ՍՅՈՒՆՅԱՑ ԹԵՄ, Հայաստանյայց առաքելական եկեղեցու, վերակազմավորվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյանի 1996-ի մայիսի 30-ի կոնդակով: Առաջնորդանիստը՝ Գորիսի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Ընդգրկում է ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերը:
Սյունյաց թեմի տարածքում գտնվող Թանահատի (V դ.), Սյունի (VII դ.), Տաթևի (IX–XVII դդ.), Խոտակերաց (IX–XI դդ.), Ցաղաց քար (X–XIդդ.), Արատեսի (XI դ.), Հերմոնի (X–XVII դդ.), Թանադե (XIII դ.) վանքերը, Բղենո Նորավանքը (X–XI դդ.), Գնդեվանքը (X դ.), Որոտնավանքը (XI դ.), Վահանավանքը (X–XI դդ.), Նորավանքը (XIII–XIV դդ.), Գլաձորի համալսարանը (XIII դ.), Սյունյաց Մեծ անապատը, Շատին վանքը, Տաթևի Մեծ անապատը (երեքն էլ՝ XVII դ.) հայ միջնադարյան եկեղեցական, կրթական,մշակութային կյանքի ջահակիրներ են եղել: Սյունյաց թեմի գործող վանքերն ու եկեղեցիներն են՝ Գորիսի Ս. Գրիգոր Լուսավորիչը, Վայքի Ս. Տրդատը, Մալիշկայի Ս. Աննան, Մարտիրոս գյուղի Ս. Հակոբը, Թառաթումբ գյուղի Ս. Հովհաննեսը, Եղեգնաձորի Ս. Աստվածածինը, Գլաձորի Ս. Խաչը, Տաթևի վանքը, Տաթև գյուղի Ս. Ստեփանոսը, Վերիշենի Ս. Նորակնունքը, Մեղրիի Ս. Աստվածածինը, Ս. Հովհաննեսը, Սիսիանի Ս. Հովհաննեսը, Արենիի Ս. Աստվածածինը, Կապանի Ս. Մեսրոպ Մաշտոցը, Գեղանուշ գյուղի Ս. Հռիփսիմեն, Ծավ գյուղի Ս. Գևորգը, Նորավանքը, Գնդեվանքը: Թեմի տարածքում՝ Գորիսում, Սիսիանում, Եղեգնաձորում, գործում են կիրակնօրյա դպրոցներ, հիմնվել է քարոզչամշակութային կենտրոն: Գորիսում Մայր աթոռի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնը բացել է ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, գործում են եկեղեցական երգչախմբեր: Սյունյաց թեմի ունի բարեգործական ճաշարաններ, զոհված ազատամարտիկների երեխաների համար գործում է «Սիրանույշ» բարեգործական ճամբարը: Սյունյաց թեմի առաջնորդն է Աբրահամ եպս.Մկրտչյանը (1993-ից):
Մաթևոսյան Կ.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 912-913:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am