ՏԵՐ-ՄԿՐՏՉՅԱՆ Կարապետ [29.3.1866, գ. Ցղնա (Գողթն գավառ) – 2.12.1915, Բաքու],եպիսկոպոս (1909), աստվածաբան, պատմաբան, բանասեր: Փիլիսոփայության դոկտոր (1893), աստվածաբանության լիցենցիատ (մագիստրոս, 1894): Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական, ապա՝ Զաքաթալայի գավառական դպրոցում: 1888-ին ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, ապա՝ դասավանդել այնտեղ, վարել մատենադարանապետի պաշտոնը: 1889-ին Գևորգ Չորեքչյանի (Գևորգ Զ Չորեքչյան) և Գարեգին Հովսեփյանի (Գարեգին Ա Հովսեփյան) հետ ձեռնադրվել է կուսակրոն սարկավագ: 1889–94-ին աստվածաբանություն է ուսանել Լայպցիգի, Հալլեի և Բեռլինի համալսարաններում: Դասախոսություններ է լսել Տյուբինգենի համալսարանի կաթոլիկ աստվածաբանության բաժնում, Փարիզի Սորբոնի համալսարանում, Մարբուրգի բողոքական աստվածաբանական ֆակուլտետում: Ուսումնառության տարիներին գիտական հոդվածներով աշխատակցել է գերմանական հայտնի կրոնական հանդեսներին: 1894-ին վերադարձել է Էջմիածին, ձեռնադրվել կուսակրոն քահանա, կարգվել Գևորգյան ճեմարանի տեսչի օգնական և աստվածաբանության ու կրոնական առարկաների ուսուցիչ: 1894-ի դեկտեմբերին նշանակվել է «Արարատ»-ի կրոնական բաժնի խմբագիր, այնուհետև՝ մինչև 1899-ը, ամսագրի խմբագիր: 1895-ին ստացել է վարդապետ. աստիճան, նույն թվին կարգվել Մայր աթոռի «Ուսումնական վարչական հանձնաժողովի» անդամ: 1899–1902-ին կարգվել է Գևորգյան ճեմարանի տեսուչ, 1903–1905-ին՝ Երևանի թեմակալի փոխանորդ: 1902, 1904, 1905–06-ին կարճ ժամանակով կրկին եղել է «Արարատ»-ի խմբագիր: 1907-ին ստացել է ծ. վարդապետի աստիճան: 1907-ին, խույս տալով Մայր աթոռի որոշ միաբանների հարուցած խոչընդոտներից ու զրպարտություններից, մեկնել է Բաքու, տեղի գիմնազիայում աշխատել ուսուցիչ: 1907–12-ին եղել է Ատրպատականի թեմի առաջնորդը, Թավրիզում նախաձեռնել «Առավոտ» շաբաթաթերթի (1909–12) հրատարակումը: Պարսկաստանի տարբեր վայրերից հայթայթել և Էջմիածնի մատենադարան է ուղարկել հայկական հին ձեռագրեր: 1914-ից մինչև կյանքի վերջը վարել է Շամախու հայոց թեմի առաջնորդությունը:
1902–03-ին Տեր-Մկրտչյանին են հանձնարարվել Աստվածաշնչի նոր հրատարակության պատրաստման և խմբագրման աշխատանքները: Նա Մայր աթոռի ձեռագրատան Աստվածաշնչի 40 ձեռագրերից ընտրել է 8–9 հիմնականները, համեմատել եբրայերեն բնագիրը և Յոթանասնից թարգմանությունը և տպագրության պատրաստել Ծննդոց ու Ելից գրքերը: Սակայն 1903-ին եկեղեցական գույքի բռնագրավման և Մայր աթոռում ստեղծված իրավիճակի պատճառով գործը չի հրատարակվել և չի հասցվել իր ավարտին:
1904-ին Տեր-Մկրտչյանը Երևանի Կաթողիկե եկեղեցում հայտնաբերել է մի կարևոր հայերեն ձեռագիր, որը բովանդակել է II դ. հեղինակ Իրենիոս Լուգդոնացու գրվածքները: Դրանցից առաջինը ՝ «Ցոյցք առաքելական քարոզության» երկը, մեծ արժեք է ներկայացնում II դ. քրիստոնեական դավանաբանության համար: Հունարեն բնագիրը կորած է, և միայն վերնագիրն էր հայտնի Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատմություն»-ից: Ե. Տեր-Մինասյանի հետ Տեր-Մկրտչյանը գերմաներեն է թարգմանել ձեռագիրը և հայերեն զուգադիր տեքստով, պրոֆ. Ա. Հառնակի ծանոթագրություներով, 1907-ին հրատարակել է Լայպցիգում՝ «Բնագրեր և հետազոտություններ» վերնագրով: Նույն ձեռագրի մեջ էր նաև Իրենիոսի «Ընդդեմ հերձվածոց» աշխատության IV և V գլուխների հայերեն թարգմանությունը, որը Տեր-Մկրտչյանը 1910-ին Լայպցիգում Ե. Տեր-Մինասյանի հետ հրատարակել է «Բնագրեր և հետազոտություններ» շարքում՝ գերմաներեն առաջաբանով: Այդ հրատարակություններով Եվրոպան ծանոթացել է քրիստոնեության վաղ շրջանի վրա լույս սփռող կարևոր գրվածքներին:
