ՏԵՂԵՐԻ ՎԱՆՔ, ՀՀ Արագածոտնի մարզում, Բյուրականից հյուսիս, նախկին Տեղեր գյուղում: Վանքի Ս. Աստվածածին եկեղեցին և նրան արմ-ից կից գավիթը, ըստ շինարարական արձանագրության, 1213–32-ին կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանի կինը՝ Մամախաթունը, Ճարտարապետ Աղբայրիկ վարդպետի ձեռքով: Եկեղեցին ունի ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն, գմբեթավոր հորինվածք:
Գմբեթային փոխանցման համակարգն առագաստային է, թմբուկը ներսից և դրսից՝ գլանաձև: Եկեղեցին առանձնանում է իր խիստ ձևերով և դեկորատիվ հարդարանքի գրեթե իսպառ բացակայությամբ: Գավթի շինարարությունը ըստ սյուներից մեկի վրա պահպանված արձանագրության, տևել է 11 տարի և ավարտվել 1232-ին: Այն իր չափերով գերազանցում է եկեղեցուն: Գավիթը պատկանում է XIII դ. լայն տարածում ստացած քառասյուն, կենտրոնակազմ տիպին, 12-նիստանի ցածրադիր վրանաձև գմբեթով: Սրբատաշ բազալտ քարով կառուցված եկեղեցին և գավիթն առանձնանում են իրենց խիստ ձևերով և հարդարանքի գրեթե բացակայությամբ:
Հայկական ճարտարապետության մեջ սկզբունքային նորություն և բացառիկ են գավթի ծածկի վրա հս-արմ. և հվ-արմ. անկյուններում կանգուն գմբեթավոր մատուռները (մուտքերը բացվում են գավթի ծածկի միջից), որոնք բավական ինքնատիպ եռագմբեթ ուրվագիծ են հաղորդում Տեղերի վանքին: Նրանք առնչվում են գավթում թաղված ննջեցյալների հիշատակի հավերժացման հետ և զուգահեռներ ունեն այդ դարաշրջանում տարածում գտած երկհարկ դամբարան-եկեղեցիների ընդհանուր հորինվածքի հետ:
1467-ին Սարգիս վրդ. Բյուրականցին կառուցել է վանքի պարիսպը: 1948-ին Տեղերի վանքի համալիրը երկրաշարժից զգալի վնասվել է: 1950–52-ին նորոգվել են եկեղեցու և մատուռների գմբեթները, տանիքները ծածկվել տուֆե սալերով: 1975–76-ին ամրացվել են քիվերը, նորոգվել եկեղեցու ու գավթի պատերի վերին շարքերը:
Մնացականյան Ս.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1003-1004:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am