ՏԻՄՈԹԵՈՍ ԿՈՒԶ, Էլուրոս, Ալեքսանդրացի (IV դ. վերջ – 477), V դարի հույն հակաքաղկեդոնիկ աստվածաբան, Ալեքսանդրիայի պատրիարք (457–460, 476–477):V դ. եկեղեցական կյանքի և աստվածաբանական մտքի նշանավոր դեմքերից, Ալեքսանդրյան աստվածաբանական դպրոցի ամենահայտնի ներկայացուցիչներից: Եղել է հականեստորոական (տես Նեստորականություն) և հակաքաղկեդոն. (տես Քաղկեդոնի ժողով 451) պայքարի ղեկավարներից, Ալեքսանդրիայի պատրիարքներ Կյուրեղ Ալեքսանդրացու և Դիոսկորոսի զինակիցը: Տիմոթեոս Կուզը 460-ին զրկվել է պատրիարքական աթոռից և իր եղբոր հետ աքսորվել նախ Գանգրա, ապա՝ Քերսոն: Իր աշխատությունների մեծ մասը գրել է աքսորավայրում: Մեզ է հասել դրանց շատ քիչ մասը, հիմնականում հատվածներ երկերից՝ հայերեն, ասորերեն և ղպտերեն թարգմանությամբ: Ենթադրվում է, որ հունարեն բնագրերը ոչնչացրել են քաղկեդոնականները: Տիմոթեոս Կուզի ամենահայտնի և ամբողջական պահպանված աշխատությունը  «Հակաճառութիւն առ սահմանեալսն ի ժողովոյն Քաղկեդովնի» երկն է, որը մեզ է հասել միայն հայերեն թարգմանությամբ և ասորերեն համառոտված, փոփոխված տարբերակով: «Հակաճառութիւնը» V դ. ներքրիստոնեական դավանական պայքարի ամենահիմնական աղբյուրներից է, որն արտահայտում է արևելյան ուղղափառության հոգևոր կենտրոնի՝ Ալեքսանդրիայի և նրա աստվածաբանական դպրոցի պաշտոնական գաղափարախոսությունը: 

Տիմոթեոս Կուզի գործը հայ թարգմանական գրականության ամենաարժեքավոր երկերից է, որը մեծ ազդեցություն է ունեցել հայ դավանաբան. գրականության վրա, օրինակ եղել հայ դավանաբանների համար և կարևոր դեր խաղացել Քաղկեդոնի  ժողովի նկատմամբ  Հայ եկեղեցու  դիրքորոշման հստակեցման և իր դավանության պաշտպանության գործում:  «Հակաճառութեան» նմանողությամբ հետագայում կազմվել են «Կնիք հավատո» (VII դ.) և Վարդան Այգեկցու  «Արմատ հավատո» (XIII դ.) դավանաբանական  ժողովածուները:    

«Հակաճառութիւնը» մեծ արժեք է ներկայացնում  նաև հայրաբան. գրականության տեսակետից. պարունակում է եկեղեցու հայրերի երկերից  բազմաթիվ քաղվածքներ, որոնց զգալի մասի բնագրերը չեն պահպանվել: Ուշագրավ են հատկապես աղանդավոր հեղինակների՝ Պողոս Սամոստացու (III դ.), Նեստորի (V դ.), Թեոդորետի (IV դ.) աշխատություններից կատարված քաղվածքները: 

VII դ. սկզբին Վրաց եկեղեցու քաղկեդոնականություն ընդունելու կապակցությամբ գրված Մովսես Ցուրտավեցու «Պատճառք Դ ժողովոյն երկաբնակացն» գրության մեջ  «Հակաճառութիւնը» դասակարգվել է Քաղկեդոնի ժողովը և Լևոնի տոմարը մերժող հինգ կարևոր գրությունների շարքում՝ բյուզանդական Զենոն կայսրի  «Հենոտիկոնի», բյուզ. կայսր Անաստասի, Հայոց Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսի և Անտիոքի պատրիարք Պետրոս Անտիոքացու (Թափիչ) թղթերի հետ միասին: 

«Հակաճառութեան» նպատակը շարադրված է գրքի հակիրճ նախաբանում, այն է՝ Աստծո ճշմարիտ վարդապետությունը քարոզող սուրբ և ուղղափառ հայրերի վկայություններով հերքել Լևոնի տոմարը և Քաղկեդոնի ժողովի սահմանումները՝ ապացուցելու համար, որ Ընդհանրական եկեղեցու ս. հայրերի գրվածքներում խոսք չկա Աստծո Որդի Հիսուս Քրիստոսի երկու բնությունների վարդապետության մասին: Տիմոթեոս Կուզը մեծ տեղ է հատկացրել Ալեքսանդրյան դպրոցի աստվածաբաններին՝ Աթանաս Ալեքսանդրացուն (Մեծ), Թեոփիլոսին, Ալեքսանդր Ալեքսանդրացուն, Պետրոսին և, մանավանդ, Կյուրեղին ու Դիոսկորոսին, եկեղեցու ս. հայրերի վկայություններով հիմնավորել ալեքսանդրյան դավանաբանության ուղղափառությունը:  

