ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐ, քրիստոնեական եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականության համընդհանուր (տիեզերական, ընդհանրական) եկեղեցական ժողովներ, որոնց ընդունած որոշումները պարտադիր է համարում ողջ Ընդհանրական եկեղեցին: Ի տարբերություն տեղական ժողովների (տես Եկեղեցական ժողովներ), որոնք գումարվել են արդեն II դարից (Առաքելական շրջան), Տիեզերական ժողովները սկսել են հրավիրվել քրիստոնեությունը Հռոմեական կայսրության կողմից պաշտոնապես ճանաչվելուց հետո: Հրավիրվել են հռոմեական, ապա` բյուզանդական կայսրերի հրամանով, ովքեր հաճախ նախագահել են այդ ժողովներին, և նրանց համաձայնությամբ ու հավանությամբ է հաղթանակել այս կամ այն վարդապետությունը: Տիեզերական ժողովները հրավիրվել են այն ժամանակ, երբ Ընդհանրական եկեղեցու միասնությանը վտանգ է սպառնացել, և կրոն. վեճերը դարձել են սպառնալիք նաև կայսրության ամբողջականությանը: Նվիրված են եղել հիմնականում դավանության, հավատքի մաքրության և ուղղափառության պաշտպանության, աղանդավորների (տես Աղանդ) դեմ պայքարի խնդիրներին: Քննարկվել են նաև պաշտամունքի, եկեղեցու բարեկարգությանը վերաբերող հարցեր, որոնք ստացել են կանոնական իրավունք: Տիեզերական ժողովներին մասնակցել են ոչ միայն եպիսկոպոսներ, այլև` երեցներ, քահանաներ, սարկավագներ, որոնք, սակայն, չեն ունեցել վճռական ձայնի իրավունք, այլ հանդես են եկել որպես եպիսկոպոսների օգնականներ կամ խորհրդականներ: Տիեզերական ժողովները Եկեղեցու նկատմամբ պետության գերիշխանության և եկեղեցու գործերին նրա միջամտության վառ դրսևորումն էին: V դ. եկեղեց. պատմիչ Սոկրատ Սքոլաստիկոսը գրել է. «Այն ժամանակվանից, երբ կայսրերը դարձան քրիստոնյա, եկեղեցու գործերը դարձան նրանցից կախված և նրանց կամքով էին գումարվում մեծ ժողովները»: Սկսած Ա տիեզերական ժողովից հետապնդվել են պաշտոնական եկեղեցու և Տիեզերական ժողովների կողմից հերետիկոս ճանաչվածները. հետապնդումներն ուղեկցվել են պետության պատժիչ գործողություններով: Տիեզերական ժողովների որոշումները բարձրացվել են պետ. օրենքի աստիճանի: «Դադարիր Աստծո Որդու մասին մտածել այնպես, ինչպես դու ես մտածում», այսինքն` Քրիստոսին վերաբերող որոշում կարող էր կայացնել միայն տիեզեր. ժողովը, որը հասցվել է պաշտոն. դավանանքի աստիճանի և վայելել պետ. պաշտպանություն: Այդպես ստեղծվել է դոգման, ձևակերպված եկեղեցու պաշտոն. բանաձևումներով, և դրանից ամեն մի շեղում հայտարարվել է հերետիկոսություն:
