ՍՏԵՓԱՆՈՍ ՏԱՐՈՆԵՑԻ, Ստեփանոս Ասողիկ (ծ. և մ. թթ. անհտ), պատմագիր: Ապրել և ստեղծագործել է X դ. 2-րդ և XI դ. 1-ին կեսին՝ հայ պետականության ամրապնդման, երկրի տնտ. և քաղաքական վերելքի ժամանակաշրջանում: Տարոնեցի անունից ենթադրվում է, որ ծնվել է Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում, իսկ Ասողիկ պատվանվանն արժանացել է հավանաբար հմուտ երաժիշտ և երգասաց լինելու համար: Կրթությունն ստացել է Անիում: Կաթողիկոս Սարգիս Ա Սևանցու հանձնարարությամբ գրել է «Պատմութիւն տիեզերական» վերնագրով երկը՝ Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը ներկայացնելով հարևան երկրների և ժողովուրդների պատմության հետ միահյուսված:
Ստեփանոս Տարոնեցին միակն է, որ հիշատակում է Կ. Պոլսի Ս. Սոֆիայի տաճարի՝ երկրաշարժից քանդված գմբեթը (հեղինակի մոտ՝ ամբողջ տաճարը) վերակառուցած ճարտարապետի անունը՝ Տրդատ: Պատմության մեջ մեծարժեք վկայություններ կան Հայաստանում վանքերի շինարարության մասին, տեղեկություններ Կամրջաձորի, Նարեկի, Հաղպատի, Սանահինի, Հոռոմոսի և այլ վանքերի կառուցման, ինչպես նաև քաղաքացիական շինությունների, օր., Անի քաղաքի պարիսպների մասին:
Ստեփանոս Տարոնեցու «Տիեզերական պատմութիւնը» առաջին անգամ հրատարակել է Կարապետ Շահնազարյանցը՝ Փարիզում (1859), այնուհետև՝ Ստ. Մալխասյանցը՝ առաջաբանով և ծանոթագրություններով (Սանկտ Պետերբուրգ, 1885):
Հրատարակվել է նաև ռուսերեն (Մ. Էմինի թարգմանությամբ, 1864), գերմ. (Հ. Գելցերի թարգմանությամբ, 1907), ֆրանս. (Է. Դյուլորիեի թարգմանությամբ, 1883): Բացի «Տիեզերական պատմութիւն»-ից Ստեփանոս Տարոնեցին գրել է (մեզ չի հասել) Երեմիայի մարգարեության մեկնությունը: Այդ մասին հիշատակում է Գրիգոր Մագիստրոս Պահլավունին. «Մեկնութիւն Երեմիայի մարգարէի, զոր գրեալ է Ասողնկայ երջանիկ ծայրագոյնն ծերոյ»:
Բարթիկյան Հ.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 930:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am