Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Տեկորի Ս. Երրորդություն վանք

 ՏԵԿՈՐԻ  Ս. ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՎԱՆՔ, Տեկորի տաճար, Անիից մոտ 20 կմ հարավ-արևմուտք, Ախուրյանի վտակ Տեկորի աջ ափին (այժմ՝ Թուրքիայում): Ըստ շինարարական արձանագրության՝ Տեկորի Ս. Երրորդություն վանքի եկեղեցին V դ. վերջին քառորդում կառուցել է իշխան Սահակ Կամսարականը: Այն որպես Ս. Սարգսի վկայարան հիմնարկել են կաթողիկոս Հովհաննես Ա  Մանդակունին և Արշարունյաց Հովհաննես եպիսկոպոսը՝ վանքի երեց Տայրոնի, Մանան Հազարապետի և Ուրան Հոռոմի մասնակցությամբ: Տեկորի Ս. Երրորդություն վանքի այս արձանագրությունը մեզ հասած հայերեն ամենահին գրությունն է և պատկերացում է տալիս մեսրոպյան այբուբենի նախնական տառաձևերի մասին:

Սկզբնապես (12–13 շարք) Տեկորի Ս. Երրորդություն վանքի եկեղեցին կառուցվել է վարդագույն տուֆով՝ որպես եռանավ բազիլիկ: Շինարարությունն ընդհատվել է 481–484-ին (կապված Պարսկաստանի տիրապետության դեմ հայերի համաժողովրդական ապստամբության հետ) և շարունակվել սպիտակավուն տուֆով՝ եկեղեցուն տալով քառամույթ գմբեթավոր հորինվածք, որի շնորհիվ այն քրիստոնեաական ճարտարապետության մեջ տվյալ տիպի հնագույն թվագրված կառույցն է: Տեկորի Ս. Երրորդություն վանքի եկեղեցին բարձրացել է բազմաստիճան որմնախարսխի վրա, հս-ից, արմից և հվ-ից ունեցել բաց սյունասրահներ, իսկ արտաքուստ եռանիստ ծավալով արլ-ից շեշտված խորանի երկու կողմերում՝  հս-ից հվ. ձգվող ավանդատներ: Հզոր մույթերի վրա բարձրացել է խորանարդաձև գմբեթը, որը հայկական եկեղեցական  ճարտարապետության մեջ մեզ հայտնի ամենավաղ քարե գմբեթն է և իր ձևով՝  միակը:

Հարուստ հարդարանք են ունեցել արտաքին ճակատները, սյունասրահների որմնասյուները, շքամուտքերը, լուսամուտների պսակները:

Գերակշռել են ականթի, խաղողի որթատունկի և ողկույզների քանդակները, ոճավորված զարդաձևերը, որոնցից մի քանիսն առաջին անգամ են հանդես եկել հայկական արվեստում:

Արմ. ճակտոնի հարթության մեջ, խաչաձև լուսամուտների երկու կողմերում, քանդակված են եղել երկու կիսանդրի, վերևում՝  գավաթի մեջ դրված խաղողի ողկույզ կտցահարող զույգ սիրամարգեր: Խորանը ծածկված է եղել որմնանկարներով:

Հայտնի է Տեկորի Ս. Երրորդություն վանքի վանահայր Հովհաննեսը, որին 724-ին կաթողիկոս Հովհաննես Գ Օձնեցին մեղադրել է դավանաբանական մոլորությունների մեջ: X դ. նորոգվել է եկեղեցու գմբեթի վեղարը, նախկին կղմինդրե ծածկը փոխարինվել է քարե սալերով, նեղացվել են ճակատների լուսամուտները: Ըստ պատերի փորագրված արձանագրությունների՝ 971-ին Խոսրովանույշ թագուհին (Աշոտ Գ Ողորմածի կինը) ազատել է Տեկորը հարկերից, 999-ին վանքը ստացել է նվիրատվություններ, 1008-ին Կատրանիդե թագուհին (Գագիկ Ա Բագրատունու կինը) ազատել է Տեկորը «քուստակ» հարկից, 1014-ին և 1018-ին հաստատվել է Տեկորի ապահարկությունը, 1036-ին Խծկոնքի վանքը և Տեկորի Ս. Երրորդություն վանքը կանոնակարգել են Տեկոր գետակի ջրից օգտվելը: 1042-ին Գրիգոր Մագիստրոս Պահլավունու դուստրը (իշխան Վեստ Սարգսի կինը) ազատել է Տեկորը հարկից: XVII դ. վանահայր Հովհաննես վարդապետը դիմադրել է վանքը կողոպտող ավազակներին և նահատակվել: XIX դ. Տեկորի Ս. Երրորդություն վանքը ունեցել է մոտ 300 հավարելահողեր և արոտատեղիներ, որոնք 1888-ին տրվել են վարձով: XX դ. սկզբին վանքի եկեղեցու վթարային վիճակի պատճառով ժամասացությունները դադարեցվել են: 1911-ին փլվել է եկեղեցու գմբեթը: 1920-ից հետո Տեկորի Ս. Երրորդություն վանքը լրիվ ավերվել է՝  շրջակա գյուղերի բնակիչները պատերից պոկել են քարերը և օգտագործել:

Տեկորի Ս. Երրորդություն վանքի եկեղեցու քառամույթ գմբեթավոր բազիլիկ հորինվածքը հետագայում նախատիպ է ծառայել Հայաստանի VI–XVII դդ. բազմաթիվ եկեղեցիների համար, իսկ IX–XI դդ. անցել է Բյուզանդիա ու լայն տարածում ստացել ուղղափառ (օրթոդոքս) երկրներում:

                                                                                                       

                                                                                                   Հասրաթյան Մ.

 

Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1002-1003:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am