Ժողովների տիեզերական կոչման, հրավիրման, եկեղեցիների պարտադիր մասնակցության, որոշումների վավերացման հարցերը կանոնացված չեն: Ոչ մի ժողովի տիեզերականություն ի սկզբանե երաշխավորված և որոշված չի եղել, այսինքն` հաճախ ժողովները տիեզերական են հռչակվել ոչ թե անմիջապես, այլ` ավելի ուշ, ինչպես, օրինակ՝ Կ. Պոլսի Բ (381) և Ե (553) ժողովները: Եվ հակառակը. կան ժողովներ, որոնք նախապես գումարվել են որպես տիեզերական, սակայն չեն արժանացել նման տիտղոսի, օրինակ, Հռոմի (341), Սարդիկայի Բ (347), Եփեսոսի Բ (449) ժողովները ևն: Պարտադիր չէ, որ Տիեզերական ժողովներին մասնակցեն բոլոր եկեղեցիները: Կ. Պոլսի 381-ի ժողովում Հռոմի եկեղեցին և ողջ Արևմուտքը ոչ մի ներկայացուցիչ չեն ունեցել, սակայն այդ ժողովի տիեզեր. հեղինակությունը ճանաչել են բոլոր եկեղեցիները: Ժողովը տիեզեր. կոչվելու համար վճռական պայման չէ նաև կայսրի կամ Հռոմի պապի կողմից վավերացված լինելը: Այսպես, Եփեսոսի 449-ի կամ Կ. Պոլսի 754-ի (պատկերամարտության դեմ) ժողովները թեև ժամանակի կայսրերը հռչակել են իբրև Տիեզերական ժողովներ, բայց եկեղեցու հայրերը մերժել են այդ ժողովների նման տիտղոսավորումը: Իսկ Կ. Պոլսի 381-ի ժողովը տիեզեր. է ճանաչվել առանց Հռոմի պապի վավերացման: Այնուամենայնիվ երկու հանգամանք, նույնպես ոչ կանոնացված, էական են որևէ ժողով տիեզերական ճանաչելու համար.
1.Սուրբ Հոգու ներշնչանքի սկզբունքի հետ կապված լինելը: Դավանաբան-աստվածաբան. տեսակետից Տիեզերական ժողովները եկեղեցում ապրող Ս. Հոգու մասն են: Եկեղեցու հայրերը հավաքվում են Ս. Հոգու թելադրանքով և նրա ոգեկոչումով` հավատալով, որ Ս. Հոգին կթողնի իր Աստվածային թագավորությունը հավաքվածների մեջ, և դավան. որոշումները կընդունվեն Ս. Հոգու առաջնորդությամբ: Տիեզերական ժողովներ ս. հայրերն ասել են միմյանց. «... հաճելի թվաց Սուրբ Հոգուն եւ մեզ» (Գործք 15.28), քանի որ այդպես են ասել առաքյալներն իրենց ժողովի (Երուսաղեմի 51-ի) որոշման մեջ:
2. Հետագա ժողովների ցուցաբերած վերաբերմունքը տվյալ ժողովի և նրա ընդունած որոշումների հանդեպ:
Տիեզերական և այդպիսին անվանված ժողովները մինչև VIII դ. կոչվել են նաև Արևելյան, քանի որ գումարվել են Արևելքի քաղաքներում (Նիկիա, Կ. Պոլիս, Եփեսոս, Քաղկեդոն), և մասնակից եպիսկոպոսներն էլ ճնշող մեծամասնությամբ կամ բացառապես եղել են Արևելքից և Արևելքի եկեղեցիներն են ներկայացրել: Մյուս ժողովները կոչվել են Արևմտյան, քանի որ միայն Արևմուտքում են գումարվել, և մասնակիցներն էլ բացառապես արմ. կաթոլիկ եկեղեցիների եպիսկոպոսներն են եղել: Ուղղափառ երկաբնակ եկեղեցիները ճանաչում են առաջին յոթ ժողովների տիեզերական հեղինակությունը:
Լատին և Հույն եկեղեցիների բաժանումից (1054) հետո Հռոմի պապերը վերականգնել են Կաթոլիկ եկեղեցու բարձրագույն հոգևորականության հավաքները` շարունակելով դրանք անվանել Տիեզերական ժողովներ: Հրավիրվել են պապի հրամանով, իսկ ընդունված որոշումները պապի հաստատելուց հետո պարտադիր են եղել բոլոր կաթոլիկների համար: Հայ եկեղեցու ներկայացուցիչները, ի թիվս այլ եկեղեցիների, որպես դիտորդներ մասնակցել են Կաթոլիկ եկեղեցու XXI (Վատիկանի II) տիեզեր. ժողովին:
