Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Ստեփանոս Սյունեցի

 ՍՏԵՓԱՆՈՍ ՍՅՈՒՆԵՑԻ, Ստեփանոս Քերթող, Ստեփանոս Սյունեցի երկրորդ (660/670, Դվին – 21.7.735, թաղված է Թանահատի վանքում), մատենագիր, աստվածաբան, մեկնիչ, թարգմանիչ, քերական, երաժիշտ, բանաստեղծ: Նրան կոչել են «Սիւն երկնի, խարիսխ հաւատոյ»: Դվինի կաթողիկոսարանի ավագերեցի որդին: Սովորել է Դվինի կաթողիկոսարանի, Մաքենյաց վանքի դպրոցներում, Սյունիքի վարդապետարանում, աշակերտել Սողոմոն Մաքենացուն, Մովսես Քերթողին: Կ. Պոլսում սովորել է հունարեն, լատիներեն, ուսումնասիրել աստվածաբանություն, փիլիսոփայություն, երաժշտություն և այլ գիտություններ: Ուսումը կատարելագործելու նպատակով ուսումնակից ընկերոջ՝  քահանա Գրիգոր Այրիվանեցու հետ մեկնել է Աթենք (մոտ 710-ին): Գալով Կ. Պոլիս (712)՝ Դավիթ Հյուպատոսի հետ ձեռնամուխ է եղել մի շարք երկերի հայացմանը: 728-ին վերադարձել է Հայաստան և մինչև 735-ը դասավանդել Դվինի կաթողիկոսարանի դպրոցում, զբաղվել մատենագրությամբ: 735-ին կարգվել է Սյունյաց եպիսկոպոս: Սպանվել է մի կնոջ ձեռքով, որին հանդիմանել է քարոզի ժամանակ:

Ստեփանոս  Սյունեցին թողել է մեծածավալ ժառանգություն՝ մեկնաբանական, դավանաբանական աշխատություններ, թարգմանական երկեր, հոգևոր երգեր, տաղեր: Նրա անունով մեզ են հասել «Մեկնութիւն չորից Աւետարանչացն» (731), «Պատճառք և թելադրութիւնք Առաջին տեսլեանն Եզեկիելի»«Մեկնութիւն Դանիէլի»«Մեկնութիւն Յոբայ»«Մեկնութիւն Արարածոց»«Մեկնութիւն քերականին» (հրտ. 1915), «Մեկնութիւն ժամակարգութեան»  (հրտ. 1915–16):

«Ժամակարգութեան» մեկնության նպատակն է եղել ոչ միայն բացատրել ծիսական պարագաների խորհուրդը, այլև պահպանել ծիսակարգի հնավանդ մաքրությունն ու ազգային նկարագիրը՝  զերծ մնալով օտարամուծություններից:

Մեկնությունը հայտնի է ընդարձակ և համառոտ տարբերակներով: Դավանաբանական հայեցակետից ուշագրավ է Պատարագի Երից սրբասացությանը («Երգ Երեքսրբենի») նվիրված Դ գլուխը, որտեղ հեղինակը հաստատում է «խաչեցար» ասելու Հայ եկեղեցու առաքելավանդ տեսակետը. «Սուրբ Աստուած, Սուրբ և Հզոր, Սուրբ և Անմահ, որ խաչեցար վասն մեր»:

Ստեփանոս  Սյունեցին «Սուրբ Աստուած»-ի  «խաչեցար» հավելմանը, համաձայն արևելաքրիստոնեական վարդապետության, տալիս է քրիստոսաբանական մեկնություն և այդ տեսակետը հիմնավորում նրանով, որ Կույսից մարմնացած Բանը Աստված է. երեք անգամ կրկնվող «սուրբ» բառը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի Աստվածությունը, հզորությունը և անմահությունը: Դրանով հեղինակը Երից սրբասացության բանաձևն ընկալում և վավերացնում է որպես ծիսական պահի համար կանխասահմանված հայտնութենական իրողություն, որի նպատակը դավան. ճշմարտությունների հաստատագրումն է: Ստեփանոս  Սյունեցու «Մեկնութիւն ժամակարգութեան», ինչպես և «Ի խորհուրդ Եկեղեցւոյ»«Խորհուրդ եւ կարգաւորութիւն Եկեղեցւոյ»«Պատճառ հիմնարկութեան Սրբոյ Եկեղեցւոյ»  երկերը հետաքրքրական են եկեղեցական արարողակարգին առնչակից պատարագների տեսական բովանդակության ուսումնասիրման, եկեղեցական  ճարտարապետության առանձին մասերի աստվածաբան. բացատրության, այսինքն՝ խորհրդանշանի աստվածաբանության համար: «Մեկնութիւն չորից Աւետարանչացն»-ը Սյունյաց մեկնողական դպրոցի հին շրջանի մեզ հասած միակ ամբողջական երկն է: Երկար ժամանակ այն կորած է համարվել: 1917-ին Գարեգին եպս. Հովսեփյանը (Մեծի Տանն Կիլիկիոկաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյան) գտել է 1155-ին գրված մի ձեռագրում: Ստեփանոս Սյունեցու մեկնությունը գրել է Դավիթ Ա Արամոնեցու պատվերով: Նա մեկնել է Ավետարանի «դժվարապատում»  բառերն ու խոսքերը, կատարել բնագրային ճշգրտումներ: Այս սկզբունքով մեկնել է Մատթեոսի Ավետարանը, ապա մյուս երեքի՝ Մարկոսի, Ղուկասի, Հովհաննեսի Ավետարանների այն հատվածները, որոնք չեն եղել Մատթեոսի Ավետարանում: Մատթեոսի, Մարկոսի (մեկնված է միայն 14-րդ գլխի 53 համարը), Ղուկասի, Հովհաննեսի Ավետարանների մեկնությունները պահվում են Մատենադարանում (ձեռ. դ 5551, Հովհաննեսինը նաև՝ ձեռ. դդ 1349, 1350, 2520, 9372) և Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի ձեռագրատանը (ձեռ. դ 1046):