1897-ին Տեր-Մկրտչյանը Մայր աթոռի մատենադարանում հայտնաբերել է Ալեքսանդրիայի պատրիարք Տիմոթեոս Կուզի «Հակաճառություն» երկի հայերեն թարգմանությունը, որը գերմաներեն ու հայաերեն առաջաբանով Ե. Տեր-Մինասյանի հետ հրատարակել է Լայպցիգում, 1908-ին: Տիմոթեոս Կուզի երկը կարևոր նշանակություն ունի V դ. դավանաբան. վեճերի և Ընդհանրական եկեղեցու պատմության ուսումնասիրման համար: Աշխատության հունարեն բնագիրը կորած է և հայերեն թարգմանությամբ է միայն հայտնի դարձել գիտական աշխարհին: Հայտնաբերած երրորդ ձեռագիրը, որը 1911-ին Տեր-Մկրտչյանը գտել էր Դարաշամբի Ս. Ստեփանոս Նախավկա վանքում, «Կնիք հավատո» (1914, Ե. Տեր Մինասյանի հետ) դավանաբանական ժողովածուն էր: Այդ գործին կցված ընդարձակ «Ներածությունը» գնահատելի ուսումնասիրություն է Հայ եկեղեցու VI–VII դդ. պատմության, դավանական դիրքորոշումների և մատենագրության վերաբերյալ: Աշխատության հետ առնչություն ունի հեղինակի մեկ այլ՝ «Հովհան Մանդակունի և Հովհան Մայրագոմեցի» (1913) ուսումնասիրությունը: Այս գործերում Տեր-Մկրտչյանը անդրադարձել է Հայ եկեղեցու պատմության ամենակնճռոտ և վիճելի հարցերից մի քանիսին, այն է՝ քրիստոնյա աշխարհում դավանաբանական վեճերին հայոց մասնակցության, Քաղկեդոնի ժողովի մերժման, Տիմոթեոս Կուզի «Հակաճառության» հայերեն թարգմանության ժամանակին, «Գիրք թղթոց»-ի մի շարք գրությունների հեղինակային պատկանելության, գրելու շարժառիթների խնդրին ևն: Պաշտպանել և հիմնավորել է այսօր արդեն հայագիտության մեջ ընդունված այն տեսակետը, թե Հայ եկեղեցին Քաղկեդոնի ժողովի հանդեպ իր բացասական դիրքորոշումը հստակեցրել է V դ. վերջին քառորդին՝ Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսի օրոք:
Տեր-Մկրտչյանը հրատարակել է մի շարք հիշատակարաններ Մայր աթոռի մատենադարանի ձեռագրերից: Դրանցից երկուսը լույս են տեսել առանձին (Հովհան Երուսաղեմացու և Հովհաննես Գ Օձնեցու թղթերը): «Արարատ»-ում հրատարակել է «Գիրք թղթոց»-ի մի շարք գրություններ, մասնավորապես՝ Բաբկեն Ա Ոթմսեցի, Ներսես Բ Բագրեվանդցի, Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսների թղթերը, նոր լույս սփռելով Հայ եկեղեցու VI–VII դդ. պատմության մի շարք հարցերի վրա: 1908-ին Վաղարշապատում լույս է տեսել Տեր-Մկրտչյանի «Հայոց եկեղեցու պատմության» առաջին հատորը: Ժողովրդի կրոնաբարոյական դաստիարակության համար աշխարհաբար է փոխադրել Մատթեոսի Ավետարանը (անտիպ):
Ղազարյան Ա.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1010-1012:
Տես նաև՝
Նիւթեր հայ մելիքութեան մասին, պր. 1, 2, Վաղարշապատ, 1913–14:
Պաւղիկեանք Բիւզանդական կայսրութեան մէջ և մերձաւոր հերձուածային երևոյթներ Հայաստանի մէջ, Երուսաղեմ, 1938:
Տեր - Մինասյան Ե., Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյան, Մ., 1911:
Հովսեփյան Գ., Տ. Կարապետ եպիսկոպոս, «Արարատ», 1915, դ 11–12, էջ 849–856:
Stephan S., Karapet Episkopos Ter-Mkrtschjan (1866–1915), Halle, 1983.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am