աշխատությունը, որը դեռևս չի հայտնաբերվել: Լինելով մեծ ազգասեր ու արևմտաեվրոպական լուսավորչական նոր գաղափարների կրող՝  նա ազգի պահպանման ու փրկության հիմն. գործոններից մեկը համարել է կրթությունն ու լուսավորությունը:

Այդ նպատակով գիտ. աշխատություններ է գրել ոչ թե ուծացող իր հայրենակիցների համար, որոնց ճակատագիրն արդեն որոշված է համարել, այլ «յօգուտ Հայաստանեայցն եղբարց»: 1718-ին ավարտել է  «Քերականութիւն... ըստ իսկական ոճոյն լեզուին հայոց...» աշխատությունը (անտիպ), որի ձեռագիր ընդօրինակումները պահվում են աշխարհի մի շարք մատենադարաններում: Ստեփանոս  Ռոշքայի հեղինակած «Ժամանակագրութիւն կամ Տարեկանք եկեղեցականքը»  (հրտ. 1964) հայ մատենագրության մեջ պահպանված միակ աշխատությունն է, որտեղ նա ժամանակագր. կարգով՝  I դարից (Քրիստոսի ծննդից) մինչև 1739-ը ընդգրկող հատվածում, ներկայացրել է ընդհանուր և, մասնավորապես, Հայ եկեղեցու պատմությունը, Հայաստանում ու Լեհաստանում կատարված կարևորագույն դեպքերն ու իրադարձությունները: Լեհահայոց եկեղեցուն ու նրա կաթոլիկացման պատմությանը նվիրված հատվածները հրատարակել է Ղ. Ալիշանը («Կամենից», 1896), իսկ հայոց պատմությանն ու եկեղեցունը՝ Հ. Ոսկյանը («Ժամանակագրութիւն», 1964): Ստեփանոս  Ռոշքայի նշանավոր աշխատություններից է «Գանձարան հայոց լեզվի կամ Բառգիրք Ստեփանեան» հայ-լատիներեն, լատիներեն- հայերեն,  հայ մատենագրության վրա հիմնված հայերեն բառերի, դրանց մեկնաբանությունների ու բացատրությունների երկհատոր բառարանը: Ըստ իր «Նամականու», նա սկսել է Բառգրքի վրա աշխատել 1700-ից, ավելի քան 30 տարի: Միջոցներ չլինելու պատճառով չի կարողացել հրատարակել: Ձեռագիր ութ ընդօրինակումները, ինչպես և նրա մյուս անտիպ երկերը, պահվում են Վենետիկի, Վիեննայի, Զմմառի, Վատիկանի, Կրակովի և այլ մատենադարաններում:

                                                                                       

                                                                                            Բարսեղյան  Բ.

 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 927-928:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am