«Վասն անապականութեան մարմնոյն Քրիստոսի»  դավանաբանական աշխատությունը տեսականից զատ ունի նաև աղբյուրագիտական նշանակություն: Այստեղ ուշագրավ վկայությունն եր են բերված ոչ միայն Ընդհանրական եկեղեցու նշանավոր հայրերի, այլև Հայ առաքելական եկեղեցու երևելի ներկայացուցիչներ Պետրոս Սյունեցու, Դավիթ Հարքացու, Հովհան Կարնեցու, Հովհաննես Գ Օձնեցու, Հովհան Մայրավանեցու անապականության խնդրին վերաբերող դավանաբան. գործերից («Արարատ», 1902): Ստեփանոս Սյունեցին գրել է նաև Կ. Պոլսի պատրիարք Գերմանոսին, Անտիոքի պատրիարքին, Աղվանքի վարդապետներին ուղղված դավանաբանական բնույթի պատասխան թղթեր՝ «Պատասխանի թղթոյն Գերմանոսի»«Պատասխանի թղթոյն Անտիոքու եպիսկոպոսի» (զետեղվել են «Գիրք թղթոց»-ում, էջ 323–334, 373–395), «Պատասխանի առ վարդապետսն Աղուանից»:

Ստեփանոս Սյունեցին որպես բանաստեղծ-երաժիշտ, շարականագիր հիշատակվել է միջնադարյան տարբեր աղբյուրներում: Նրան են վերագրվել շարականների ամբողջական շարքեր (օր., «Մարտիրոսաց և ննջեցելոցը»), Հարության Ավագ օրհնությունները, սուրբ Խաչին նվիրված տաղեր ևն, ինչպես և Հինանց և պահոց ստողոգիական սաղմոսները, որոնք հետագայում զետեղվել են Մանրուսում ժողովածուներում և հարատևել: Ստեփանոս Սյունեցու՝ որպես ակնառու երաժիշտ-տեսաբանի անվան հետ են կապվել մի շարք կարևոր տեղաշարժեր և բարեփոխումներ. ութձայն համակարգի տեսական իմաստավորում և բարեկարգում, կանոնի ժանրի վավերացում, խազերի կիրառման նախնական փորձեր (տես Խազագրություն): Դիոնիսիոս Թրակացու «Մեկնութիւն քերականին» երկասիրության մեջ Ստեփանոս Սյունեցին մի է բերել V–VII դդ. երաժշտական գեղագիտությանը վերաբերող Դավիթ Անհաղթի, Դավիթ Քերականի և իր ուսուցիչ Մովսես եպս. Սյունեցու ձեռքբերումները՝ հարստացնելով այդ բնագավառն իր դիտարկումներով և դատողություններով: Աշխատության մեջ նա անդրադարձել է երաժշտական արվեստի դասակարգման, գեղագիտական կերպարի ստեղծման ձևերի, միջոցների ու հնարանքների, գուսան. ու հոգևոր երաժշտության փոխհարաբերության և այլ հարցերի:

Վաղ միջնադարի ազգային  մշակույթի զարգացման ոլորտում հատկանշական է Ստեփանոս Սյունեցու թարգմանական գործունեությունը: Դավիթ Հյուպատոսի մասնակցությամբ նա թարգմանել է Դիոնիսիոս Արիոպագացու «Յաղագս երկնայնոցն քահանայապետութեանց»«Յաղագս եկեղեցական քահանայապետութեանց»«Յաղագս աստուածային անուանց» ևն (712, հրտ. 1987), Կյուրեղ Ալեքսանդրացու «Գիրք պարապմանց» (715, հրտ. 1717), Նեմեսիոս Եմեսացու «Յաղագս բնութեան մարդոյ»  (719, հրտ. 1889) երկերը: Արժեքավոր են նաև Ստեփանոս Սյունեցու թարգմանած Աթանաս Ալեքսանդրացու ճառերը (զետեղված են Աթանաս Ալեքսանդրացու երկերի ժող-ի մեջ, հրտ. 1899), Գեորգ Պիսիդեսի «Յաղագս Վեցօրեայ արարչութեան» չափածո երկը, որը նա վերածել է արձակի (հրտ. 1806)):

 

 

                                                                      Քյոսեյան Հ. Արևշատյան Ա.

 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 928-930:


 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am