ՍՅՈՒՆՅԱՑ ՄԵԾ ԱՆԱՊԱՏ, Հալիձորի Հարանց անապատ, ՀՀ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղի դիմաց, Որոտան գետի աջ ափին: 1611–13-ին հիմնադրել են Սաղմոսավանքի Սարգիս վարդապետը և Տրապիզոնից քահանա Կիրակոսը: Նրանք մինչ այդ ուխտի են մեկնել Երուսաղեմ, ծանոթացել անապատների կանոնադրությանը: Այցելել են Սյունիք՝ անապատական կյանքի հինավուրց և ավանդական կենտրոնը, եղել Տաթևի վանքում, Թանահատի վանքում, ապա, ըստ XVII դ. պատմիչ Առաքել Դավրիժեցու, նրանք որոնել են առավել խաղաղ և ապահով վայր ու Որոտան գետի ափին անապատ հիմնել, կառուցել եկեղեցի և մենակյացին պատշաճ խավար ու մթին փոքր խցեր:
XVII դ. մահմեդական նվաճողներից ասպատակված, հոգևոր-մշակութային անմխիթար վիճակում գտնվող Հայաստանում Սյունյաց Մեծ անապատը կարևոր դեր է խաղացել ժողովրդի կրթության, մշակութային կյանքի վերելքի գործում:
Սյունյաց Մեծ անապատը 1658-ի երկրաշարժի և դրան հետևած սողանքի պատճառով ավերվել է, իսկ երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկը սահել իջել է այժմյան տեղը: Երկու տարի անց միաբանությունը լքել է անապատը, տեղափոխվել այլ վայր և կառուցել նոր՝ Տաթևի Մեծ անապատը:
XVII դ. վերջին և XVIII դ. սկզբին արդեն Հալիձորի անապատ անվանվող Սյունյաց Մեծ անապատը վերստին կենդանացել է: Եկեղեցին նորոգել և գավիթը կառուցել է Սահակ աբեղան, պարիսպը՝ Տաթևի վանքի առաջնորդ Կիրակոս վարդապետը, իսկ դարպասը՝ 1817-ին, մի խումբ նվիրատուներ:
XVIII դ. կեսին անապատը նորից լքվել է: Հալիձորի Հարանց անապատը որպես կրոնական, կրթական և մշակութային կենտրոն երկար չի գոյատևել:
Սակայն Հայաստանում նրա շնորհիվ սկզբնավորված հոգևոր-մշակութային շարժումը շարունակել են անապատից ելած լուսավորիչները, որոնց հիմնադրած նոր մենաստաններից ու անապատներից յուրաքանչյուրը դարձել է մշակութային և կրթական կենտրոն: Անապատի սաներից Ներսես վրդ. Մոկացին հիմնել է Լիմի, Կարապետ եպս. Էջմիածնեցին՝ Սևանի, Տեր Արիստակեսը՝ Տանձափարախի, Դավիթ եպս. Շամքորեցին՝ Չարեքաանապատի, Մովսես վարդապետը (ապագա կաթողիկոս Մովսես Գ Տաթևացի)՝ Երևանի Ս. Անանիա առաքյալ անապատը: Ըստ Լեոյի, ՙգրական-կրթական իդեալներ պաշտող՚ Հալիձորի Հարանց անապատը կայանում է նաև «իբրև նախատիպ այն վանական հիմնարկության, որ հարյուր տարի հետո հաստատեց Մխիթար Սեբաստացին Վենետիկի կղզիներից մեկի վրա»:
Հասրաթյան Մ.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 913-914:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am