Հայ եկեղեցին ընդունում է միայն երեք Տիեզերական ժողովներ` Նիկիայի Ա տիեզերական ժողով 325, Կոստանդնուպոլսի Բ տիեզերական ժողով 381, Եփեսոսի Գ տիեզերական ժողով 431, որոնց ընդունած աստվածաբան-քրիստոսաբան. սկզբունքները կազմում են Հայ եկեղեցու դավան. հիմքը: Այդ երեք Տիեզերական ժողովներում հաղթանակել է Ալեքսանդրյան դպրոցի (տես Ալեքսանդրիա) աստվածաբանությունը: Այդ ժողովները վճռել են Քրիստոսի Աստվածությունը, այսինքն` Հայր Աստծուն համագո և էակից լինելը (ընդդեմ Արիոսի, Նիկիա – 325), Որդու մշտնջենավորությունը, Ս. Հոգու Աստվածությունը, Ս. Երրորդության խորհուրդը, Մարդեղության իսկությունը, որ է Աստվածության և մարդկության միավորությունը (ընդդեմ Փոտինոսի, Մակեդոնի, Ապողինարիոսի, Կ. Պոլիս –381), Քրիստոսի բնությունների փոխհարաբերությունների և Անձնավորության, Աստվածամարդու և նրանում Աստվածայինի առաջնայնության հարցը (ընդդեմ Նեստորի, Եփեսոս – 431): Երեք ժողովների վճիռներով ամբողջացել են քրիստ. կրոնի գլխ. սկզբունքները, որոնք կազմում են ուղղափառ հավատքի հիմքը, այն է` Սուրբ Երրորդություն, Մարդեղություն և Փրկագործություն: Հայ եկեղեցու Հավատո հանգանակը կամ Հավատամքը այդ դավան. վճիռների բյուրեղացումն է: V դ. վերջին կամ VI դ. սկզբին Զենոն կայսրի «Հենոտիկոնի» ընդունումով, որտեղ հիշվում և ուղղափառ են ճանաչվում միայն երեք ժողովները, Հայ եկեղեցին ճանաչել է դրանց տիեզեր. հեղինակությունը: Իսկ VI դ. կեսից արդեն հայ դավանաբան. գրվածքներում այդ երեք ժողովները հիշվում են միասին` որպես սուրբ ժողովներ, իսկ նրանց վճիռները` որպես ուղղափառ դավանության սահման և Քրիստոսի Ընդհանրական եկեղեցու հավատքի արտահայտություն:
Տիեզերական ժողովներ
I – Նիկիայի Ա տիեզերական ժողով 325
II – Կ. Պոլսի Բ տիեզերական ժողով 381
III – Եփեսոսի Գ տիեզերական ժողով 431
«Տիեզերական» անվանված ժողովներ
V – Կ. Պոլսի II ժողով (553)
VI – Կ. Պոլսի III ժողով (680–681)
VII – Նիկիայի II ժողով (787)
VIII – Կ. Պոլսի IV ժողով (869–870)
IX – Լատերանի I ժողով (1123)
X – Լատերանի II ժողով (1139)
XI – Լատերանի III ժողով (1179)
XII – Լատերանի IV ժողով (1215)
XIII – Լիոնի I ժողով (1245)
XIV – Լիոնի II ժողով (1274)
XV – Վիենի ժողով (1311–12)
XVI – Կոստանցի ժողով (1414–18)
XVII – Բազելի ժողով (1431–49), երբեմն կաթոլիկ պատմագրությունը տիեզերական է համարում Ֆլորենցիայի ժողովը, իսկ Բազելի ժողովի առաջին 25 նիստերը դիտում է որպես նրա սկիզբ:
XVIII – Լատերանի V ժողով (1512–17)
XIX – Տրիդենտի (Տրիենտի) ժողով (1545–1563)
XX – Վատիկանի I ժողով (1869–70)
XXI – Վատիկանի II ժողով (1962–65)
Ղազարյան Ա.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1015-1017:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am