ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ, Հայր մեր, Հիսուս Քրիստոսի շնորհական աղոթքը, որ նա հայտնեց իր աշակերտներին` երանիներն ասելուց հետո (Մատթ. 6.9–13)` որպես ճշմարիտ աղոթքի օրինակ: Ասվում է (երգվում է) բոլոր խորհրդակատարությունների ժամանակ` սկզբում և վերջում, ամեն անգամ խորհրդանշելով Տիրոջ հայտնութենական խոսքն իր իսկ մասին, թե` «Ես եմ Ալֆան և Օմեղան, Սկիզբը և Վախճանը, Առաջինը և Վերջինը» (Հայտն. 22.13):

 Տերունական աղոթքը հետևյալն է. 

Գրաբարյան բնօրինակը՝

ԱՂՕԹՔ ՏԷՐՈՒՆԱԿԱՆՔ

 

Հա՛յր մեր որ յերկինս ես
սուրբ եղիցի անուն քո։
Եկեսցէ՛ արքայութիւն քո.
եղիցին կամք քո որպէս յերկինս եւ յերկրի։
Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր։
Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց։
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն.
այլ փրկեա՛ զմեզ ի չարէ։
Զի քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս
ամէն։

 

աշխարհաբար համադրությունը՝

Հա՛յր մեր, որ երկնքում ես,

սուրբ թող լինի Քո անունը,

Քո արքայությունը թող գա,

Քո կամքը թող լինի երկրի վրա,

ինչպես որ երկնքում է:

Մեր հանապազօրյա հացը տո՛ւր մեզ այսօր:

Եվ թող մեզ մեր պարտքերը,

ինչպես և մենք ենք թողնում

մեր պարտապաններին:

Եվ մի՛ տար մեզ  փորձության,

այլ փրկի՛ր մեզ չարից.

քանի որ Քոնն է արքայությունը

և զորությունը և փառքը հավիտյանս. ամեն:

  Մատթեոսի Ավետարանում Տերունական աղոթքը հետևում է երանիներին` որպես նրանց շարունակություն, իսկ Ղուկասի Ավետարանում Տերունական աղոթքը տրվում է աշակերտների խնդրանքով` «Մեզ աղոթել սովորեցրու»: Ղուկասի Ավետարանը «և մի տար մեզ փորձության»  արտահայտությունից հետո չունի «այլ փրկիր մեզ չարից, որովհետև քոնն է...» խոսքերը (Ղուկ. 11.2–4):

