ՏԱՇՅԱՆ Հակովբոս [Թաշճյան Փրանկիսկոս Մելքոնի, 25.10.1866, գ. Արծաթի (Կարինի գավառ) – 3.2.1933, Վիեննա], ձեռագրագետ, բանասեր, լեզվաբան, հայագետ: Նախնական կրթությունն ստացել է Կարինի ծխական դպրոցում, 1880-ի ամռանը հաճախել է Կ. Պոլսի Մխիթարյան վարժարանը, աշակերտել Հ. Գաթըրճյանին, ապա ուսանել Վիեննայի Մխիթարյանների ընծայարանում: 1883-ին ստացել է Հակովբոս անունը, 1885-ին անդամագրվել Մխիթարյան միաբանությանը: 1889-ին ձեռնադրվել է քահանա:
Ուսումն ավարտելուց հետո (1889) Մխիթարյան կրթարանում դասավանդել է փիլիսոփայություն, հայոց լեզու: 1893–1912-ին եղել է Վենետիկում, Բեռլինում (այստեղ ուսումնասիրել և նկարագրել է Արքունի մատենադարանի հայերեն ձեռագրերը), Կ. Պոլսում, Զմյուռնիայում, Կարինում, Տայոց աշխարհում: 1909-ին հաստատվել է Կ. Պոլսի Մխիթարյան վանատան մեծավոր: Տաշյանը հայերեն է սովորեցրել ֆրանսիացի նշանավոր լեզվաբան Անտուան Մեյեին (վերջինս հպարտացել է դրանով): Անձնական ծանոթություն, նամակագրական կապեր է ունեցել ժամանակի հայտնի հայ և եվրոպացի հայագետների՝ Գ. Տեր-Մկրտչյանի, Մ. արք. Տեր-Մովսիսյանի, Բ. Կյուլեսերյանի, Հ. Հյուբշմանի, Հ. Պետերմանի, Պ. Ֆետտերի, Ֆ. Մյուլլերի, Ֆ. Կոնիբերի և ուր. հետ: Տիրապետել է բազում լեզուների (լատիներեն, հունարեն, ասորերեն, արաբերեն, եթովպիերեն, գերմաներեն, անգլերեն ևն):
Տաշյանը 45 տարի անընդմեջ աշխատել է հայագիտության բնագավառում՝ ստեղծելով մեծարժեք գործեր: Հեղինակ է «Ակնարկ մը հայ հնագրութեան վրայ...» (1898), «Ուսումն դասական հայերէն լեզուի» (1920), «Բառախօսական դիտողութիւններ հայերէն գիտական լեզուի մասին» (1926) լեզվաբանական բնույթի և «Հայ բնակչութիւնը Սև ծովէն մինչ եւ Կարին...» (1921), «Հայ ազգի տարագրութիւնը...» (1921), «Հաթեր և ուրարտեանք» (1934), «Հին Հայաստանի արեւմտեան սահմանը» (հրտ. 1948) պատմական և պատմաաշխարհագրական աշխատությունների: Արժեքավոր լրացումներով, հունական, ասորական, արաբական, եթովպիական և այլ աղբյուրների հետ համեմատելով՝ Տաշյանը հրատարակել է «Վարդապետութիւն առաքելոց անվաւերական կանոնաց մատեանը..» (1896): Բանասիրական վիթխարի աշխատանքի արդյունք է Հ. Գաթըրճյանի «Սրբազան Պատարագամատոյցք հայոց...» երկի հրատարակումը (1897)՝ ծանոթագրություններով և լրացումներով: Տաշյանը զբաղվել է նաև քիմիայի և բնական այլ գիտությունների հայերեն տերմինաբանության հարցերով: Թարգմանել է Հ. Հյուբշմանի, Հ. Պետերմանի, Ա. Կարիերի, Կ. Կոնիբերի, Ն. Մառի և ուրիշ հայագետների աշխատություններ:
Տաշյանի գիտական հարուստ ժառանգության մեջ առանձնանում է «Ցուցակ հայերէն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վիեննա» (1895) աշխատությունը, որը կազմելիս նա ի հայտ է բերել «մեծագույն գիտնականի հմտություն, գործելու հազվագյուտ ուժ» (հայագետ Պ. Ֆետտեր): Հայ բանասիրության մեջ ցուցակագրման Տաշյանի եղանակն անվանվել է «տաշյանական ոճ»: Ձեռագրացուցակում ընդգրկված են Վիեննայի Մխիթարյան մատենադարանի 571 ձեռագիր մատյաններ, 7 ներդիր նկարներ: Նկարագրությունների մեջ մանրամասն տեղեկություններ են հաղորդվում ձեռագրի ստեղծողի, մատյանի արտաքինի, գրի մասին, բացահայտվում յուրաքանչյուր ձեռագիր մատյանի (քարոզ, մեկնություն ևն) բովանդակությունը: Ձեռագրի հանգամանալից նկարագրությունը, ծանոթագրությունները, ցանկեը, հարուստ տեղեկատվությունը հանրագիտական տեղեկատուի արժեք ունեն:
Տեր-Վարդանյան Գ.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1001-1002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am