ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, Սյունյաց բարձր տիպի դպրոց, Սյունյաց վարդապետարան, միջնադարյան Հայաստանի խոշորագույն ուսումնագիտական հաստատություն Տաթևի վանքում: Որպես համալսարան հիշատակվում է 1390-ից: Գործել է մինչև 1435-ը: Գլաձորի համալսարանի փակվելու պատճառով Հովհան Որոտնեցին տեղափոխվել է Որոտնավանք, հիմնել դպրոց, ապա հաստատվել Տաթևի վանքում և, վերակառուցելով Տաթևի կրթարան-վարդապետարանը, հիմք դրել նոր, բարձր տիպի դպրոցի՝ համալսարանի: Այնտեղ են հավաքվել ժամանակի գիտուն ու բանիմաց շատ վարդապետներ, մոտ 500 կրոնավոր, փիլիսոփաներ, աստվածաբաններ, երաժիշտներ, գրողներ, նկարիչներ ևն: Ավելի ուշ՝ միաբանների թիվը հասել է 1000-ի:
Հովհան Որոտնեցին մահից առաջ իրեն փոխարինող և հայոց րաբունապետ է կարգել (1386) իր աշակերտ Գրիգոր Տաթևացուն: Նրա րաբունապետության շրջանում Տաթևի համալսարանը ծաղկման շրջան է ապրել և դարձել գիտության, մշակույթի, արվեստի, հոգևոր կյանքի համահայկական կենտրոն, Հայ եկեղեցու ուղղափառ դավանության և ավանդության պաշտպանության ամրոց: Տաթևի համալսարանի գիտնական վարդապետները Գրիգոր Տաթևացու գլխավորությամբ անհաշտ պայքար են մղել Հայաստան ներթափանցած կաթոլիկ քարոզիչների՝ միարարների (տես Ունիթորություն)դեմ:
Գրիգոր Տաթևացին կատարելագործել է համալսարանի ծրագիրը. կազմել դասագրքեր («Գիրք հարցմանց», «Գիրք քարոզութեան...», «Ոսկեփորիկ»), որոնք եղել են նաև քարոզության արվեստի (տես Քարոզ), աստվածաբանության և Հայ եկեղեցու դավանության լավագույն ձեռնարկներ: Գրիգոր Տաթևացու գործունեությունը նպաստել է գրչության արվեստի զարգացմանը: Նա վարել է գրչության տեսական դասընթաց և անցկացրել գործնական պարապմունքներ: Պատրաստել է մոտ 60 գրիչ:
Համալսարանում որպես դասագիրք օգտագործվել են Հին և Նոր կտակարանները, եկեղեցու հայրերի, ինչպես նաև Արիստոտելի, Փիլոն Ալեքսանդրացու, Պորփյուրի և այլոց աստվածաբանական, փիլիսոփայական աշխատությունների մեկնությունները, լուծմունքները և թարգմանությունները: Լայնորեն օգտագործելով հայերեն և հունարեն գրականությունը՝ մշակվել և զարգացվել են մի շարք գիտություններ ու արվեստներ: Տաթևի համալսարանը ունեցել է կանոնադրություն, ուսումնագիտական աստիճանավորում: Սովորելու են եկել ոչ միայն Սյունիքից, այլև Եկեղյաց գավառից, Այրարատ նահանգից, Կիլիկյան Հայաստանից, Վասպուրականից, Տարոնից, Արցախից, Ուտիքից, Պարսկահայքից, Ղրիմից ևն: Մշտապես ունեցել է մեծ թվով ուսանողներ (150–300 և ավելի): Համալսարանի սաներից են Թովմա Մեծոփեցին, Առաքել Սյունեցին, Գրիգոր Արարատեցին, Սարգիս Սալնապատեցին, ԲարսեղԲաղիշեցին, Մատթեոս Ջուղայեցին, Հակոբ Անձղնապատեցին, Սիմեոն Եղվարդեցին,Մկրտիչ Նահապետենցը և ուր.: Ուսման տևողությունը եղել է 7–8 տարի (չհաշված քահանայական կրթության տարիները): Պատրաստել են վարդապետներ, քարոզիչներ, մանկավարժներ, գրչության արվեստի մասնագետներ, երաժիշտներ:
Տաթևի համալսարանը ունեցել է հարուստ մատենադարան, որը գոյատևել է մինչև 1911–12-ը (մատենադարանի 140 ձեռագիր մատյաններ այժմ պահվում են Երևանի Մատենադարանում): Տաթևի համալսարանը հռչակվել է նաև իր մանրանկարչության դպրոցով: Գրիգոր Տաթևացու մահից հետո (1409) համալսարանի նախկին հռչակը խամրել է: Մինչև 1425-ը Տաթևի համալսարանը ղեկավարել է Մխիթար րաբունապետը, ապա՝ Եզեկիել վարդապետը: 1435-ի Շահռուխի արշավանքի ընթացքում Տաթևի վանքն ավերվել է, իսկ միաբաններն ապաստանել են Գուգարքում:
Մաթևոսյան Ա.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 992-993:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am