ՏԱԹԵՎԻ ՄԵԾ ԱՆԱՊԱՏ, ՀՀ Սյունիքի մարզի Տաթև գյուղից հվ-արլ., Որոտան գետի աջ ափին, Տաթև սարի ստորոտին: Կառուցվել է XVII դ. 2-րդ կեսին և XVIII դ. լրացվել որոշ շինություններով: Հիմնադրման առիթը նույն ձորում, դեպի հվ. գտնվող Հալիձորի Սյունյաց Մեծ անապատի (Հարանց անապատ) կործանումն էր 1658-ի երկրաշարժից, որից շատ չանցած Հակոբ Դ Ջուղայեցին որոշել է նոր մենաստան կառուցել և այնտեղ տեղափոխել նախկին անապատի միաբանությունը (այս պատճառով գրականության մեջ այս երկու անապատները հաճախ շփոթումեն): Տաթևի Մեծ անապատի շինարարությունն սկսվել է 1660-ին, Ս. Աստվածածին եկեղեցին հիմնադրվել է 1663-ին: 1668-ին անապատն ուներ 70միաբան, և սկսվել էր պարիսպների ու դրանց կից խցերի կառուցումը: Առանձին թ-աձև հատակագծով բնակելի սենյակների մասնաշենքը կառուցվել է 1682-ին: Եկեղեցուն կից մատուռ-դամբարանում թաղված է անապատի հիմնադիր, 1669-ին վախճանված վանահայր Արիստակես վարդապետը: Տաթևի վանքի առաջնորդ Հովասափ Աղուերձեցին XVII դ. վերջին կառուցել է սեղանատանը հս-ից կից խցերը, Ներսես եպիսկոպոսը XIX դ. 1-ին կեսին՝ օժանդակ շինությունները, Ղուկաս վարդապետը 1711-ին՝ պարիսպների վերին մասը: Եկեղեցու արմ. ճակատին կից եռակամար գավիթ-սրահը կառուցվել է 1743-ին, Մելիք Եգանի միջոցներով: Համեմատաբար հարթ տեղանքը հնարավորություն է տվել համալիրն իրականացնել կանոնավոր հատակագծով. ողջ հորինվածքը կազմված է ուղղանկյուն պարիսպներով պարփակված հիմնական մասից և նրան հարակից սեղանաձև հատակագծով օժանդակ մասից: Ս. Աստվածածին եկեղեցին երկու զույգ մույթերով, երկթեք տանիքով եռանավ բազիլիկ է, որը տեղադրված է համալիրի հվ-արմ. մասում, առանձին կանգնած: Թաղածածկ, բուխարիով և որմնախորշով խցերը փոքր են, նախատեսված մեկ հոգու համար. լուսավորվում են ու մուտք ունեն բակի կողմից: Հվ. պարսպին կից խոշոր սեղանատունը ձգված թաղածածկ դահլիճ է՝ երկայնական պատերի տակ դրված քարե նստարաններով և քարե սեղաններով: Սեղանատունը բավական լուսավոր է, որովհետև Տաթևի Մեծ անապատի կանոնադրությամբ՝ միաբանները ճաշելիս պետք է Սուրբ Գիրք կարդային: Այդ պատճառով սեղանատունը վերածվել է նաև ընթերցարանի:
Տաթևի Մեծ անապատի համալիրը բարձր պարիսպներով ամբողջովին անջատվում է արտաքին աշխարհից: Մեկուսացումն ավելի է շեշտվում պարսպապատերի խուլ լինելով՝ չկա ոչ մի բացվածք դեպի դուրս: Սա բխում է, առաջին հերթին, անապատների առանձնահատկությունից, որոնք ստեղծված են առանձնանալու, ճգնելու ու ապաշխարելու համար և հեռու են այն ամենից, ինչը կապում է աշխարհիկ կյանքին, նույնիսկ՝ բնությանը:
Հասրաթյան Մ.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 993-994:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am