Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Տիգրան Հոնենցի եկեղեցի

 ՏԻԳՐԱՆ ՀՈՆԵՆՑԻ ԵԿԵՂԵՑԻ, Անիի  Ս .Գրիգոր  Լուսավորիչ  եկեղեցի, «Նախշլի»: Տիգրան Հոնենցի եկեղեցիԸստ շինարարական արձանագրության, կառուցվել է 1215-ին, մեծահարուստ Տիգրան Հոնենցի միջոցներով, Անիի արլ. կողմում, ձոր ալանջին: Տիգրան Հոնենցու եկեղեցին  մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճ է՝ շքեղ հարդարված արտաքին ճակատներով ու վերձիգ բազմանիստ թմբուկ ունեցող գմբեթով, որոնք մշակված են զույգ որմնասյուների վրա հանգչող նրբագեղ կամարաշարով, թռչունների և կենդանիների բարձրարվեստ հարթաքանդակներով, բուսական և հյուսածո զարդաքանդակներով: 1215–51-ի ժամանակաշրջանում Տիգրան Հոնենցու եկեղեցուն արմ-ից կցել են եռակողմ, բաց կամարներով գավիթ-սրահ, հս-ից՝ մատուռ: Եկեղեցին, գավիթն ու մատուռը նկարազարդվել են: 1261-ին եկեղեցու բեմի առաջ թաղվել է Շահնշահ Ա Զաքարյանը:  1310-ին ոմն Մատեն ջուր է անցկացրել դեպի եկեղեցու տարածքը: 

Տիգրան Հոնենցու եկեղեցու այժմ կիսավեր գավթի ու մատուռի ներսը ամբողջությամբ նկարազարդված է: Եկեղեցու գմբեթին պատկերված է  «Համբարձման» տեսարանը, թմբուկին, երկու շարքով՝ հրեշտակներ և առաքյալներ (վերևում) ու մարգարեներՏիգրան Հոնենցի եկեղեցի (ներքևում), իսկ առագաստներին՝ չորս ավետարանիչները: Խորանի  գմբեթարդին՝ «Բարեխոսության» և նրանից ցած «Հաղորդության» տեսարաններն են ու երկու շարքով սրբերի պատկերները, որոնց մեծ մասը կապված է Հայ եկեղեցու պատմության հետ. Գրիգոր Ա Լուսավորիչը, նրա որդիներ Արիստակես Ա Պարթևը և Վրթանես Ա Պարթևը, Կեսարիայի եպիսկոպոս Ղևոնդիոսը (Գրիգոր Ա Լուսավորչին ձեռնադրողը), Հռոմի պապ Սեղբեստրոսը: Խորանի կամարին առաքյալների դիմապատկերներն են: 

Մնացած որմնանկարները նվիրված են ավետարանական թեմաներին և Գրիգոր Ա Լուսավորչի վարքին (նրա հալածանքներին ու տանջանքներին, Հռիփսիմեի, Գայանեի և նրանց ընկերուհիների նահատակությանը, ապա՝ Հայաստանում քրիստոնեության տարածմանը):

Տիգրան Հոնենցի եկեղեցիՏիգրան Հոնենցու եկեղեցու որմնանկարները կատարված են արևելաքրիստոնեական արվեստի ավանդույթներով. գլխավորը գծանկարն է, օգտագործված են սահմանափակ թվով գույներ (հագեցած կապույտ, կարմիր և դեղին): 

Նկարիչները ծանոթ են եղել բյուզանդական որմնանկարչական արվեստին, այդ են վկայում անձնավորություններին դասական համաչափություններով պատկերելը, նրանց բնական կեցվածքն ու շարժումները: Գավթի ու մատուռի որմնանկարները կրում են բյուզանդական արվեստի ազդեցությունը: Գավթում դրանք պատկերում են Ահեղ դատաստանի և Քրիստոսի Երկրորդ գալստյան տեսարանները, որոնք զբաղեցնում են գավթի բոլոր պատերը, բացի արլ-ից, որի վրա պատկերված է եկեղեցու կառուցման մեկենաս Տիգրան Հոնենցը՝ Գրիգոր Ա Լուսավորչի առջև կանգնած: 


                                                                  Հասրաթյան Մ., Քոթանջյան Ն.

Աղբյուրը՝ «Քրիստոնյա  Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1014-1015:


Տես նաև՝

Ալիշան Ղ., Շիրակ, Վնտ., 1881:

Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, [հ.] 1, Ե., 1942:

Հարությունյան Վ., Անի քաղաքը, Ե., 1964:

Դիվան հայ վիմագրության, պր. 1, Ե., 1966 (կազմ. Հ. Օրբելի):

Тьерри Н., Росписи церкви св. Григория Тиграна Оненца в Ани (1215 г.), Тб., 1977;

Каковкин А., Роспись церкви Григория Тиграна Оненца в Ани (1215 г.) , ԲԵՀ,  1983, N 2;

Thierry N. et M., L’eglise Saint-Gregoire de Tigran Honenc’ a  Ani (1215), Louvain-P., 1993.

 
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am