ՏԱՃԱՐ, կրոնական ծեսերին և արարողություններին ծառայող պաշտամունքային շինություն:

Գառնիի հեթանոսական տաճարՆախաքրիստոնեական  շրջանում՝ հեթանոսական կուռքերի տուն, կռատուն: Տաճարային առաջին շենքերը կառուցվել են Եգիպտոսում, Միջագետքում, Հունաստանում, Հռոմում: Աստվածաշնչում Տաճար է անվանվում Երուսաղեմում Սողոմոնի կառուցած և Զորոբաբելի ու Հեսուի վերակառուցած պաշտամունքային շենքը: Հայաստանի պահպանված վաղագույն Տաճարներից են Էրեբունի ամրոցի Սուսիի, Խալդիի (Ք. ծ. ա. VII դ.), Գառնիի հեթանոսական (Ք. ծ. հ. I դ.) Տաճարները:

Հայաստանում քրիստոնեության ընդունման և տարածման

Անիի Մայր տաճար

 ժամանակ (IV դ.) հեթանոսական Տաճարները հիմնականում ոչնչացվել կամ վերափոխվել են՝  հարմարեցվելով կրոնական նոր գաղափարախոսության գործառնական և գեղագիտական պահանջներին: Քրիստոնեական Տաճարներն իրենց հատակագծային և ծավալատարածական լուծումներով էապես տարբերվում են հեթանոսականներից,որոնց հորինվածքը թեպետ մերժվել, սակայն անվանումն անցել է նոր կրոնի մոնումենտալ շենքերին: Քրիստոնեական Տաճարի, ինչպես ընդհանրապես եկեղեցու, պարտադիր բաղադրիչներն են աղոթասրահը, արլ. կողմում՝ Ավագ խորանը՝  բեմի և դասի հետ: Փարիզի Աստվածամոր տաճարՀամընդհանուր ճանաչման են արժանացել Հռոմի Ս. Պետրոսի, Կոստանդնուպոլսի Ս. Սոֆիայի, Փարիզի Աստվածամոր, Կիևի Ս. Սոֆիայի, Մոսկվայի Վասիլի Երանելու և այլ Տաճարները: Տաճարները, մեծ մասամբ կառուցված լինելով քաղաքային և վանքային համալիրներում, ունեցել են քաղաքաշինական  կարևոր նշանակություն՝ առանձնացել իրենց դիրքով, չափերով, նորարար լուծումներով, արտահայտիչ կերպարով: Հայաստանում Տաճար են անվանվել Մայր եկեղեցիները: Հայկական միջնադարյան Տաճարները (Էջմիածնի Մայր տաճար, Զվարթնոց տաճար, Անիի Մայր տաճար) վառ արտահայտված ազգային ինքնատիպությամբ, մտահղացման համարձակությամբ, գեղ. բարձր հատկանիշներով քրիստոնեական պաշտամունքային ճարտարապետության լավագույն նմուշներից են (տես նաև Եկեղեցի):

 

                                                             Շախկյան Գ.  

 

Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1000-1001:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am