ՏՆՏԵՍՅԱՆ Եղիա [29.3(10.4).1834, Կ. Պոլիս – 23.4(5.5).1881, Կ. Պոլիս], երաժիշտ-տեսաբան, մանկավարժ, տպագրիչ: Նախնական ընդհանուր և երաժշտական պատրաստությունն ստացել է Կ. Պոլսի Միջագյուղ թաղի դպրոցում: 1848-ից որպես աշակերտ-տպագրիչ աշխատել է «Սրապյան» տպարանում, հետագայում Հ. Մյուհենտիսյանի ղեկավարությամբ կատարելագործել է արհեստը, մասնագիտացել նաև հայկական և եվրոպական նոտատպության գործում: Երուսաղեմում և Ս. Էջմիածնում ուսումնասիրել է երգվող շարականները և դրանց խազագրությունը: 1864-ին Կ. Պոլսում հրատարակել է «Բովանդակութիւն նվագաց Հայաստանեայցս ս. եկեղեցւոյ» «տետրը», որտեղ, եվրոպական հեղինակների (Յո. Շրյոդեր, Շ. Վիլլոտո, Հ. Պետերման) հրապարակումներից հետո, առաջին անգամ խորագիտակորեն ներկայացրել է շարականների սկսվածքները (ձայնեղանակների լադա-ելևէջային խտացված բանաձևերը) և հատընտիր շարականներ: Տնտեսյանը եռանդուն մասնակցություն է ունեցել ազգային հոգևոր երաժշտությունը վերաձայնագրելու, կարգավորելու և հետագա խեղաթյուրումներից զերծ պահելու, ինչպես նաև ժողովրդի երաժշտագիտական լուսավորման նպատակով Կ. Պոլսում տարվող աշխատանքներին: 1869–71-ին հայկական նոտաներով գրառել է Շարակնոցն ամբողջությամբ, կազմել հայկական նոտագրության համառոտ ձեռնարկ՝ «Տարերք երաժշտության» (հրտ. 1933): Մինչկոմիտասյան շրջանի հայ երաժշտագիտության կարևորագույն նվաճումներն է ամփոփում նրա «Նկարագիր երգոց Հայաստանեայցս ս. եկեղեցւոյ...» (1874) գիրքը: Տնտեսյանը հրատարակել է նաև «Նուագք Հայկականք» պարբերականը (1879): Տնտեսյանի գործունեությունը նշանակալից հետք է թողել հայ երաժշտության տեսության բնագավառում: Հատկապես կարևոր են հոգևոր երաժշտության մոնոդիկ (մեներգեցողության) էության ընկալումն ու հետազոտումը՝ կապված այդ երաժշտության հնչյունաշարի տեմպերացիայի առանձնահատկությունների և հայկական ձայնեղանակային համակարգի (տես Ութձայն) ամբողջականության հետ: Տնտեսյան գիտահետազոտական և գործնական ձեռնարկումներն ուղղված են եղել ազգային երաժշտության ինքնուրույնության ու ինքնատիպության հաստատմանն ու պահպանմանը:
Աթայան Ռ.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. Խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1020-1021:
Տես նաև՝
Հիսարլյան Ա., Պատմութիւն հայ ձայնագրութեան..., ԿՊ, 1914:
Աթայան Ռ., Հայկական խազային նոտագրությունը, Ե., 1959:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am