Տերունական աղոթքը պարունակում է յոթ ասույթ (խնդրվածք). առաջին երեքը (սուրբ լինի Քո անունը, գա Քո արքայությունը, Քո կամքը լինի...) փառաբանում են Աստծուն, մյուս չորս ասույթները  (խնդրվածքները) վերաբերում են մարդուն. մարդը խնդրում է, որ Աստված իրեն տա հանապազօրյա հացը, թողնի պարտքերը, չենթարկի փորձության և ազատի չարից: Եվ քանի որ աղոթողն իրեն ամբողջովին հանձնում է Աստծուն, ուստի և աղոթքի վերջում նրան է միայն ճանաչում հավիտենական արքա, հավերժ զորավոր ու փառավորյալ, ասելով` «Քանի որ Քոնն է արքայությունը և զորությունը և փառքը հավիտյանս. Ամեն»: Սա նաև նշանակում է, որ աղոթողը թողնում է իր կամքը, իր իշխանությունը, իր անձնական փառքը և խնդրում արարիչ ու նախախնամ Աստծո տնօրինությունը: Աղոթքի բուն առանցքն այն է, որ մեր կամքը (մեր թագավորությունը), որպես հին, ադամական ժառանգություն, վերանա, և մեր մեջ, ինչպես նաև երկրի վրա, հաստատվի Աստծո կամքն ու թագավորությունը (տես Երկնային արքայություն): Հայ մեկնողական գրականության մեջ Տերունական աղոթքն ավետարանական ամենաշատ մեկնված հատվածն է: Եղիշեն Աստծո Հայր լինելը կոչում է ամենամեծ պարգևը` տրված մարդկանց, գտնում, որ նրա անունը հենց Սուրբ է, իսկ Աստծո կամքը մարդու սուրբ լինելն է: Հիսուս Քրիստոսն է Արքան երկնային թագավորության և մեր եղբայրը, իսկ խնդրվող հացը Հիսուս Քրիստոսն է, և Վերնատանը նա ինքն իրեն է բաժանել` հաստատելով սուրբ Հաղորդության խորհուրդը: Իսկ պարտքերը թողնելը նշանակում է ողորմած լինել` արժանանալու համար Տիրոջ ողորմությանը [«Հայր մեր» աղոթքի մասին, տես Աղօթագիրք (ժող.), 2000]: Ներսես Լամբրոնացին ևս  «հանապազօրյա հացը» մեկնել է որպես Քրիստոսի մարմին, որ առաքյալները խնդրում են Հորը ` «տուր զհաց մեր»: Ժողովուրդը նույնպես աղոթում է Հորը և կենաց հացը նրանից է խնդրում, հիշեցնում որդեգրության պայմանը  և պարտքերի թողություն հայցում  (Ներսես Լամբրոնացի, «Խորհրդածութիւն Սրբազան Պատարագի», 1842): Աղոթքի մասին խոսելիս եկեղեցու հայրերն ու վարդապետները (Գրիգոր Ա Լուսավորիչ, Հակոբ Մծբնացի, Եփրեմ Ասորի, Հովհան Ոսկեբերան, Նեղոս Սինայեցի, Ստեփանոս Սյունեցի, Գրիգոր Նարեկացի, Սիմեոն Ա Երևանցի և ուր.) ուղղակի կամ անուղղակիորեն անդրադարձել են Տերունական աղոթքին, մեկնաբանել այս կամ այն արտահայտությունը կամ ենթատեքստում նկատի ունեցել Տերունական  աղոթքը: Գրիգոր Տաթևացուց պահպանվել են Տերունական աղոթքի երկու ընդարձակ մեկնություններ. մեկը Մատթեոսի Ավետարանի` Գրիգոր Տաթևացու մեկնության մեջ (Մատենադարան, ձեռ. դդ 1198, 1264, 1266, 1300), մյուսը` նրա  «Գիրք քարոզութեան որ կոչի Ձմերան հատոր...» երկում (1740): Գրիգոր Տաթևացին մանրակրկիտ, բառ առ բառ մեկնաբանել է Տերունական աղոթքը, հաճախ նույն հասկացությունը կամ բառը բացատրել տարբեր մեկնակետերից (տվել է տասից ավելի բացատրություն): Խոսելով Աստծո կամքի մասին` նա անում է ուշագրավ դիտարկումներ, որոնցից մեկն էլ հետևյալն է. Աստծո կամքը նաև այն է, որ մենք, որպես Հիսուս Քրիստոսի Մարմնի [Եկեղեցու] անդամներ, միավորվենք Գլխի [Հիսուս Քրիստոսի] հետ: Ուրեմն, «եղիցին կամք Քո» արտահայտությունը նշանակում է` Քո կամքն այն է, որ միավորվենք Քրիստոսի հետ:  «Հանապազօրյա հացը» մեկնվում է երկու իմաստներով` որպես մարմնավոր հաց և որպես հոգևոր հաց կամ կենաց հաց, որը Տիրոջ մարմինն է: «Պարտքերը» սատանայից  փոխ առնված մեղքերն են, որոնց մեջ երկար մնալու դեպքում ավելանում է պարտքի [մեղքի] չափը, ուստի և Աստծուն խնդրում ենք, որ նա ների մեր մեղքերը: Տերունական աղոթքը, ասում է Գրիգոր Տաթևացին, պարունակում է յոթ խնդրանք, որոնք օգուտ են հոգուն ու մարմնին: Այն ժամանակ ենք մեր կյանքում կենսագործում Տերունական աղոթքը, երբ  դառնում ենք Աստծո  որդիներ ու ժառանգակիցներ. այդ ժամանակ մենք սպանում ենք «չար զավակներին»  [նախանձ, բարկություն, ագահություն ևն] և ապրեցնում  «հոգևոր զավակներին» [սեր, համբերություն, ողորմություն ևն]: 

«Հանապազօրյա հացը»  ընդհանրապես մեկնաբանվում է որպես`

1. նվիրաբերում, ըստ որի` խոսքը հացի բեկման` Հաղորդության մասին է (Տիրոջ մարմնի).

2. Վախճանաբանական իմաստով, ըստ որի` խոսքը երկնային արքայության (հավերժական կյանքի) մասին է.

3. ուղղակի իմաստով` խոսքը ամենօրյա մարմնավոր հացի մասին է: «Պարտքերը» հասկացվում են հոգևոր առումով` Աստծուն տրվելիք հոգևոր պարտքերը, որոնք ներվում են, երբ մենք ներում ենք մեր  «պարտապաններին»«մի տար մեզ փորձության»` նշանակում է ապավինել Աստծուն, որը մեզ չի գցի մեր ուժերից վեր փորձության մեջ, քանի որ մեր փոխարեն փորձվել է ինքը` մեր Տերը: Տերունական աղոթքի վերջին ասույթը («Քանի որ Քոնն է արքայությունը...») փառաբանում է Աստծուն (տես նաև Օրհնություն)` եզրափակելով «ամեն»-ով, որը նշանակում է` «ճշմարի՛տ է, թող լինի՛»:
                                                                                         

                                                                                                      

Աղբյուրներ՝  

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1012-1014:

Աղօթագիրք, Երևան, 2000:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am