ՍՅՈՒՆԻ ՎԱՆՔ, Սիսավանի վանք, Սիսիանի Ս . Գրիգոր եկեղեցի, ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում: Ըստ պատմիչ Ստեփանոս արք. Օրբելյանի, Սյունյաց վանքի Ս. Գրիգոր եկեղեցին (հետագայում վերանվանվել է Ս. Հովհաննես) հայոց թվականությունից առաջ հիմնադրել է Սյունյաց Վարազդուխտ իշխանուհին: Վանքի առջև Սյունյաց իշխանները կառուցել են արքունական տուն և իշխանանիստ ապարանք: Եկեղեցին VII դ. վերջին քառորդում հիմնովին վերակառուցել են Կոհազատ իշխանն ու Սյունյաց եպս. Հովսեփ Ա-ն (670–689)՝ Թեոդորոս Սիոն վանականի օժանդակությամբ: Ստեփանոս արք. Օրբելյանը Սյունյաց վանքն իր նշանակությամբ համարել է Սյունիքի վանքերից երրորդը:

Սյունի վանքՍրբատաշ կապտավուն բազալտից կառուցված Ս. Գրիգոր եկեղեցին ունի «հռիփսիմեատիպ» միջանկյալ երեք քառորդ խորշերով քառախորան, չորս անկյուններում ավանդատներով հորինվածք: Գմբեթի 12-նիստանի թմբուկը զարդարված է կամարաշարով, քիվերը՝ հյուսածո զարդաքանդակով, գմբեթակիր կամարները հենվում են ոլորազարդ խոյակների վրա:

Գմբեթի քիվին չորս ավետարանիչների դիմապատկերներն են՝ քանդակված մինչև գոտի, աջ ձեռքը վեր բարձրացրած (անունները փորագրված են ներքևում): Արմ. ճակատին Հովհաննես եկեղեցապանի խիստ եղծված հարթաքանդակն է: Ներսում, գմբեթի կիսաոլորտի ներքևի մասում Կոհազատ իշխանի, Հովսեփ եպիսկոպոսի և Թեոդորոս վանականի պատկերաքանդակներն են, որոնք աչքի են ընկնում ընդգծված անհատականությամբ: Սյունյաց վանքի Ս. Գրիգոր եկեղեցու քարերին շինարար վարպետների նշաններն են՝ մեծ մասամբ անվան սկզբնատառի ձևով: Սյունյաց վանքը վերանորոգվել է 1959–61-ին:

                                                                                                                   

                                                                                           Հասրաթյան  Մ.

 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 912:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am