ՍՅՈՒՆՅԱՑ ՄԵՏՐՈՊՈԼԻՏՈՒԹՅՈՒՆ, Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևորվարչատարածքային միավոր Մեծ Հայքի Սյունիք նահանգում: Եղել է Հայ եկեղեցու միակ մետրոպոլիտությունը: Ենթադրվում է, որ ստեղծվել է X դ.՝ կապված Սյունյաց գահերեց իշխանների, Սյունյաց եպիսկոպոսական աթոռի հզորացման, անկախության ձգտումների և Սյունյաց անկախ թագավորության հռչակման (987) հետ: Հայոց կաթողիկոս Անանիա Ա Մոկացին է իր «Յաղագս ապստամբութեան տանն Աղուանից» գրվածքում («Արարատ», 1897, էջ129–144) առաջին անգամ Սյունյաց եպիսկոպոսին (Հակոբ Ա) հիշատակում մետրոպոլիտ կոչումով:
Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ Սյունյաց աթոռը Հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծից է ստացել մետրոպոլիտության իրավունք՝ իր իշխանության տակ միավորելով Սյունյաց աշխարհի 12 եպիսկոպոսություններ:
Հայոց կաթողիկոսական աթոռի դեմ Սյունյաց Հակոբ Ա եպիսկոպոսի ապստամբությունը, կենտրոնախույս գործողությունները և Աղվանից կաթողիկոսության հետ մերձենալու փորձերը հանգեցրել են նրան, որ Անանիա Ա Մոկացին բանադրել է Սյունյաց եպիսկոպոսին և զրկել աթոռը մետրոպոլիտության աստիճանից: Սյունյաց աթոռին Հակոբ Ա-ին հաջորդած եպիսկոպոսները մինչև Հովհաննեսը (1006) չեն կրել մետրոպոլիտի կոչում: Հայոց կաթողիկոս Սարգիս Ա Սևանցին, ընդառաջելով Սյունյաց Վասակ թագավորի, նրա դստեր՝ Հայոց թագուհի Կատրանիդեի և իշխանների խնդրանքին, 1006-ին վերականգնել է Սյունյաց մետրոպոլիտություն, վերադարձրել նրա նախկին առանձնաշնորհումները և կաթողիկոս անիստ ու մայրաքաղաք Անի գնացած Հովհաննես կրոնավորին ձեռնադրել Սյունյաց մետրոպոլիտ: Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ Սարգիս Ա Սևանցին Հովհաննեսի ձեռնադրության առիթով նրան է հանձնել Հայոց կաթողիկոսարանում պահած «Սյունյաց սեփական խաչը, ոսկերիզ խաչվառը, թանկարժեք գավազանը և պատվական գահավորակը»: Սյունյաց
մետրոպոլիտի իրավունքն էր իր ենթակայության տակ գտնվող 12 թեմերում ձեռնադրել եպիսկոպոսներ (նաև քորեպիսկոպոսներ), վարդապետներ, քահանաներ և եկեղեցու այլ սպասավորներ, Հայոց կաթողիկոսից ստացած մյուռոնը բաժանել իր իրավասության տակ գտնվող վանքերին ու եկեղեցիներին, գումարել տեղական նշանակության եկեղեցական ժողովներ, կարգավորել և լուծել ծագած վեճերն ու վարչատարածքային խնդիրները, հետևել դպրության և լուսավորության գործին:
Հայոց կաթողիկոսները, Սյունյաց մետրոպոլիտության կենտրոնախույս միտումներին վերջ դնելու համար, Սյունյաց անհնազանդ եպիսկոպոսներին երբեմն զրկել են մետրոպոլիտության պատվից՝ նրանցից վերցնելով այդ աստիճանը խորհրդանշող խաչը, գավազանը և գահավորակը:
Սյունյաց մետրոպոլիտությունը կրկին վերականգնվել է XII դ., երբ Գրիգոր Մեղրեցին մեկնել է Կիլիկյան Հայաստան,Հայոց կաթողիկոս Գրիգոր Գ Պահլավունուց ձեռնադրվել եպիսկոպոս և նշանակվել Սյունյաց մետրոպոլիտ: Նրան հաջորդել է որդին՝ Ստեփանոս Գ (Ստեփանոս Ֆախր էլ Մսեհ), որը մետրոպոլիտ նշանակվելու համար մեկնել է Կիլիկյան Հայաստան և Ներսես Շնորհալուց ձեռնադրվել եպիսկոպոս: Նրա առաջնորդության օրոք (1170–1216) Սյունյաց մետրոպոլիտության աթոռանիստն է դարձել Ամաղուի Նորավանքը: Դա պայմանավորված էր Սյունյաց թագավորության վերացմամբ (1170), Տաթևի վանքի ավեր վիճակով և Վայոց ձորում (որտեղ գտնվում էր Նորավանքը) Կապանի իշխանական տոհմերի ժառանգների հաստատմամբ: Դրանից բացի Վայոց ձորը Հայոց թագավոր Գագիկ Ա Բագրատունու ժամանակ (989–1020) անջատվել էր Սյունյաց թագավորությունից և միացվել Բագրատունյաց թագավորությանը, ինչի շնորհիվ չէր տուժել սելջուկյան ավերածություններից:
