ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ. Հայ առաքելական եկեղեցու հինգ Տաղավար տոներից, որը նվիրված է Աստվածորդու` Հիսուս Քրիստոսի Ծննդյանն ու Աստվածահայտնությանը (Մկրտությանը): Տիրոջ ծննդյան տոնակատարության առաջին հիշատակությունները սկսվում են 3-րդ դարից: Արևելքում մինչև 4-րդ դար Քրիստոսի ծննդյան տոնը կապվել է Աստվածահայտնության, այսինքն` Մկրտության տոնի հետ, որը նշվել է հունվարի 6-ին: Սակայն 336-ին Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես որոշել է Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Այս միջոցով քրիստոնյաներն ամենայն հավանականությամբ նպատակ ունեին այդ օրը տոնվող Արևի չաստված Միթրայի մեծ ժողովրդականություն վայելող տոնակատարությանը հակադրել «Արդարության Արեգակի»` Քրիստոսի ծնունդը: Հետագայում` 4-րդ դարի վերջին, Ասորիքում, իսկ ապա` 5-րդ դարի կեսին, գրեթե ողջ Արևելքում (Ալեքսանդրիայում, Անտիոքում, Կոստանդնուպոլսում) Քրիստոսի ծննդյան տոնի օրը փոխադրվել է դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնացել որպես Տիրոջ Աստվածահայտնության օր: 451-ին Քաղկեդոնի ժողովը դեկտեմբերի 25-ը վերջնականապես հաստատել է Հիսուսի ծննդյան օր, թեև Երուսաղեմի եկեղեցին մինչև 549-ը շարունակել է նշել հունվարի 6-ին: Միայն Հայ եկեղեցին է, որ հաստատուն է մնացել հնագույն ավանդույթին և Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը շարունակում է նշել միասին՝ հունվարի 6-ին: Հայ եկեղեցում Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը օրացուցային տարվա առաջին տոնն է:
Եկեղեցական տոնակատարությունն սկսվում է հունվարի 5-ի երեկոյան՝ Ճրագալույցի կամ Խթման սուրբ Պատարագով, որին նախորդում է յոթօրյա պահեցողության ու ապաշխարության շրջանը: Երեկոյան սուրբ Պատարագի ընթացքում հնչում է ավետիսը՝ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ»: Պատարագից հետո պահքը լուծվում է, և սկսվում ուտիքի ու տոնակատարության շրջանը, որը տևում է մինչև հունվարի 13-ը: Այս բոլոր օրերին քրիստոնյաները միմյանց ողջունում են «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» ավետիսով, որի պատասխանն է՝ «Ձեզ եւ մեզ մեծ աւետիս»:
Գլխավոր տոնակատարությունը կատարվում է հունվարի 6-ին՝ սուրբ Պատարագի հանդիսավոր արարողությամբ ու Ջրօրհնյաց մեծաշուք հանդեսով: Ջրօրհնեքը նվիրված է Տիրոջ մկրտությանը և այդպիսով՝ ջրի սրբագործման մեծագույն խորհրդին:
Հունվարի 7-ը, ինչպես և բոլոր Տաղավար տոներին հաջորդող օրերը, մեռելոց հիշատակության օր է, երբ հոգեհանգստյան սուրբ Պատարագից հետո հավատացյալներն այցելում են իրենց հարազատների շիրիմներին:
Հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին՝ Հիսուսի անվանակոչության տոնակատարությամբ, որը նվիրված է Տիրոջ յոթ օրական հասակում տաճար բերվելու, 8-րդ օրը թլփատվելու և Հիսուս անունը ստանալու հիշատակին:
Երաժշտություն:
Ծննդյան տոնի հոգևոր երգերը վերագրվում են պատմահայր Մովսես Խորենացուն (ըստ Ն. Թահմիզյանի, Մովսես Խորենացուն պատկանող Ծննդյան, Տյառնընդառաջի, Աստվածածնի Վերափոխման և այլ տոներին նվիրված երգերի ընդհանուր թիվը 120 է): Դրանցից առանձնապես ճանաչված է «Խորհուրդ մեծ»-ը: Ջրօրհնեքին, ի թիվս այլ հոգևոր երգերի, կատարվում են երկու հանրածանոթ ստեղծագործություններ՝ Գրիգոր Գ Պահլավունու (12-րդ դար) «Ով զարմանալի» տաղը և Հովհաննես Երզնկացի Պլուզի (13-րդ դար) «Այսօր ձայնն հայրական» հորդորակը: Տոնի սրբասացությունը Ներսես Շնորհալու «Բազմութիւնք հրեշտակացն» է:
Պատկերագրություն:
Ըստ Մատթեոս և Ղուկաս ավետարանիչների «Ծնունդը» քրիստոնեական արվեստում պատկերագրական հարուստ ավանդներ ունեցող, նաև հին կանոնից շեղվող, ձևի թարմության ձգտող թեմաներից է: «Ծննդյան» տեսարանի հին օրինակները պահպանվել են Պաղեստինի նկարազարդ սրվակներին, Կապադովկիայի ժայռափոր տաճարների որմերին, Հռոմի Սանկտա Սանկտորիում եկեղեցու մետաքսե գործվածքի վրա: Օձունի հայտնի կոթողի հարթաքանդակը և «Էջմիածնի Ավետարան»-ի «Մոգերի երկրպագությունը» մանրանկարը (6-րդ դար) «Ծննդյան» թեման ներկայացնող հայկական արվեստի վաղ շրջանի նմուշներից են: Քրիստոնեական կանոնի համաձայն՝ Բեթղեհեմի նշանավոր քարայրում մանուկ Հիսուսը շորերով փաթաթված կամ մերկ դրված է մսուրի մեջ, որի աջ մասում Տիրամայրն է, ձախում՝ եզ և ավանակ:
Վերևի հատվածում սովորաբար պատկերվում են հրեշտակները, ներքևի մասում՝ հովիվներն ու մոգերը: Պատկերի առաջնամասում՝ ամենաներքևի հատվածում, նկատելի է մտորող Հովսեփը: Այդ մասում երբեմն պատկերվում են Եվան ու Սողոմեն՝ ավազանի մեջ Հիսուսին լողացնելիս: Հայկական արվեստում թեմայի լավագույն իրագործումներից են Թորոս Ռոսլինի, Գրիգոր Ծաղկողի, Հովհաննես Սանդղկավանեցու համապատասխան մանրանկարները, Աղթամարի վանքի ՍուրբԽաչ եկեղեցու (921) որմնանկարը:
Աղբյուր՝
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002, էջ 939 – 940:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am