«Հակաճառութիւնը» բաղկացած է երկու մասից: Առաջին մասը նվիրված է Լևոնի տոմարի, իսկ երկրորդը՝ Քաղկեդոնի ժողովի սահմանումների հերքմանը: Երկում արժեքավոր տեղեկություններ են հաղորդվում Եփեսոսի 449-ի և Քաղկեդոնի ժողովների շուրջ ծավալված պատմ. իրադարձությունների, հակաքաղկեդոնական գործիչների կրած հալածանքների և այլ դեպքերի մասին: 

Տիմոթեոս Կուզի «Հակաճառութեան» հայերեն թարգմանության թվագրումը հայագիտության կարևոր խնդիրներից է. դրանից է կախված, մի կողմից՝ հունաբան դպրոցի և հունաբան թարգմանությունների սկզբնավորման, մյուս կողմից՝ Քաղկեդոնի ժողովի հանդեպ Հայ եկեղեցու դիրքորոշման և քաղկեդոնական վեճերին հայոց մասնակցության ժամանակի պարզաբանումը: Մի  շարք ուսումնասիրողներ (Ե. ՏերՄինասյան, Ն. Ակինյան, Հ. Մանանդյան, Ն.Ադոնց, Պ. Անանյան, Ժ. Գարիտ) այն տեսակետն են հայտնել, որ Տիմոթեոս Կուզի «Հակաճառութիւնը»  հայերեն է թարգմանվել VI դ. կեսին՝ 552–564-ին: Հեղինակների մեկ այլ խումբ (Կ. Տեր-Մկրտչյան, Ստ. Մալխասյանց, Գ. ՏերՄկրտչյան, Մ. Աբեղյան, Ս. Արևշատյան) գտնում է, որ երկը թարգմանվել է 480–484-ի միջև՝ Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսի օրոք: Դրա համար հիմք է ծառայել Գ. ՏերՄկրտչյանի (Միաբան) տոմարագիտ. հաշվումը: Ներկայումս հայագիտության մեջ գերակշռում է վերջին տեսակետը: 


                                                                                                    Ղազարյան  Ա.

Աղբյուրը՝  «Քրիստոնյա  Հայաստան» հանրագիտարան, գլխ. Խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1017-1018:


Տես նաև՝

Հակաճառութիւն առ սահմանեալսն ի ժողովոյն Քաղկեդովնի, աշխատասիր. Կարապետ ծ. Վարդապետի և Երվանդ Վարդապետի, Էջմիածին, 1908: 

Գիրք թղթոց, Երուսաղեմ, 1994:

Ակինյան Ն., Տիմոթէոս Կուզ հայ մատենագրութեան մէջ. քննական ուսումնասիրութիւն, Վնն., 1909:

Տեր Մկրտչյան Գ., Տիմոթէոս Կուզի Հակաճառութեան հայ թարգմանութեան ժամանակը և Սուրբ Գրքի երրորդ կամ  «Նորաբեր» հայ թարգմանութիւնը, «Արարատ», 1908, էջ 564–589, 707–708:

Նույնի, Հայ մատենագրութեան հնագոյն թուականները, «Շողակաթ», Վաղ-պատ, 1913, էջ 154–163:

Մանանդյան Հ., Յունաբան դպրոցը և նրա զարգացման շրջանները, Վնն., 1928, էջ 95–102:

Անանյան Պ., Պատմական յիշատակարան մը Դվինի Բ ժողովքի մասին, «Բազմավեպ», 1957, էջ 111–121, 1958, էջ 64–72, 117–131:

Տեր - Մինասյան Ե., Տիմոթեոս Կուզի «Հակաճառութիւն առ սահմանեալսն ի ժողովոյն Քաղկեդոնի» երկի թարգմանության ժամանակը, ԲՄ, N 5, 1960:

Աբեղյ ան Մ., Երկեր, հ. 3, Ե., 1968, էջ 647–652:

Տեր - Պետրոսյան Լ., Դասեր Հայ եկեղեցական մատենագրությունից (Ե դար), Սոչի, 1993:

Аревшатян С., Формирование философской науки в Древней  Армении (V–VI вв.), Е., 1973, с. 169–173;    

GarItt e G., La Narratio de rebus Armeniae, Louvain, 1967, p. 32–36, 163–165;

Lebon J., Version armenienne et version syriaque de Timothռe Elure, ՀԱ,1927, էջ 713–722:


 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am