Սյունյաց մետրոպոլիտության գահանիստը սկզբնապես եղել է Շաղատ գյուղաքաղաքը, ապա՝ Տաթևի վանքը, XIII դ. կեսից՝ Նորավանքը: Ստեփանոս Օրբելյանը մետրոպոլիտ է նշանակվել Տաթևի աթոռի վրա, բայց նստել է Նորավանքում: Ստեփանոս Գ-ի մահից (1216) հետո մինչև 1287-ը՝ Ստեփանոս Օրբելյանի գահակալումը, Սյունյաց մետրոպոլիտության աթոռը բաժանվել է երկու աթոռների՝ Նորավանքի և Տաթևի վանքի, ինչը երկարատև ընդհարումների և գժտությունների տեղիք է տվել: Սյունյաց մետրոպոլիտությա երկփեղկումից հետո Նորավանքի և Տաթևի աթոռակալները պարզապես կոչվել են եպիսկոպոս և ոչ թե մետրոպոլիտ կամ արքեպիսկոպոս, իսկ Սյունյաց աթոռը դադարել է մետրոպոլիտություն լինելուց:
Սյունիքի միացյալ աթոռի վրա Ստեփանոս Օրբելյանի մետրոպոլիտ (1287–1303) նշանակվելուց հետո Տաթևի և Նորավանքի միջև ընդհարումներն աստիճանաբար դադարել են, իսկ նրանց եպիսկոպոսները միավորվել են Սյունյաց եպիսկոպոսների իշխանության ներքո:
Ստեփանոս Օրբելյանը, Կոստանդին Բ Կատուկեցուց ձեռնադրվելով եպիսկոպոս, նշանակվել է Սյունյաց մետրոպոլիտ ու Մեծ Հայքի պրոտոֆրոնտես, այսինքն՝ նախաթոռ արքեպիսկոպոս:
Ըստ Մ. Օրմանյանի, դա նշանակում էր բուն Հայաստանի վրա կաթողիկոսական ներկայացուցիչ, քանի որ Կիլիկյան Հայաստանում գտնվող Հայոց ընդհանրական կաթողիկոսությանը դժվար էր անմիջական հսկողություն սահմանել հեռավոր թեմերի վրա: Ստեփանոս Օրբելյանի գահակալության տարիներին Սյունյաց մետրոպոլիտությունը ծաղկման աննախադեպ շրջան է ապրել. բարելավվել է Սյունյաց աթոռի տնտեսական վիճակը, նոր նվիրատվությունների միջոցով զգալիորեն ընդարձակվել են Տաթևի վանքի և Նորավանքի հողային տիրույթները, նորոգվել Տաթևի վանքի և Սյունիքի մյուս ավերված եկեղեցիները, կառուցվել նորերը, իսկ Սյունիքը դարձել է Արլ. Հայաստանի եկեղեցական, հոգևոր, մշակութային, գիտական նշանավոր կենտրոն: Հիմնվել է Գլաձորի համալսարանը, որին նյութական նվիրատվություններով մեծապես օգնել են Ստեփանոս Օրբելյանը, Պռոշյան և Օրբելյան իշխանական տները: Ավելի ուշ հիմնադրված Տաթևի համալսարանը շարունակել է «Երկրորդ Աթենքի» Գլաձորի համալսարանի հոգևոր-մշակութային, գիտամանկավարժական արդյունավետ գործունեությունը:
Սյունյաց մետրոպոլիտության վերազարթոնքը շարունակվել է Ստեփանոս Օրբելյանին հաջորդած Հովհաննես Օրբելու (1303–24) և Ստեփանոս-Տարսայիճի (1324–31) մետրոպոլիտության օրոք, որոնք, նեցուկ կանգնելով Գլաձորի համալսարանին, ուսումնագիտական և գրչության մյուս կենտրոններին, անհրաժեշտ պայմաններ են ստեղծել նրանց հետագա զարգացման համար: Սյունյաց վարդապետներից և մշակութային գործիչներից հռչակված էին Ստեփանոս Օրբելյանը, Եսայի Նչեցին, Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին, Մոմիկը, Թորոս Տարոնացին, մանրանկարիչ Ավագը և ուր.:
Գլաձորի և Տաթևի համալսարանների շուրջ համախմբված Սյունյաց վարդապետները Սյունյաց մետրոպոլիտների գլխավորությամբ պայքարել են կաթոլիկ քարոզիչների և ունիթորության դեմ՝ Հայ եկեղեցու ինքնուրույնությունն ու ծիսադավանական կարգերն անաղարտ պահելու համար:
Նրանք արևելյան վարդապետների հետ անհաշտ պայքար են ծավալել Սսում նստող (տես Սսի կաթողիկոսարան) Հայոց կաթողիկոսների լատինամետ քաղաքականության դեմ՝ Հայ և Կաթոլիկ եկեղեցիների միությունը և ծիսադավանական նորամուծությունները դիտելով սպառնալիք ոչ միայն Հայ եկեղեցու, այլև՝ ընդհանրապես Կիլիկյան Հայկական թագավորության գոյությանը:
Սյունյաց մետրոպոլիտությունը վերացվել է 1837-ին: «Պոլոժենի»-ի ընդունումից (1836) հետո Սյունյաց մետրոպոլիտության տարածքը մտել է Երևանի թեմի մեջ (տես Արարատյան հայրապետական թեմ հոդվածում): 1988-ին Վազգեն Ա Պալճյանի կոնդակով Արարատյան հայրապետական թեմից առանձնացվել և կազմավորվել է Սյունյաց թեմը, որը վերահաստատվել է Գարեգին Ա Սարգիսյանի 1996-ի մայիսի 30-ի կոնդակով:
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 914-915:
Շատ դիտել են
ՔարտեզներՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՔԱՐՏԵԶ
Դիտումներ - 957
Նորությունների օրացույց
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am