Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Տեր-Մովսիսյան Մեսրոպ

 ՏԵՐ-ՄՈՎՍԻՍՅԱՆ Մեսրոպ (ավազանի անունը ՝ Փարսադան), Մեսրոպ Մագիստրոս [7. 5. 1865, գ. Շիկահող (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում) – 3. 6. 1939, Երևան, 1989-ին աճյունը տեղափոխվել է Ս. Էջմիածին, ամփոփվել Ս. Գայանե վանքի գերեզմանատանը], արքեպիսկոպոս, հայագետ, հասարակական գործիչ: Ավարտել է Շուշիի թեմական, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցները, Դորպատի համալսարանը  (1891), Սանկտ Պետերբուրգի համալսարանի արլ. լեզուների ֆակուլտետը, պաշտպանել մագիստրոսական թեզը՝ «Աստվածաշնչի հայերեն թարգմանության պատմությունը» թեմայով (հրտ. 1902, ռուս.): Դասավանդել է Ս. Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին դարձել միաբանության անդամ, ձեռնադրվել աբեղա, ընդգրկվել նորընտիր կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցուն (Խրիմյան Հայրիկ) Երուսաղեմից Ս. Էջմիածին ուղեկցող պատգամավորության կազմում: Նույն թվականին նրան շնորհվել է վարդապետի աստիճան, 1895-ին կարգվել է Երևանի, 1896-ին՝ Շուշիի թեմական դպրոցների տեսուչ, 1898-ին՝ Շուշիի կոնսիստորիայի նախանդամ: 

Հայ-թաթարական ընդհարումների ժամանակ (1905) Տեր-Մովսիսյանը Զանգեզուրի և Նախիջևանի գավառներում կազմակերպել է հայերի ինքնապաշտպանությունը: 1906–07-ին Գևորգյան ճեմարանի տեսուչն էր, 1908-ից՝ Սինոդի անդամ: 1909-ին Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը նրան ձեռնադրել է եպիսկոպոս: 1913-ին կարգվել է Վիրահայոց թեմի առաջնորդ, 1914-ին ազգային բյուրոյի պատվավոր նախագահն էր, հայ կամավորական ջոկատների կազմավորման նախաձեռնողը: 1916-ին Աստրախանի թեմի հոգևոր առաջնորդն էր, 1918-ին՝ Մայր աթոռի մատենադարանապետը, 1922–31-ին՝ Իրանա-Հնդկաստանի թեմի առաջնորդը: Տեր-Մովսիսյանը Հայաստանի պետական համալսարանի հիմնադիրներից էր և առաջին դասախոսներից: 1938-ին հրաժարվել է հոգևոր կարգից, հաստատվել Երևանում: 

Մեծ է Տեր-Մովսիսյանի գիտական վաստակը: Նա հեղինակել է ձեռագրագիտական, բնագրագիտական, աղբյուրագիտական, ինչպես և վիմագրական, ազգագրական, հնագիտական բնույթի շուրջ 130 աշխատություն: 


                                                            Տեր-Վարդանյան  Գ.

Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1012:


Տես նաև՝

Նկարագրութիւն հոգեւոր վարուց  Յովասափու..., Վաղ-պատ, 1897:

Էջմիածին և հայոց հնագոյն եկեղեցիներ, պր. 1, Վաղ-պատ, 1906:

Հայկական երեք մեծ վանքերի՝ Տաթևի, Հաղարծնի և Դադի եկեղեցիները և վանական շինությունները, Երուսաղեմ, 1938:

Տեր - Վարդանյան Գ., Մեսրոպ Մագիստրոս արքեպիսկոպոս Տէր-Մովսիսեան, Ե., 1999: 


 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am