Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Տեր-Միքայելյան Արշակ

 ՏԵՐ-ՄԻՔԵԼՅԱՆ Արշակ (1.2.1864, Շուշի –25.6.1901, Շուշի), աստվածաբան, պատմաբան, հայագետ, մանկավարժ: Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1892): Ավարտել է Շուշիի քաղաքային ուսումնարանը (1881), Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը (1888), աշակերտել Մ. Օրմանյանին, որը նրա մեջ սեր է արթնացրել աստվածաբանական գիտությունների հանդեպ: Ուսուցչի խորհրդով, աստվածաբանական գիտությունների մեջ կատարելագործվելու նպատակով, մեկնել է արտասահման, ավարտել Ենայի համալսարանը (1892), ուսանել հայագետ Հ. Գելցերին, աստվածաբան Ա. Հառնակին և այլոց: Ավարտաճառը՝ «Հայաստանեայց եկեղեցին եւ բիւզանդեան ժողովոց պարագայք» (1892, գերմաներեն), թարգմանել է հայերեն, լրացրել է և 1892-ին հրատարակել Մոսկվայում: Աշխատությունն արժանացել է Սահակ-Մեսրոպյան մրցանակի: 1892-ին, Արիստակես եպիսկոպոսի տեսչության օրոք, ուսուցչության է հրավիրվել Գևորգյան ճեմարան: 1894-ին Մկրտիչ Ա Վանեցու (Խրիմյան Հայրիկ) հատուկ խնդրանքով մեկնել է Շուշի՝ աշխատելու թեմական դպրոցում: Տեր-Միքայելյանը աշխատակցել է «Նոր Դար»,  «Լումա»«Արարատ» պարբերականներին: 

Տեր-Միքայելյանի գիտական երախայրիքը  «Հայաստանեայց եկեղեցին եւ բիւզանդեան ժողովոց պարագայք» երկն է, որով ազդարարվել է հայկական բյուզանդագիտ. դպրոցի ստեղծումը: Հեղինակն ընդհանուր գծերով ներկայացրել է Հայ եկեղեցու պատմությունը մինչև XIII դ., անդրադարձել երկու եկեղեցիների դավանական և ծիսական վեճերի ակունքներին: Այս թեման շարունակել է  «Միջին դարերի կաթողիկոսների ձգտումները եկեղեցական խաղաղութեան համար»«Եկեղեցական աղմուկները ԺԴ դարի սկզբում»«Սսի և Ատանայի իշխանաժողովը» հոդվածաշարերում՝ հրապարակելով հայագիտությանը մինչ այդ անհայտ բազմաթիվ վավերագրեր: Հիշատակելի է նաև Սամուել Անեցու՝ Տեր-Միքայելյանի  առաջաբանով, համեմատություններով, հավելվածներով և ծանոթագրություններով հրատարակած «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց...» (1893) երկը: Տեր-Միքայելյանը «Աստուածաբանական գիտութիւնները» (1893), «Հայաստանեայց առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցին եւ իւր սուրբ կարգը» (1897) աշխատություններում բացատրել է Հայ եկեղեցու ծեսի և վարդապետության յուրահատկությունները, գտնելով, որ պետք է գնալ դրանք եկեղեցու ողջ պատմությամբ և ավանդություններով բացատրելու, ժողովրդի կյանքում ավելի կիրառելի դարձնելու և ոչ թե դրանցից հրաժարվելու ճանապարհով: «Հայաստանեայց սուրբ եկեղեցու քրիստոնէականը» (1900) երկում առաջին անգամ համակարգել ու դասդասել է հայ դավանական բազմադարյան փորձն ու ձեռքբերումները: 

                                                                                                 Բոզոյան  Ա.


Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1008:


Տես նաև՝

Աղանյանց Գ., Արշակ Տէր Միքելեանց,«Լումա», 1901, Զ տարի, գիրք Բ, էջ 483–485:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am