ՏԵՐ-ՄԿՐՏՉՅԱՆ (Տեր-Սարգսյան) Գալուստ Մկրտչի, Միաբան [9(21).4.1860, գ. Ծուղրութ (այժմ` ՎՀ Ախալցխայի շրջանում) –3.7.1918, Էջմիածին], Մայր աթոռի միաբան, հայագետ, պատմաբան, բնագրագետ-աղբյուրագետ, թարգմանիչ: Սկզբնական կրթությունն ստացել է Ախալցխայի Կարապետյան դպրոցում, 1874–1878-ին սովորել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1878–81-ին դասավանդել է Շամախու և Ախալցխայի դպրոցներում: 1881-ին ավարտական քննություններ է հանձնել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: 1884-ին ավարտել է Փարիզի Քաղաքական գիտությունների ազատ դպրոցի հասարակագիտության բաժանմունքը: Դասախոսություններ է ունկնդրել Մյունխենի համալսարանում: Ուսանողական տարիներին Փարիզից տարբեր բնույթի հոդվածներով աշխատակցել է «Մեղու Հայաստանի» լրագրին, 1885-ին վերադառնալով հայրենիք` պաշտոնավարել է Ախալցխայի երկսեռ դպրոցում, 1887-ին` դարձել Մայր աթոռ Ս. Էջմիածնի միաբանության անդամ (դպիրի աստիճանով), նվիրվել գիտական գործունեությանը: 1888-ին, հիվանդության պատճառով, ընդմիշտ զրկվել է քայլելու ունակությունից: 1892–94-ին և 1902-ին եղել է «Արարատ» ամսագրի խմբագիրը, որտեղ «Միաբան» ստորագրությամբ տպագրել է բազմաթիվ հայագիտական ուսումնասիրություններ` արժանանալով լայն ճանաչման: Երկար տարիներ գործակցել է Մոսկվայի կայսերական հնագիտական ընկերությանը և հայագիտության ասպարեզում ունեցած վաստակի համար 1894-ին ընտրվել այդ ընկերության թղթակից, իսկ 1900-ից` իսկական անդամ: Եղել է հայ գրերի 1500 և հայ տպագրության 400-ամյակի տոնակատարության կենտրոնական հոբելյանական հանձնաժողովի նախագահը, «Շողակաթ» գիտական ժողովածուի (1913) խմբագիրը:
Հայ մատենագրության պատմության և հայագիտության հարցերին նվիրված լուրջ հետազոտություններ են Տեր-Մկրտչյանի «Խորենացու Պատմության ուսումնասիրությունը» (1896), «Ղազար Փարպեցու ձեռագրերը» (1902), «Փավստոսի ձեռագրերը» (1904), «Հայկականք» հոդվածաշարը (Ա–ԺԲ, 1894, ԺԳ–ԺԹ, 1899):
Տեր-Մկրտչյանի «Տիմոթեոս Կուզի Հակաճառության հայերեն թարգմանության ժամանակը և Սուրբ Գրքի երրորդ կամ «Նորաբեր» հայ թարգմանությունը» հետազոտությունը (1908) հեղաշրջել է հայագիտության մեջ մինչ այդ գոյություն ունեցող տեսակետները` մշակելով նոր ու ճշգրիտ ժամանակագրություն` հունաբան դպրոցի և թարգմանությունների սկզբնավորման, ինչպես նաև հայ դավանաբանական գրականության ձևավորման, հակաքաղկեդոնական դավանական պայքարին Հայ եկեղեցու մասնակցության և Քաղկեդոնի ժողովի հանդեպ Հայ եկեղեցու դավանական դիրքորոշման հարցերում: Խնդիրների պարզաբանումը կարող էր տալ Տիմոթեոս Կուզի «Հակաճառություն» երկի հայերեն թարգմանության թվագրման ճշտումը: Տեր-Մկրտչյանի տոմարագիտական ճշգրիտ հաշվումների վրա հիմնված տեսակետը, թե Տիմոթեոս Կուզի երկը հայերեն է թարգմանվել 480–484-ի միջև` Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսի օրոք, հակառակ որոշ ընդդիմության, ընդունել են ինչպես իր ժամանակի, այնպես էլ ներկայիս բազմաթիվ հայագետներ: Հետագայում Տեր-Մկրտչյանն իր «Հայ մատենագրության հնագույն թվականները» («Շողակաթ», 1913) հոդվածով կրկին պաշտպանել է իր տեսությունը, այն հիմնավորել նոր փաստերով:
Տեր-Մկրտչյանը կատարել է բազմաթիվ թարգմանություններ, գրել բանաստեղծություններ և վեպ (անտիպ): Կյանքի վերջին տարիներին հայտնաբերել է միջնադարյան զրույցների մի շարք, պատրաստել բնագիրը, սակայն չի հասցրել գրել ուսումնասիրությունը: Տեր-Մկրտչյանի արխիվից անհայտ հանգամանքներում կորել են մեծ ու փոքր անտիպ հոդվածներ, ուսումնասիրություններ, հրատարակության պատրաստ բնագրեր, ինչպիսիք են Կորյունի «Վարք Մաշտոցի», Անանիա Շիրակացու տիեզերագիտական մեծ աշխատության քննական բնագրերը, «Գյուտ նշխարաց Հռիփսիմյանց», «Ծանոթությունք և աղբյուրներ Կայսերաց գրոց», «Պատմություն սրբո կուսին Մարիամա», «Պատմություն վարուց Եպիփանու Կիպրացվո» բնագրերի ուսումնասիրության նյութերը ևն:
Հակոբյան Պ.
Տես նաև՝
Հայագիտական ուսումնասիրություններ, առաջաբան և ծանոթագրություններ Պ. Հակոբյանի, հ. 1, Ե., 1979, հ. 2, Ե., 1998:
Մեսրոպ եպիսկոպոս (Տեր-Մովսիսյան Մ.), Գալուստ Տեր Մկրտչյան (Միաբան), «Բանբեր Էջմիածնի գիտական ինստիտուտի», գիրք 1–2, Վաղարշապատ, 1921–22:
Բեհբուդյան Ս., Գալուստ Տեր-Մկրտչյան (Միաբան), «Էջմիածին», 1959, դ 1:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am